Ինչո՞ւ էին G7-ի առաջնորդները ոտքի կանգնել. երբ վերացնում ես հոգևորը, քաղաքակրթականից մնում է միայն կմախքը. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էլի երկար է, շնորհակալություն համբերություն ցուցաբերողերին
Մի քանի օր առաջ G7-ի իտալական վեհաժողովին ներկայացել էր Հռոմի Պապը՝ անվասայլակով, քանի որ ունի ոտքերի հետ կապված խնդիր: Հռոմի Պապն անվասայլակով շրջում էր ընդլայնված վեհաժողովի կլոր սեղանի շուրջ, իսկ գերտերությունների առաջնորդները ոտքի կանգնած սպասում էին, որպեսզի նա մոտենա և ողջունի իրենց:
Ի՞նչ եք կարծում, նրա ողջույնին կանգնած սպասում էին, որովհետև Հռոմի Պապն ունի միջուկային կոճակ և սահմռկեցուցիչ քանակի ու զինվածության դիվիզիանե՞ր: Իհարկե ոչ: Ոտքի վրա կանգնած սպասում էին ողջույնին, որովհետև նա Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է, ըստ էության համաշխարհային քրիստոնեության առաջնորդը, համաշխարհային ավանդապաշտպանության և սերունդների ու դարերի հոգևոր-քաղաքակրթական կապի մարմնացումը:
Դրան են համաշխարհային ֆինանսական տներն ի պահ տվել իրենց ահռելի փողերը, նստացրել Պապին այդ փողերի վրա և մյուս բոլորին հանել ոտքի՝ Պապի առաջ:
Ոտքի են կանգնել, որովհետև շա՞տ են սիրում Պապին: Ոչ, ոտքի կանգնածների ճնշող մեծամասնությունը գուցե զզվում է նրանից, գուցե ոտքի կանգնելու փոխարեն ոտքով կհարվածեր անգամ, եթե ձեռքից գար:
Նրանք ոտքի են կանգնած խորքային առումով ոչ թե բուն Պապի, այլ սերունդների ու դարերի այդ հոգևոր-քաղաքակրթական կապի առաջ: Երբ վերացնում ես հոգևորը, քաղաքակրթականից մնում է միայն կմախքը, տալով ցանկացած քաղաքակրթության սարսափելի տեսք ու բնույթ:
Իհարկե, միայն երեխան կմտածի, որ հոգևոր կապի մարմնացում՝ Պապի ու եկեղեցու ինստիտուտը անբասիր է այնքան, որքան մատուցվում է ուսմունքով: Չկան անբասիր ինստիտուտներ, ցավոք սրտի, սկսած կառավարություններից, մինչև տարատեսակ ոչ կառավարական կառույցներ և ընդհուպ մեծապատիվ բարեգործական կազմակերպություններ:
Երբ լուծումների համար փնտրում եք անբասիր կղզյակներ, դուք չեք գտնի ոչ կղզյակ, ոչ էլ լուծում: Լուծումները ծնվում են միջավայրը իր առաքինությունների ու արատների ամբողջ համակարգով ճանաչելու ազատությունից:
Ինչու՞ բերեցի Հռոմի Պապի և G7-ի ընդլայնված Վեհաժողովի օրինակը:
Համաշխարհային տերությունների, միջուկային գերտերությունների առաջնորդները չե՞ն հասկանում, որ եկեղեցին ու եկեղեցապետը չպետք է խառնվեն քաղաքականության գործերին, թե՞ չգիտեն, թե ինչ գործերի մեջ է թաթախված օրինակ Սուրբ Աթոռը:
Երբ խոսվում է քաղաքակրթությունների հոգևոր-արժեհամակարգային ամբողջության մասին, որպես ժամանակակից աշխարհում ինքնության ձևավորման աներկբա նախապայման, այդ խոսակցությունը պետք չէ շփոթել ինստիտուտների իդեալականացման հետ, տվյալ պարագայում՝ եկեղեցու, և մեր դեպքում՝ մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու հետ: Եվ առավել ևս պետք չէ շփոթել եկեղեցու առաջնորդողների իդեալականացման հետ, եկեղեցու և նրանց անքննելիության հետ:
Բուն հարցը ինքնության կառուցվածքի և առաջնահերթությունների դաշտում է:
Ինստիտուտների որակի խնդիրը պետք է, և կարող է գալ միմիայն դրանից հետո: Սայլը ձիուց առաջ կապելու դեպքում, քանդվելու են թե ինստիտուտները, թե ինքնությունը, և այդժամ փլուզվող ինստիտուտները հանրային մարտահրավեր են դառնալու ամենևին ոչ իբրև անարդյունավետ կամ խնդրահարույց իրենց որակով, այլ արդեն իբրև փլատակներ, որոնք չեն մաքրվելու երբեք, ըստ այդմ ոչ թե ճանապարհ բացելով դեպի ստեղծագործ ինքնիշխանություն, այլ հասարակության գոյությունը դատապարտելով փլատակներից ազատվելու «սիզիփոսյան աշխատանքի» ռեժիմի»: