Պետք է տեղի ունենան փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում. Նիկոլ Փաշինյան
Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները տեղի են ունենում կամ ունենալու են նաև Սփյուռքում: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք և արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է, Հայաստանի հարապետությունը: Երբ ասում եմ սոցիալ-հոգեբանական փոփոխություն, ուզում եմ արձանագրել, որ դա չի վերաբերվում ուրիշներին, դա վերաբերվում է բոլորիս, այդ թվում ինձ»,-ասաց նա:
«3-րդ հանրապետության պատմության ընթացքում հաճախ Սփյուռքը դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ: Տեղի ունեցող փոփոխությունն այն է, որ մենք ասում ենք՝ Սփյուռքը ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ չի կարող լինել, որովհետև ՀՀ-ն իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նշված է ՝ ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը: Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ոչ դետալ, այլ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է վերջ դրվի նաև հակառակին՝ ՀՀ-ն պետք է դադարի դիտարկվել որպես Սփյուռքի կառավարման օժանդակ գործիք:
«ՀՀ-ն սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում, մենք ՀՀ-ն դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և դարձնում ավելի խոցելի: Պետք է տեղի ունենան փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Կարծում եմ, որ քննարկումները, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարաբերությունները, պետք է լինեն հանրային և ոչ պաշտոնական»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: