Վիզաների ազատականացման հարցով հանրաքվեի կտի տակ Փաշինյանն Ալիևին է հանձնելու տարածքներ Սյունիքից, Գեղարքունիքից. Զոհրաբյան

«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նաև ընդգծեց՝ Փաշինյանը պարտավորվել է անկլավներն Ալիևին հանձնել, իսկ դա կարող է անել միայն հանրաքվեի անվան տակ:

«Սակայն, այստեղ խնդիր կա, եթե հանրաքվեի դրվի հարցը՝ «համաձա՞յն եք, որ Ոսկեպարով անցնող գազատարը տրվի Ալիևի վերահսկողությանը», Փաշինյանը չի կարող հավաքել անհրաժեշտ 650 հազար ԱՅՈ-ն, ուստի այդ խնդիրը լուծելու համար, ըստ ինձ հասած աղբյուրների, Փաշինյանը հանրաքվեի կդնի նաև Ալիևի երկու հիմնական պահանջը՝ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի չեղարկումը և Զինանշանի վրայից Արարատ սարը հեռացնելու հարցը:

Բայց, քանի որ Փաշինյանն այս հարցով ևս չի ստանա 650 հազար ԱՅՈ, սկսել են խոսել վիզաների ազատականացմանը հասնելու մասին: Հանրաքվեի հարց կդարձնեն նաև Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու թեկնածության հարցը, և այդ վերնագրի տակ Հայաստանից Ալիևին հանձնելու է տարածքներ, կատարելու է Ալիևի մյուս երկու պահանջները»,- ասաց Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Քաղաքական գործչի խոսքով՝ հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենալիք ՀՀ դեպի ԵՄ կողմնորոշում թեմայով խորհրդարանական լսումներից հետո Փաշինյանն անցնելու է այդ հարցն առաջ տանելու գործին՝ պնդելով, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է և պարտավորված է հաշվի նստել ԱԺ քաղաքական մեծամասնության դիրքորոշման հետ:

Ըստ Զոհրաբյանի՝ իրականում, սակայն, ԵՄ-ն բացարձակապես շահագրգռված չէ Հայաստանին ընդգրկել այդ ընտանիքում, բայց հիմա, որպեսզի արագացնեն Հայաստանից Ադրբեջանին տարածքների հանձնումը, կարող են խոստանալ, թե Հայաստանի համար կգործեն արագացված ռեժիմով, ինչն ուղղակի կուտ է:

«Նշեմ, որ ԵՄ-ում որոշումները կայացվում են մասնակից պետությունների կոնսենսուսով, իսկ Հայաստանի ԵՄ անդամակցմանը դեմ է եղել միշտ և հիմա էլ դեմ է լինելու մեր բարեկամ Ֆրանսիան:

Ֆրանսիայում վախենում են, որ այդ պարագայում հայերի արտագաղթ է լինելու դեպի Ֆրանսիա: Ինձ եվրոպացի պաշտոնյաները շատ պարզ ասացին՝ մենք վախենում ենք միգրանտներից: Ստացվում է՝ վիզաների ազատականացման հարցով հանրաքվեի կտի տակ Փաշինյանն Ալիևին է հանձնելու տարածքներ Սյունիքից, Գեղարքունիքից»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս