Հարկեր, շաաատ հարկեր, ավելի շաաատ հարկեր. հրամայված է՝ ՔԵՐԹԵԼ
Հայաստանի իրավական և դատաիրավական համակարգի դիտարկումն անհնար է ընկալել առանց լավ զարգացած հումորի առկայության, հակառակ պարագայում լուրջ հոգեբանական ցնցումներն անխուսափելի են:
Քննչական կոմիտեի ու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) համատեղ հարկահավաքությունը
Ո՛չ դատախազությանը, ո՛չ մարդու իրավունքների պաշտպանին, ո՛չ երբեմնի «իրավապաշտպաններին» չի հետաքրքրում, որ Քննչական կոմիտեն ՊԵԿ-ի հետ զուգահեռ՝ զբաղվում է հարկահավաքությամբ, և Քննչական կոմիտեի՝ գովազդային բնույթ կրող մամուլի հաղորդագրություններում հայտնված անձինք ըստ էության փրկագին են վճարում իրենց ազատության համար, որովհետև հարկային պարտավորության առկայությունը և չափը որոշվում է ՔԿ քննիչների կողմից և ոչ թե Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պետական եկամուտների հավաքագրմամբ լիազորված պետական մարմնի` ՊԵԿ-ի կողմից: Իհարկե, ազատությունից զրկվելու վտանգը կարենանդրեասյանական արդարադատություն իրականացնող դատարանների կողմից բավականին իրատեսական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դատարանը մինչև դատական ակտը դատավարության մասնակցին տալը այն առաջնահերթ տրամադրում է Դատական դեպարտամենտին` այն «մեկնաբանելու» և մարդկանց «հասկանալի» դարձնելու համար:
Սա դեռ ոչինչ, ՊԵԿ-ում և Քննչական կոմիտեում սովորել են կարդալ մարդկանց մտքերը և գուշակել նպատակները: Մամուլում հաղորդագրություններ են տարածվում, որ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով այս կամ այն անձը կնքել է պայմանագրեր, կատարել գործարքներ: Արդեն հասել ենք նրան, որ հայկական բիզնես միջավայրը և առանց իշխանության հովանավորության գործարարությամբ զբաղվողներն արդեն օրենքով չարգելված որևէ գործարք կնքելուց և կատարելուց առաջ պետք է ՊԵԿ-ի կամ ՔԿ-ի իրական շահառուներից ճշտեն` արդյո՞ք տվյալ գործարքը հարկերից խուսափելու նպատակ է հետապնդում: Այսինքն՝ Հայաստանում պետք է կնքվեն միայն այնպիսի գործարքներ, որոնց արդյունքում ինչքան հնարավոր է շատ հարկ առաջանա:
Այն, որ մինչ ՔԿ-ի հետ միավորվելը ՊԵԿ-ի քննիչներն իրենց երևակայությամբ Գրողների միության անդամության հավակնորդներ էին և պետական բյուջե գումարներ բերելու անվան տակ իրականում ահաբեկում էին տնտեսվարողներին, բոլորին էր հայտնի: Բայց որ անձանց բիզնես գործունեությունը, եթե բավարար չափով հարկեր չի գոյացնում, ապա հանցանք է դիտվում, նոնսենս է, և այս երկրում ապրելն այլևս վտանգավոր է դառնում:
Մինչ ՔԿ-ի հետ միավորվելը ՊԵԿ-ի քննչական մարմինը ոչ միայն հարկատուից հարկ կորզելու գործիք էր, այլև որպես մահակ էր ծառայում ըմբոստ հարկատուներին քրեական արդարադատության միջոցով հնազանդեցնելու և/կամ ունեզրկելու համար:
Արդեն Քննչական կոմիտե տեղափոխված այս կառույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրություններն ու պետական բյուջե գումարներ մուտքագրելու վերաբերյալ ինքնագովազդային նյութերը ցույց են տալիս, որ բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել, նույնիսկ նրանց նստավայրի հասցեն չի փոխվել:
Հեղափոխական ղեկավարները հեղափոխական չէին լինի, եթե ավելի առաջ չգնային և չկատարելագործեին գործարարներին և նրանց հետ որևէ բարեկամական կամ ընկերական կապ ունեցող անձանց ունեզրկելու մեխանիզմները:
Հայաստանի օրենսդրություն ներմուծված «իրական շահառու», «իրական սեփականատեր» եզրույթները թույլ են տալիս առանց էական ջանք թափելու անտեսել ինչպես Սահմանադրության պաշտպանության տակ գտնվող սեփականության իրավունքը, այնպես էլ այլ հիմնարար իրավունքներ:
Զավեշտալին այն է, որ այս ամենով հանդերձ՝ պարեկների ու հակակոռուպցիոն մարմինների հովանավոր Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատունը՝ ի դեմս դեսպանի և մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պատասխանատու Եվրամիության ներկայացուցիչների՝ արձանագրում են տարածաշրջանում Հայաստանի ժողովրդավարության բաստիոն լինելը:
Դատավորներին տրվող ազդակները կառավարության նիստում կամ Հ1-ի եթերում
Եվ չի կարող չծագել մյուս հարցը. ինչպե՞ս են ժողովրդավարության բաստիոնում կարողանում անպատիժ ոտնահարել մարդու իրավունքները:
Ի վերջո, ո՛չ ոստիկանները, ո՛չ քննիչները, ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարողները, և ո՛չ էլ դատախազները մոլագարներ չեն, որ ինքնակամ, առանց անպատժելիության երաշխիքներ ունենալու՝ գնան ակնհայտ ապօրինությունների:
Ավելին, այդ շղթայի բոլոր մասնակիցները վստահ են, դատարանները լոյալ են լինելու իրենց նկատմամբ` կոծկելով իրենց արարքները, և ոչ մի ոստիկան, քննիչ ու դատախազ չեն պատժվելու: Չեն պատժվելու նաև իշխանությանը հաճո դատավճիռներ ու ապօրինի կալանքի որոշումներ կայացրած դատավորները:
Նույնիսկ մարտի 1-ի դեպքերով ՄԻԵԴ-ի վճիռների և հետո քրեական գործերով դատավճիռներ կայացրած դատավորների նկատմամբ որևէ վարույթ չի հարուցվել` շարքերը չսասանելու համար:
Դրա համար էլ բոլորովին կարիք չկա դատավորին ինչ-որ բան ասելու, քանի որ համապատասխան ազդակները տրվում են ուղիղ եթերով` կա՛մ կառավարության նիստում ինքնավար և անկախ մարմիններից հաշիվ պահանջելով, կա՛մ Հանրային հեռուստատեսությունով Պետրոս Ղազարյանին Հ1 հյուր գնալով:
Բնականաբար, դատախազներն՝ իրենց «գերազանցիկ» գլխավոր դատախազի գլխավորությամբ, և դատարանները` 2013թ.-ից կոռուպցիայի դեմ պայքարող Կարեն Անդրեասյանի հրամանատարությամբ, հաստատ կհասկանան համապատասխան ազդակները, քանի որ անհասկացողների համար կարգապահական պատասխանատվության հազար ու մի եղանակ ու մեթոդ են մշակել հիմնական շահառուին ամոթով չթողնելու համար:
Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնի, որ իրավապահ համակարգի գործերին չի խառնվում, միևնույն է, դժվար է հավատալ, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ են ապօրինություններն անում, Քննչական կոմիտեի քննիչները չեն նկատում այդ վայրենությունները, իսկ հարուցված վարույթներն էլ կարճվում են անհեթեթ պատճառաբանություններով: