Ադրբեջանի ՊՆ-ն Փաշինյանից պահանջում է կատարել խոստումը, կամ՝ 44-օրյայի պարտության՝ Փաշինյանի գտած ևս մեկ պատճառ

Ապրիլին Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ պահանջ էր դրել, որ Հայաստանը չզինվի այնքան, որը կարող է վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար, և, որ սա կնշանակի սպառազինության մրցավազքի շարունակում տարածաշրջանում: Խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայից, Հնդկաստանից Հայաստանին մատակարարվող զենքի մասին է:

«Նրանք դա անում են բաց և ցուցադրական, և անգամ փորձում են դրանով ինչ-որ բան ապացուցել: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն դրսևորել Հայաստանի նկատմամբ: Եթե մեզ համար լուրջ սպառնալիք տեսնենք, ստիպված ենք լինելու լուրջ քայլեր ձեռնարկել,- շեշտել էր Ալիևը և հավելել,- Եթե խաղաղության պայմանագիրը չկնքվի, սպառազինության մրցավազքը կշարունակվի: Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության համաձայնագրի, բայց արդյոք Հայաստանին կոմֆորտ կլինի՞ մեր կողքին ապրելն առանց դրա, չեմ կարծում»:

Եվ երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցի ընթացքում և EUROSATORY միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, իսկ ավելի ուշ X-ի միկրոբոլոգում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից CAESAR ինքնագնաց հրետանային կայաններ է ձեռք բերելու, բողոքի նոր ալիք բարձրացավ ադրբեջանական կողմում՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մինչև Ադրբեջանի պաշտպանության նախարարություն։

Հավելենք, որ ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուսսոնի տեղեկացմամբ, Հայաստանը Ֆրանսիայից գնելու է 36 միավոր CAESAR, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամիսների ընթացքում։ Սա բավականին լուրջ միջոցների մասին է խոսում, և դեռ պետք է հաստատվի ոչ պաշտոնական այս տեղեկությունը:

Կարդացեք նաև

Իսկ Ադրբեջանը նշում է, թե Ֆրանսիան խոստացել էր միայն պաշտպանական սպառազինություն մատակարարել Հայաստանին, բայց իրականում Հայաստանին զինում է հրետանային կայաններով՝ մահացու և հարձակողական նշանակության, ինչպես նաև՝ այլ տեսակի սպառազինություն, ինչը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, հերթական ապացույցն է Հարավային Կովկասում Ֆրանսիայի սադրիչ գործունեության:

«Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմական նոր օջախների առաջացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի իշխանությունը և Մակրոնի դիկտատուրան»,- սպառնացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Մի կողմից՝ Ադրբեջանը մտահոգություններ է հայտնում Հայաստանին՝ ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգի մատակարարման առնչությամբ, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը նշում է, որ սա ուժերի հավասարակշռության առումով մեծ դեր չի կարող խաղալ, մասնավորապես հիշեցնելով, որ Սերբիայի հետ պայմանագիր են կնքել 48 միավոր Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքի ձեռքբերման վերաբերյալ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Իսկ Ֆրանսիային Հարավային Կովկասում զինված էսկալացիա հրահրելու փորձերի մեջ մեղադրել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ով ասվածի ապացույց է համարել դարձյալ Caesar հրետանային համակարգի մատակարարման պայմանագիրը:

Այն, որ Ֆրանսիան Հայաստանին զենք է մատակարարում՝ ունենալով Հարավային Կովկասին առնչվող որոշակի հաշվարկներ, հետին մտքեր, այդ թվում՝ հակառուսական տրամադրությունների ֆոնին, ոչ ոք չի վիճարկում, հատկապես, երբ մինչ այս, և անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում նման օգնություն Հայաստանին չի առաջարկվել, բայց այստեղ ՀՀ բանակի ուժերի վերականգնման և վերազինման խնդիր կա:

Այլ հարց է, թե ինչպես են ֆրանսիական կայանները հասնելու Հայաստան, երբ կան լոգիստիկ լուրջ խնդիրներ, և որոնք կարող են սրվել:

Իսկ Հայաստանը Իրանի և Վրաստանի տարածքով է նման ներկրումներ իրականացրել: Բնական է՝ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի կողմից զենքի մատակարարման դեպքում Իրանը թույլ չի տա, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող և ԵՄ-ի հետ այս պահին տարաձայնություններ ունեցող Վրաստանի դեպքում էլ կարող են խոչընդոտներ լինել:

Վերադառնանք բուն թեմային և հիշեցնենք, որ Հայաստանը տարիներ շարունակ մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, որը հաշվի չի առնվել՝ պատճառաբանությամբ, որ Հայաստանին արտոնյալ պայմաններով զենք է մատակարարվում և ապահովվում ուժերի հավասարակշռությունը:

Այո, Հայաստանի դեպքում եղել են այս առումով բացառություններ, որոնք առաջացրել են Ադրբեջանի անհանգստությունը: Այսինքն, այն, ինչ այսօր Ադրբեջանը Ֆրանսիայի հասցեին է ասում, տարբեր ժամանակներում ասել է նաև Ռուսաստանի հասցեին:

Ի դեպ, Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնյաները կարող էին ավելի ճկուն լինել և ի գիտություն Նիկոլ Փաշինյանի հայտարարեին, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտում ՆԱՏՕ անդամ Ֆրանսիայից զենք գնել, ինչի անհնարինության մասին մշտապես պնդումներ էր անում Փաշինյանը, թե ՌԴ-ն խոչընդոտում էր: Իսկ նման արձագանքից Փաշինյանը միայն կարող է օգտվել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառնալիքներին, որին ՀՀ արտաքին գերատեսչությունն է արձագանքել, թե ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ունենալ մարտունակ և ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ, հարկ է հիշեցնել, որ ինչպես նշեցինք, Ադրբեջանը տարբեր ժամանակներում, այդ թվում՝ նախկին իշխանությունների օրոք է Հայաստանի սպառազինությունների գնումների հետ կապված դժգոհություններ և անհանգստություններ հայտնել, բայց հետո որոշել է դրան հակազդող միջոց փնտրել, և ոչ թե սպառնալիքի նման լեզվով խոսել ՀՀ իշխանությունների հետ, նման դեպքերում ադրբեջանական «ուլտիմատումներն» ավելի շատ զենք վաճառող երկրներին է ուղղված եղել:

Իսկ Փաշինյանի իշխանության օրոք Թուրքիայից, Իսրայելից և այլ երկրներից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերող Ադրբեջանը կոնկրետ սպառնում է՝ ՀՀ զինված ուժերը չպետք է լուրջ սպառազինություն ձեռք բերի, հզորանա:

Ինչու, որովհետև նման բովանդակությամբ հայտարարություններ արել է նաև ՀՀ ղեկավարը, անուղղակի կերպով տվել համապատասխան խոստումներ Ադրբեջանին:

Մասնավորապես, այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում բանակի խնդիրները բաժանել էր լեգիտիմի և ոչ լեգիտիմի:

«Տեսեք, նախ մենք ընդգծում ենք, և յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Բայց այս հարցը հետագա քննարկման անհրաժեշտություն և կարիք ունի, որովհետև եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ»:

Հիմա ավելի պարզ բացատրելու համար՝ ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը և մեր երկրի տարածքը պաշտպանելու նպատակով:

Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անումԻսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի: Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,- շարունակել էր նա:

Այսինքն, Ալիևն ասում է այն, ինչ Փաշինյանն է ասել, ինչո՞ւ համապատասխան պետական գերատեսչություններն այս պահանջը նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում չեն բարձրացնում, այս դեպքում Ալիևն էլ բանակի առաջ նման խնդիր չէր դնի:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ պահի Փաշինյանի «օգնությամբ» կխոչընդոտվի ֆրանսիական ոչ պաշտպանական սպառազինության Հայաստան հասնելը, ի վերջո, կան լեգիտիմ պատճառներ՝ լոգիստիկ խնդիրներ: Եվ ոչինչ, որ այսքան մեծ քարոզչական արշավ է կազմակերպվում ֆրանսիական սպառազինության շուրջ, ինչն արվել է նաև հնդկական զենքի պարագայում:

Եվ երբ մենք գրում էինք հնդկական զենքի հետ կապված խնդիրների մասին, և, որ նախ պետք է հստակեցնել բանակի առջև դրվելիք խնդիրները և այլ տեխնիկական հարցեր, այս առողջ քննադատությունը բացասական էր ընդունվում, մինչդեռ այս օրերին հայտնի դարձավ, որ Հայաստանը մանրամասն կուսումնասիրի «MR-SAM» և «Akash-NG» համակարգերը, որից հետո նոր միայն որոշում կկայացնի:

Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի պարտության նոր կամ նորացված պատճառ է գտել՝ «սրբացրել ենք բանակը»:

«Տեսե՛ք, մենք սրբացրինք մեր բանակը, և ինչի՞ հասանք: Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, հանկարծ չքննադատեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Բայց բոլորս միևնույն ժամանակ իմացել ենք, թե էդ կոթողի պատերից ներս ինչ ա տեղի ունենում: Սուտ կասեն բոլոր էն մարդիկ, ովքեր կասեն՝ չէ, մենք չգիտեինք, որ տենց ա: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ էդ սրբությանը: Եվ տեղ-տեղ, որտեղ այլ վերաբերմունք ցուցաբերելու փորձ ա եղել, մենք բոլորով հարձակվել ենք, լռեցրել ենք, պատառոտել ենք, գցել էն կողմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սա ասում է մի մարդ, որի համար երբեք բանակը սրբություն չի եղել, չի ընկալվել, և սահմանները հատելով՝ քննադատել է բանակը: Բայց այսօր, երբ իրենց իշխանության օրոք առողջ քննադատություն է հնչում, սրերով են ընդունում, ընդ որում, այդ քննադատությունը չի վարկաբեկում բանակը և նվազեցնում նրա կարգավիճակը և հատուկ դիրքը պետության լինելիության գործում:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈւ ղեկավարությունն ինչպես է ընդունելու Փաշինյանի հերթական հակաբանակային հայտարարությունը՝ Թուրքիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո արված:

Կամ՝ Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանը կիսո՞ւմ է այս տեսակետը, որտեղ իրականում խոսքը բացարձակ նրա մասին չէ, ինչի մասին փորձ է արվում տպավորություն ստեղծել, և որտեղ բավականին վտանգավոր հետին մտքեր կան, և որով Փաշինյանը շարունակում է վնասել բանակին և իր իսկ թիմակցի ՊՆ-ի ներսում աշխատանքային հարաբերություններին և ոչ միայն:

Տեսանյութեր

Լրահոս