Տնտեսական տեռորի հետքերով
Անկախ նրանից, թե ինչ կասեն, չեն ասի իշխանություններն ու նրանց քաղաքական կամքը կատարող պետական կառույցները Հայաստանում սկսված բռնաճնշումների վերաբերյալ, դրանք մեկ նպատակ ունեն՝ վախեցնել և հետ պահել երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին քաղաքական գործընթացներից։ Մարդիկ մտահոգված են երկրի ապագայով ու այլ ճանապարհ չտեսնելով՝ ստիպված են իրենց մտահոգությունները փողոցում արտահայտել, խաղաղ անհնազանդության ակցիաների, սեփական կարծիքն արտահայտելու միջոցով։
Բայց դա հունից հանել է իշխանություններին։
Վտանգ են տեսնում սեփական իշխանության նկատմամբ, ամբողջ պետական համակարգը հանել են մարդկանց դեմ, անցել են բռնաճնշումների։
Բացահայտ քաղաքական ու տնտեսական տեռոր են իրականացնում։ Անկեղծ մտահոգությունների համար հարձակվում են մարդկանց, նրանց տնտեսական գործունեության վրա, ահաբեկում են։
Փորձում են վախեցնել բիզնեսի ներկայացուցիչներին՝ քաղաքացիական դիրքորոշում հայտնելու պատճառով։ Ստիպում են հեռու մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելու կամ աջակցելու «գայթակղությունից»։
Առաջիկայում դեռ հանձնելու բան ունեն ու այս ամենն անում են, որ հետո ավելի սահուն իրականացնեն իրենց նպատակները։
Դժգոհությունների ալիքը ճնշելու համար պատրաստ են բոլորին լցնել ոստիկանական բաժանմունքներն ու քրեական գործել կարել։ Գործի են դրել հնարավոր ամեն միջոց։
Այն, ինչ անում են բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր քաղաքացիական կամք են դրսևորում, իրենց մտահոգություններն են արտահայտում, աջակցությունն են հայտնում սկսված քաղաքական պրոցեսներին, ակնհայտ քաղաքական բնույթ ունի։ Կապ չունի, թե ինչ փաթեթավորմամբ կներկայացնեն։ Այլ կարծիք լինել չի կարող։ Իշխանություններն իրենք են իրենց գործողություններով բացառում այլ կարծիքի գոյությունը։
Երբ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անունից Միհրան Պողոսյանը կոչ արեց իշխանությունների նկատմամբ իրականացնել անհնազանդության ակցիաներ, հարկային մեկ տասնյակից ավելի տեսուչներ անմիջապես մտան վերջինիս պատկանող կամ իր հետ կապված ընկերություններ։
Մեկ օր նույնիսկ չսպասեցին, որպեսզի հետո արդարացումներ ունենային։
Ինչ անուն էլ իշխանությունները կպցնեն սրան, պարզ էր, որ հարկային արշավը կապված էր մարդու քաղաքական կողմնորոշումների հետ։ Այլապես, շատ պարզ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ մինչ այդ ստուգումներ չէին իրականացնում, ինչո՞ւ այդ մասին հիշեցին հենց այդ պահին։
Ակնհայտ է, որ դրանով փորձում էին ստիպել՝ հրաժարվել քաղաքական պրոցեսներին մասնակցություն ունենալուց։
Սա հարկային տեռորի դրսևորում է՝ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։
2018թ., երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով փորձում էր վերցնել իշխանությունը, բազմաթիվ գործարարներ օգնում ու օժանդակում էին նրան։ Բայց նախկին իշխանությունների մտքով անգամ չանցավ պատժիչ գործողություններ իրականացնել՝ հարկային ու քաղաքական տեռոր անել, ստիպել նրանց հեռու մնալ քաղաքական կողմնորոշումներից ու քաղաքական պրոցեսներից։ Չնայած դրա բոլոր հնարավորություններն ունեին։
Այն ժամանակ Հայաստանում ոչ ժողովրդավար իշխանություններն էին, այսօր՝ «ժողովրդավարները»։
Ժողովրդավարական բաստիոնում նույնիսկ մտերմության կամ քաղաքական համակրանքների համար մարդկանց տնտեսական գործունեության նկատմամբ բռնաճնշումներ են կիրառում, քրեական գործեր են հարուցում, պահում փակի տակ։
Այն բանից հետո, երբ գինու-կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկն իր աջակցությունը հայտնեց հայրենիքի փրկության շարժմանը, Քննչական կոմիտեն անմիջապես գործի անցավ։ Ընկերության ղեկավարությանը մեղադրեցին հարկերը թաքցնելու ու փողերի լվացման մեջ։ Կալանքի սանկցիաներ տվեցին ու մարդկանց վերցրեցին փակի տակ։
Առայժմ կալանքի տակ չէ GG ընկերության սեփականատերը, բայց չի բացառվում, որ առաջիկայում նույնը տեղի կունենա նաև նրա հետ։ Մեղադրանքը նույն է՝ հարկեր թաքցնել և փողերի լվացում։ Հանկարծ հիշել են մեկ տարի առաջ հարուցված քրեական գործը ու հարձակվել մարդու բիզնեսի վրա, խուզարկություններ են անում, համակարգիչներն են առգրավում, ամեն ինչ անում են՝ բիզնես գործունեությունն անհնարին դարձնելու համար։
Ինչպե՞ս կարելի է հերքել սրա քաղաքական լինելը, երբ ամեն ինչ սկսվեց մարդու մեկ մտահոգիչ գրությունից։
Դրան հաջորդեցին իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքները, որոնց հետևեցին իրավապահ մարմինների ուղղակի գործողությունները։
Սրանք բիզնեսի նկատմամբ քաղաքական նպատակներով իրականացվող բռնաճնշումների դասական օրինակներ են։ Համընկնումների մասին որևէ խոսք լինել չի կարող։ Նման պատահականություններ չեն լինում, ինչքան էլ Քննչական կոմիտեն արդարացումներ փնտրի, փորձի մարդկանց համոզել իր անաչառության մեջ։
Կասկած չկա, որ այդ գործերը, եթե նույնիսկ դրանք իրականության հետ չնչին կապ ունեին, այդպես դեռ երկար կմնային քնած քննչականի գզրոցներում, գուցե և ընդհանրապես էլ դուրս չգային, եթե այս մարդիկ սուս ու փուս մնային, քաղաքացիական դիրքորոշում չհայտնեին՝ շատերի նման՝ շառից-փորձանքից հեռու։
Ժողովրդավարական բաստիոն Հայաստանում այսօր անգամ քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց ու բիզնեսին ենթարկում են բռնաճնշումների։ Բայց դա վերաբերում է միայն նրանց, ովքեր դույզն-ինչ հակառակվում են իշխանությունների քաղաքական գծին։ Իշխանությունների սիրելի գործարարներին ամեն ինչ կարելի է։ Նրանք կարող են հարկերն էլ թաքցնել, փողերի լվացմամբ էլ զբաղվել ու մնալ ստվերում։ Իշխանությունները յուրայինների նկատմամբ բարեհաճ են։
Հիշենք ամենաթարմ գործերից մեկը՝ Ալեն Սիմոնյանի հարսի ու մյուսների հետ կապված պատմությունը։ Հայտարարեցին, որ պետությանը մի քանի հարյուր միլիոն դրամի վնաս են պատճառել, կարճ ժամանակ հետո գործերը կարճեցին ու դրանով ավարտեցին։
Մեկ այլ դեպքում՝ միլիոնավոր դոլարներ են վատնել, ավիաընկերություն ստեղծել։ Ո՛չ ավիաընկերությունը կա, ո՛չ փողը, ո՛չ էլ մեղադրանք որևէ մեկի նկատմամբ։ Չնայած բոլոր պատասխանատուները հայտնի են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ