Հայաստանում կհյուրընկալվեն գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» նախագծի մասնակից գրողները
Գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն գրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Նրանց կմիանան նաև Հայաստանի իրենց գործընկերները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը նշեց, որ նախագծի նպատակն է երկխոսություն սկսել հեղինակների միջև, կապեր հաստատելու հնարավորություն տալ, միմյանց ստեղծագործությունները ճանաչելի դարձնել լայն հասարակության շրջանում։ Նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլիի հետ Գյոթե ինստիտուտը 2023 թ․ հունիսից սկսած իրականացնում է տարատեսակ քննարկումներ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Ռումինիայից և Ուկրաինայից մասնակցող գրողների հետ։ Հերթական հանդիպումը կայանալու է Հայաստանում։
«Միջոցառման մեկնարկը հունիսի 23-ին է։ Գրողները 5 օր լինելու են Սևանում, Դիլիջանում, Երևանում, հնարավորություն կունենան ինտենսիվ աշխատելու, գրելու, քննարկումներ ծավալելու։ Միջոցառումը միայն գրողների միջև կապերը հաստատելուն նպաստելը չէ, այլև գրականության տարածմանն աջակցելն է։ Այս տարածաշրջանը շատ խորը ու բազմակողմ պատմություն ունի, որն արժանի է ուշադրության՝ հատկապես այս բարդ իրավիճակում»,-ասաց Յան-Թագե Քյուհլինգը։
«Արի գրականության հիմնադրամ»-ի տնօրեն Արևիկ Աշխարոյանը նշեց, որ այս տարի նախագծի համադրող, գերմանացի գրող, լրագրող Լաուրա Ցվիրտնիան միջոցառման շրջանակում կներկայացնի իր դեբյուտային վեպի հայերեն թարգմանությունը։
«Գիրքը կոչվում է «Դրսում մեր անուններն ուրիշ են»։ Լաուրա Ցվիրտնիան ունի հայկական արմատներ, պապը Ստամբուլից է։ Գրքում ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։ Իրադարձությունները մասամբ ծավալվում են Ստամբուլում, Հայաստանում, Գերմանիայում։ Այսինքն՝ այդ 3 մշակույթի խառնուրդը հեղինակը ներկայացնում է մեկ պատմության համատեքստում»,-ասաց Արևիկ Աշխարոյանը։
Հայաստանից «Սևծովյան պատմություններ» ծրագրին մասնակցում են Արմեն Հայաստանցին, Անուշ Քոչարյանը։ Վերջինս փաստեց, որ ծրագրի շրջանակում արդեն եղած հանդիպումները տալիս են իրենց արդյունքները։
«Մասնակիցները ծրագրից դուրս արդեն միմյանց հետ աշխատում են։ Օրինակ՝ այդ կապերի շնորհիվ իմ աշխատանքը թարգմանվում է վրացերեն, Վրաստանից Արչիլ Քիքոձեի 2-րդ գիրքը լույս է տեսել հայերենով»,-ասաց Անուշ Քոչարյանը։
Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացնում հայ ստեղծագործողների աշխատանքները հանրայնացնելու, նոր կապեր հաստատելու ուղղությամբ։ Այդ համատեքստում առաջիկայում նախատեսում են կազմակերպել առցանց հանդիպում, կընդգրկվեն գրողներ, հրատարակիչներ, թարգմանիչներ։ Ծրագրի ավարտին էլ լույս է տեսնելու գրքույկ, որտեղ ներկայացվելու են մասնակից երկրների, այդ թվում Հայաստանի ստեղծագործողների աշխատանքները։