Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Անիտա Դեմիտրիուին։
Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի խոսնակին դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին լինելու և Հայաստանին ցուցաբերած աներկբա աջակցության համար, ինչը դրսևորվել է խորհրդարանի կողմից ընդունված մի շարք բանաձևերում, հայտարարություններում և Կիպրոսի խորհրդարանի նախագահի հայտարարություններում: ՀՀ դեսպանն ընդգծել է նաև այդ ջանքերում խոսնակի անձնական դերակատարությունը և հայտնել հայկական կողմի երախտագիտությունը:
Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանը Անիտա Դեմիտրիուին է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը և նախաձեռնությունները:
Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության և խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկկողմ հարաբերությունների խթանման և փոխաջակցության համատեքստում:
Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։