Ինչո՞ւ gg ընկերության դեմ քրեական գործը մեկ տարի դարակներում քնեցնելուց հետո որոշեցին ակտիվացնել

Հունիսի 15-ին gg ընկերությանն առնչվող երեք հասցեներում խուզարկություններ անցկացվեցին՝ ըստ Քննչական կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթ շրջանակում:

Վարույթը նախաձեռնվել էր 2023 թվականի մայիսին՝ հարկեր չվճարելու և փողերի լվացման հոդվածներով, սակայն զարմանալիորեն խուզարկությունն իրականացվել էր մեկ տարի  հետո, և առգրավել էին ընկերության բոլոր համակարգիչները, կրիչները: Պատահականությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն:

Բանն այն է, որ ընկերության  սեփականատեր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի օրը՝ հունիսի 12-ին, իր Ֆեյսբուքի էջում կոչ էր արել մասնակցել հանրահավաքին՝ գրելով. «եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է !!!»

Այս գրառումից մեկ օր անց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արձագանքեց ֆեյսբուքյան գրառմամբ՝ անթույլատրելի գնահատելով գործարարի գրառումը, նաև հույս հայտնելով, որ GG ընկերությունում հետևություններ կանեն: Բայց շատ արագ հետևություններ արեցին իշխանամետ քարոզիչներն ու պսեվդո հասարակական գործիչները՝ ֆեյսբուքյան գրառումներ տարածելով ու կոչ անելով՝ բոյկոտել, չօգտվել ընկերության ծառայություններից: Այդ բոլոր գրառումներն էլ հավատարմորեն հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։

Կարդացեք նաև

Այդուհանդերձ, gg ընկերության շուրջ բարձրացած աղմուկից և  խուզարկությունից անցել է 4 օր:

168.am-ն այսօր տեղեկացավ, որ իրավապահները դեռ չեն վերադարձրել ընկերությանը պատկանող գույքը։ Այստեղ ամենազարմանալին այն է, որ տարել են նաև ընկերության դիզայների համակարգիչը։

Ինչպես խուզարկության օրը, այնպես էլ այսօր շարունակվում են այն պնդումները, որ այս գործի հիմքը միայն քաղաքական է։ Խնդիրն այն է, որ  Խաչատուր Գրիգորյանը հանրությանն ուղղված կոչն արել է Ֆեյսբուքի անձնական էջից, որպես սովորական օգտատեր և ոչ՝ որպես gg ընկերության հետ առնչություն ունեցող անձ: Այսինքն՝ չի ասել, որ gg-ից չեք կարող օգտվել, եթե հրապարակ չգաք, կամ չի ասել՝ ով այդ ընկերության տաքսիով հրապարակ իջնի, զեղչ է ստանալու և այլն։ Նա իր գրառմամբ պարզապես հայտնել է իր կարծիքը:

Սակայն նրա գրառումից հետո, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավարն անում է գրառում և հիշատակում gg-ի անունը, քաղաքականացնում և  ընկերությանն անուղղակիորեն ներքաշում է գործընթացի մեջ։ Ստացվում է  հետևյալ պատկերը՝ մարդն անում է հայտարարություն, հայտնում է անձնական կարծիքը՝ հստակ տարանջատելով իր քաղաքացիական-հասարակական և բիզնես գործունեությունը: Մինչդեռ Կառավարությունը և նրանց հետևորդներն ու քարոզիչները ոչ միայն չեն տարանջատել, ինչն ըստ էության պարտավոր էին: Դեպքերի զարգացումը համադրելով՝ շատերին հիմք  տվեց մտածելու, որը գործն ունի քաղաքական ենթատեքստ։

Տեսանյութեր

Լրահոս