
«Պսևդոբնապահպանությունը»՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի իրական «մարտական ուղղություն»

Նիկոլ Փաշինյանն Ալլթայում մասնակցել է բնության ու շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով համաժողովին, ունեցել ելույթ, խոսել Հայաստանում բնապահպանությանն ուղղված քայլերի մասին:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում չի խոսել այդ ոլորտում Հայաստանի առաջ եղած մեկ այլ ռիսկի մասին, որը չի տեղավորվում «դասական» պատկերացումների շրջանակում, սակայն անմիջականորեն առնչվում է թե ոլորտին, թե Հայաստանի ազգային անվտանգությանն ընդհանրապես:
Խոսքը Հայաստանում մի երևույթի մասին է, որը հնարավոր է որակել «պսևդոբնապահպանություն», երբ բնության և շրջակա միջավայրի պահպանության անվան տակ ծավալվում է ոչ այլ ինչ, քան պարզապես Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի ուղղություն: Ընդ որում, Հայաստանում քաղաքական նկատառումներով հաճախ է օգտագործվում այդ եզրը՝ «հիբրիդային պատերազմ», և այդ ձևակերպումը հենց քաղաքական իշխանության հռետորաբանության «առաջնագծում» է: Բայց, քաղաքական նպատակահարմարությունից բխող այդ ձևակերպման հաճախակի գործածության ֆոնին՝ մեծ հաշվով, անուշադրության է մատնվում դրա իրական դրսևորումներից մեկը՝ «պսևդոբնապահպանությունը»:
Հայաստանի պատմության վերջին երկու տասնամյակի ընթացքում այդ երևույթն ունեցել է բուռն «վերելք»: «Բնապահպանական» դրոշի ներքո դաշտում են հայտնվում մարդիկ ու խմբեր, որոնք չունեն բնության ու շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կայուն զարգացման կարևորագույն խնդիրներն արծարծելու համար անհրաժեշտ թե համապատասխան կրթություն, թե փորձառություն: Ավելին, նրանցից շատերը Հայաստանում են հայտնվել ու հայտնվում «գաստրոլյորի» տրամաբանությամբ, «փայլատակում» են այս կամ այն «բնապահպանական» թեմայով և հեռանում: Հետո գալիս են նոր «գաստրոլյորներ»:
Ընդ որում, որպես կանոն, «հյուրախաղերի փայլատակումը» վերաբերում է թեմաների, որոնք առնչվում են Հայաստանում տնտեսական որևէ շատ թե քիչ նշանակալի նախագծի, ներդրումային որևէ ծրագրի հետ: Ծրագրերը բարեհաջող «տապալելուց» հետո ամեն ինչ խաղաղվում է: Այդ «ցիկլայնությունն» առավել ևս վկայում է, որ «պսևդոբնապահպանությունը» Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի իրական «մարտական ուղղություններից» է:
Դրա նպատակը ոչ թե Հայաստանի բնությունն ու շրջակա միջավայրն ավելի պաշտպանված դարձնելն է, այլ Հայաստանը տնտեսապես ավելի անպաշտպան դարձնելը: Որովհետև բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության իրապես բարձր և մասնագիտորեն մշակված ստանդարտները թանկ հաճույք են: Հետևաբար՝ պաշտպանված բնություն և շրջակա միջավայր, մարդկային կայուն զարգացման արդիական համակարգ ունենալու համար պետք է ունենալ դրա ստանդարտները սպասարկելուն միտված տնտեսություն: Իսկ այդպիսի տնտեսություն ունենալու համար պետք են խոշոր ներդրումային ծրագրեր, խոշոր արդյունաբերություն:
Այլ կերպ ասած, բնապահպանության բարձր ստանդարտներն իրականում բավականին կշիռ ունեցող ծանրաձող են ցանկացած տնտեսության համար, որը բարձրացնելու համար տնտեսությունը պետք է ինքը լինի ծանրքաշային:
Մինչդեռ «պսևդոբնապահպանության» հետևանքն այն է, որ Հայաստանը չունի թե բնապահպանության ու շրջակա միջավայրի պաշտպանության կայուն և արդիական համակարգ, թե այդպիսի համակարգի ձևավորման ու կայացման համար անհրաժեշտ տնտեսական բավարար քաշ: Որովհետև «պսևդոբնապահպանության» բուն նպատակը ոչ թե մարդկային կայուն զարգացման համար անհրաժեշտ համակարգի ձևավորման ուղղությամբ խոշոր արդյունաբերողների հետ գործընկերային աշխատանքն է, այդ թվում՝ մասնագիտական բանավեճի տրամաբանությամբ, այլ խոշոր տնտեսության հետ կոնֆլիկտի մեջ մտնելն ու խոշոր տնտեսության, արտաքին ներդրումների նկատմամբ հանրային անվստահություն ու մերժում առաջացնելը:
Պատկերացնելու համար, որ սա ազգային անվտանգության նշանակություն ունեցող հարց է, բավարար է պարզապես կանոնավոր կերպով հետևել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, քաղաքականությանը: Մի կողմից՝ սեփական տնտեսության համար ներգրավելով խոշոր արդյունաբերական ներդրումներ, այդ թվում, օրինակ, նաև հանքարդյունաբերության ոլորտում, մյուս կողմից՝ Ադրբեջանն ուղղակի և անուղղակի՝ հիբրիդային մեթոդներով և «պսևդոբնապահպանությանը» բնորոշ մտացածին մեղադրանքներով թիրախավորում է Հայաստանի համապատասխան ոլորտները:
Իսկ ազգային անվտանգության նշանակություն ունեցող հարցը պահանջում է պետական քաղաքականություն, հիբրիդային գրոհները հետ մղելու, միևնույն ժամանակ՝ տնտեսության և մարդկային կայուն զարգացման միջավայրի ռազմավարական ներդաշնակություն ապահովելու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ