Դատավոր լինելն ամեն մարդու բան չէ. Հայրենիք VS Նիկոլ Փաշինյան

Երեկ Քննչական կոմիտեն (ՔԿ) ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 47 քրեական վարույթ, որոնց մի մասը միացվել են ընդհանուր վարույթներում։

Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 58 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ, կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը։

Կարդացեք նաև

Վիճակագրությանը հետևողները կարող են նշված հղմամբ մանրամասն ծանթանալ թե 58 անձանցից յուրաքանչյուրին ինչ հանցանք է մեղսագրված:

Հիմնականում մարդիկ կալանավորվել են ոստիկանների ուղղությամբ պլաստմասսե շիշ (մեծ մասամբ՝ դատարկ.- Գ.Ս.) նետելու համար, որոնք հիմնականում տեղ էլ չեն հասել: Շշերն էլ նետել են այն բանից հետո, երբ մարդկանց ոտքերի տակ, ասենք, լուսաձայնային նռնակներ են նետվել:

«Քննչական կոմիտեից դատարան ներկայացված տեսագրությունից հետևում է, որ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը) լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասսե շիշ և նետում առաջ։

Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է»,- արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն է այս մասին հայտնել իր ֆեյսբուքյան էջում ու հավելել՝ 2 անչափահաս երեխաների հայր, Արցախյան մի քանի պատերազմների մասնակից երիտասարդին խուլիգանության մեղադրանքով կալանավորել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը:

Ջոն Հայրապետյան դատավորին 168.am-ն ավելի վաղ անդրադարձել է: Այս երիտասարդ դատավորի հետ մասնագետները մեծ հույսեր էին կապում, կարծում էին՝ կարող է իրեն կերտել՝ որպես անկախ ու անաչառ դատավոր: Ցավալի է, բայց չստացվեց:

Ջոն Հայրապետյանի հետ նաև հույսեր էր կապում «կարենանդրեասյանական արդարադատությունը»: Այ, իր մոտ ստացվեց խոստումնալից, խարիզմատիկ երիտասարդ դատավորից ստանալ «ապագա Մացո»:

Ի դեպ, Երվանդ Աղաբալյանի պաշտպանը՝ Ռոման Երիցյանը, «Հրապարակի» հետ զրույցում պատմել էր.

«Այն ժամանակ, երբ ցուցարարներից մեկի ձեռքը պոկվել ընկել է` նռնակի պայթյունի հետևանքով: Իսկ պաշտպանյալս այդ պահին զայրացել է ուղղակի` դատարկ շիշ է եղել գետնին ընկած, նորից շեշտենք` պլաստմասսե, շիշը պարզապես նետել է՝ ցույց տալով իր զայրույթը: Դրանից անցել երկու-երեք օր, ոստիկանությունը նրան ձերբակալում է: Նման տեսարաններին ականատես լինող մարդը կարող է հայտնվել ծանր հուզական վիճակում, սակայն դա չի կարելի համարել հանցագործություն, այն էլ՝ ծանր… 13 ոստիկան հարձակվում են, մի արցախցու ծեծում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ոչինչ չեն անում, արցունքաբեր գազ են կիրառում` քաղաքացին կուրանում է, էլի ոչ մի բան, մարդը ձեռքը կորցնում է՝ կրկին ոչ մի բան, Աբրահամ Գասպարյանին առանձնակի դաժանությամբ ծեծում են՝ ոչ մի բան, այլ ցուցարարի ողերն են կոտրել՝ կրկին ոչ մի բան, բայց դատարկ պլաստմասսե շիշ նետելու համար, երբ այն անգամ ոչ մի ոստիկանի չի կպնում, կալանավորում են: 15 ոստիկան այս գործով տուժող է ճանաչվել: Մարդն ամեն ինչ կորցրել է, Հայաստան է եկել, ունի երկու երեխա»:

Իսկ 2 օր առաջ կալանավորվեց ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը: Վերջինս մեղադրվում է ցույցերին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ: Կալանավորվեց 2 ամսով:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը, ով դատավոր է դարձել 2019թ., ամբողջովին բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:

Արմինե Մելիքսեթյանից շատ բան չկա պահանջելու. նրա ամուսինը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է, ներկայումս զբաղեցնում է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ինքն էլ յուրահատուկ կապվածություն ունի ոստիկանության հետ. մինչ դատավոր դառնալը ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան:

Արմինե Մելիքսեթյանը կալանավորել է հնչեղ գործերով անցնող այնպիսի անձանց, ինչպիսիք են՝ Արմեն Չարչյանը և Արա Սաղաթելյանը:

Գերասիմ Վարդանյանը միակը չէ, ում հայրենիքի հանձնմանը դեմ լինելու համար կալանավորել է Արմինե Մելիքսեթյանը: Լևոն Սաֆարյանը ևս նրա որոշմամբ կալանավորվել է 2 ամսով:

Բնականաբար, կալանքներ են դակել նաև Կարեն Ֆարխոյանը, Մասիս Մելքոնյանն ու Դավիթ Արղամանյանը, Հովհաննես Ավագյանը: Յուրաքանչյուրը, իհարկե, իր պատճառներն ու վախերն ունի, սակայն դրանք ոչինչ են վաղը հայրենիք ու պետություն չունենալու սարսափի դեմ: Մնում է, որ այս և մյուս դատավորները գիտակցեն այս պարզ ճշմարտությունը:

Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ օգտագործելու է այս պահին իր միակ հզորագույն զենքը՝ Արգիշտի Քյարամյան-Աննա Վարդապետյան դուետի տեսքով, ովքեր ում պետք է, կկալանավորեն ու աչքն էլ չեն թարթի, բայց կկալանավորեն, ամեն դեպքում, դատավորների միջոցով: Այնպես որ, ընտրությունը դատավորներինն է: Իսկ դատավոր լինելը, փաստորեն, ամեն մարդու բան չէ:

Տեսանյութեր

Լրահոս