Փակե՛ք ՊԵԿ-ը. Արգիշտի Քյարամյանի հիմնարկը լրիվ հերիք է նաև հարկահավաքության համար

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին հաջող ձևով հիմնավորում է, որ հարկահավաքության հույժ կարևոր գործը բավականին լավ իրականացնում է իր նախկին գործընկեր, իսկ այժմ՝ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի միջոցով:

Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը Ռուստամ Բադասյանի անմիջական ղեկավարության ներքո զբաղեցրել է իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

Հարկային ոլորտում իրավախախտում հայտնաբերելու դեպքում ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական ծառայության աշխատակիցները ենթադրյալ իրավախախտի վերաբերյալ նյութերը, այսինքն՝ իրավախախտման վերաբերյալ փաստեր, ապացույցներ ներկայացնում են ոչ թե ՊԵԿ-ի համապատասխան ծառայություններին, որպեսզի պարզեն թաքցված հարկային պարտավորության առկայության փաստը և զբաղվեն թաքցված հարկային պարտավորության գանձման գործընթացով, այլ միանգամից տանում են Բադասյանի ընկերոջ հիմնարկ` Քննչական կոմիտե, որ տվյալ իրավախախտի հարցերը տնավարի լուծեն, շատ արագ, պարզ, հարմար, երկուստեք շահավետ եղանակով:

Իսկ պետական բյուջե գանձվող գումարներն այնքան տարատեսակ են դարձել, որ գանձապետարանում արդեն շփոթ է առաջացել, որովհետև Քննչական կոմիտեում պետական բյուջե գանձվող բոլոր միջոցները «ՎՆԱՍ» են կոչում:

Կարդացեք նաև

Մինչդեռ, եթե կա հարկային ապառք, թերի վճարված հարկ, մաքսավճարի և մաքսանենգության հետ կապված հարցեր, որոնք ոչ թե վնաս են, այլ չկատարված պարտավորություններ, ապա դրանց գանձման հարցերով պետք է զբաղվի Ռուստամ Բադասյանի ղեկավարած հիմնարկը, ոչ թե վերջինիս ընկերոջ ղեկավարած Քննչական կոմիտեն, որ մի հատ էլ պարգևատրվեն ՊԵԿ-ի կողմից:

Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ տնտեսական բնույթի հանցագործությունների ոլորտում հարկային և քննչական մարմինների արատավոր պրակտիկան վերացնելու փոխարեն՝ արդարադատության նախարարի տեղակալ նախկին քննիչն իրավական ակտի նախագիծ է շրջանառում բյուջետային հաշիվների վերաբերյալ:

Իսկ սարսափելին այն է, որ զեկուցումը լուրջ դեմքով լսող որևէ մեկի մոտ հարց չառաջացավ` իսկ հարկերը սովորաբար գանձապետարանի ո՞ր հաշվին են վճարում և ինչպե՞ս:

Պետությանը պատճառված գույքային վնասի հասցեատերը ՀՀ ֆինանսների նախարարությունն է և ոչ թե իրավապահ մարմինները և նույնիսկ դատախազությունը, որն առանձնանում է դատարաններից կալանք կորզելու մոլուցքով: Դատախազությունից, իհարկե, սպասելիք չկա. ավելի «կարևոր» գործեր ունեն…

Մի առիթով գրել էինք, որ Քննչական կոմիտեն այնքան էր հեռու գնացել իրեն չվերապահված այս ոլորտում, որ քաղաքացիաիրավական պայմանագրերը գնահատում էր որպես հարկերից խուսափելու նպատակ հետապնդող կամ նման նպատակ չհետապնդող շարժառիթ, ապա որպես դարի սենսացիա՝ այն մատուցում լրատվամիջոցներին:

Նորից չէինք հիշի քրեադատավարական այս կամայականությունների մասին, եթե ՊԵԿ-ը իրավական ակտերի նախագծերի կայքում չդներ իրավական ակտի նախագիծ, որով ՊԵԿ-ը (պետք է նկատի ունենալ նաև Քննչական կոմիտեն։- Գ.Ս.) իրավունք էր ստանում գնահատել հարկ վճարողի վարքագիծը, ոչ թե քրեական և վարչական օրենսդրության տեսանկյունից, այլ, որպեսզի պարզվի, թե ինչքանով է այս սուբյեկտը սիրում և հարգում պետական բյուջեն և ինչքան է հերոս՝ որպես հարկատու:

Նախագծի համառոտ նկարագրության մեջ որպես հիմնավորում է ներկայացվել այն գաղափարը, իբր թե նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպությունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Հետո մեջբերումներ են արվել Եվրոպական միության ինչ-որ դիրեկտիվներից, զարգացած տնտեսություն ունեցող Եվրամիության անդամ երկրների հարկային օրենսդրություններից, որոնք բացարձակ կապ չունեն վերը նշված հիմնավորման հետ:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիմնավորումների վրա տարբեր մարդիկ են աշխատել: Առաջին խումբը նախագծի իրական նպատակի քողարկման վրա է աշխատել, իսկ երկրորդ խումբը փորձել եվրոփաթեթավորումն ապահովել: Սակայն ուշագրավն այն է, որ կայքում նախագծի վերաբերյալ կարծիքները եթե ամփոփվեն, ապա կստացվի կառավարության աշխատանքի ընդհանրական գնահատականը, որն այնքան էլ հաճելի չի լինի կառավարության նիստերն ինքնագովազդի վերածած անձանց համար:

Հ.Գ. Մի հետաքրքիր օրինաչափություն է ի հայտ գալիս իշխանության վարքագծին հետևելիս. ինչքան շատ են «աշխատում», այնքան ժողովրդի վիճակը ծանրանում է, ինչքան շատ են խոսում ժողովրդավարությունից, այնքան ոստիկանները կատաղած գազանի վարքագիծ են դրսևորում, ինչքան հոգատարություն են ցուցադրում, այնքան կորուստներ ենք կրում` նյութական և բարոյական:

Տեսանյութեր

Լրահոս