Ռուսաստանը կհրաժարվի՞ զենք մատակարարել Երևանին. պատասխանում է Զախարովան

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը և այն լուրերին, թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ ցանկացած բանակցությունից։

Ավելի վաղ Գալուզինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնար կդարձնի ՌԴ–ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը:

Զախարովան կոչ է արել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասով դիմել պրոֆիլային գերատեսչություններին։

Նրա խոսքով՝ երրորդ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է հատուկ ռազմական գործողության կարիքների հաշվառմամբ, ինչի մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս խոսել է:

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև մեր մյուս գործընկերների։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, ապա մենք դրանցից չենք հրաժարվում. դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից պահանջներ չենք տեսել»,- ասել է Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս