Հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ բարձրացվո՞ւմ է արդյոք Ռուբեն Վարդանյանի հարցը. Զախարովայի սուր հռետորական հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկություն չունի՝ հայ-ադրբեջանական բանակցություններում շոշափվո՞ւմ է արդյոք օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու և այնտեղ խոշտանգումների ենթարկվելու հարցը։

«Ես չեմ տեսել՝ հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է ՌԴ քաղաքացի չհանդիսացող Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Եթե տեղեկատվություն տրամադրեք, ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ այդ մասին», – ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասել է Զախարովան։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, ուստի նման հարց պետք է ուղղել Բաքվին և Երևանին։

2023 թվականի սեպտեմբերից Վարդանյանն ապօրինաբար կալանքի տակ է գտնվում Բաքվի բանտում։ Այս տարվա ապրիլին նա հացադուլ էր հայտարարել։ Օրերս Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ նա խոշտանգումների է ենթարկվել պատժախցում և այդ կապակցությամբ հրատապ դիմում է ուղարկվել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։

Ռուսաստանցի միլիարդատեր, ներդրող և բարերար Ռուբեն Վարդանյանը 2021 թվականի հունիսին հայտարարել էր, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն և մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին (այդ խնդրանքը բավարարել էր ՌԴ նախագահը նույն թվականի դեկտեմբերին) և մշտական բնակության է տեղափոխվել Արցախ։ Նոյեմբերի սկզբին նա դարձել էր Արցախի Հանրապետության պետնախարար՝ թողնելով այդ պաշտոնը 3,5 ամիս անց (2023 թվականի փետրվարին)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930