Բագրատ Սրբազանի պատերազմական օրերի հիշեցումը մեսի՞ջ էր Քյարամյանին, թե՞ զուտ տեղեկություն. ինչ իրադարձություններ են եղել 2020թ. հոկտեմբերի 18-20-ին

Մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակին նվիրված՝ Քաջարանում տեղի ունեցած արտագնա նիստում Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի շրջանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,- իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը:

Ընթացիկ տարվա սկզբին ՔԿ նախագահը հայտարարել էր՝  ընդհանուր իրավիճակը կամ պատկերը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է իրենց համար, և, որ «պարտության պատճառներ ասվածը ոչ միանշանակ հասկացություն է, և 1, 2, 3 և նույնիսկ 10 հանգամանքից կախված չէ»:

«Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունը կամ անգործությունն է նպաստել պարտության վրա հասնելուն: Եվ ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր պատկերը ՔԿ-ի համար այդ մի քանի հազար հատորից բաղկացած քրեական գործի էջերից ներս, իմ կարծիքով, պարզաբանված և բացահայտված է»,- շարունակել էր Քյարամյանը:

Կարդացեք նաև

ՀՀ ԱԱԾ նախկին պետի և ՀՀ քննչական կոմիտեի գործողի դերակատարմանը 44-օրյա պատերազմում մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք և դեռ անդրադառնալու ենք. մայիսի 27-ին 44-օրյա պատերազմին, Շուշիի և հայտնի հակահարվածի օպերացիաներին առնչվող հարցադրումներով հերթական հարցումն ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

Թերևս կսպասեինք հարցման պատասխանին, եթե Բագրատ Սրբազանը հունիսի 3-ին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում չհայտներ հետևյալը. «Ես ՔԿ ղեկավարին ընդամենը մեկ անգամ հանդիպել եմ Արցախում: Բարևել ենք, ողջագուրվել ենք: Արցախում ենք եղել ամենաթեժ ժամանակ, եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 18-ին կամ 19-ին էր, պատերազմի ժամանակ էր, այդ ժամանակ եմ հանդիպել»,- մանրամասնել էր նա:

Իրապես, այդ օրերին Արցախում թեժ մարտեր էին հարավային ուղղությամբ, տեղի են ունեցել դեպքեր, որոնց առնչվող դեռ շատ դրվագներ պիտի բացահայտվեն, այլ հարց է՝ որքանո՞վ են դրանում շահագրգիռ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը:

Հիշենք մի քանի փաստեր, որոնք տեղի են ունեցել 2020-ի հոկտեմբերի 18-20-ն ընկած ժամասնակահատվածում:

Առաջին, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում զոհվել էին Իջևանի գնդի հրամանատար, ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանը և նրա տեղակալ փոխգնդապետ Արմեն Օհանյանը, և գնդի ավելի քան 3 տասնյակ զինծառայողներ: Այս դեպքի հետ կապված տարաբնույթ խոսակցություններ էին շրջանառվում, այդ թվում՝ Փաշինյանի ընտանիքին առնչվող, որոնք ինչ-որ պահի կամ պիտի հերքվեն, կամ հաստատվեն:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասի կազմով Աշոտ Փաշինյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջրականի և Կուբաթլուի ուղղություններում, իսկ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, չէր գաղտնազերծել, թե Փաշինյանի որդին երբվանի՞ց կամ ո՞ր օրվանից է եղել Ջրականում, որքա՞ն է մնացել այնտեղ և մասնակցել մարտական գործողություններին, ե՞րբ է այնտեղից դուրս եկել, ինչպես նաև՝ ե՞րբ է եղել Կուբաթլուի՝ Որոտանի ուղղությունում, որքա՞ն ժամանակ է մնացել այնտեղ:

Հավելենք, որ Փաշինյանը 2021 թվականի մայիսին ԱԺ-ում հայտարարել էր. «Իմ որդին եղել է առաջնագծում՝ այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք կողքի, իրար մարմիններով կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը, ոչ թե…: Այդ մարդու անուն-ազգանունը կա, դա ստուգելի փաստ է»:

Նույն բանը գրեթե նույն ձևով նա կրկնել էր 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում: «Ինքը հետախուզական խմբի մեջ առաջադրանք է ունեցել առաջնագծում փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար՝ ընկել է հրետակոծության տակ, և իր ծառայակիցը, որի հետ խրամատում կամ ուղղակի գետնին պառկած են եղել՝ մարմիններով իրար հպված, ու մյուս զինվորը զոհվել է։ Կամ զինվորի գլուխն է դրված եղել իր մարմնի վրա, կամ իր՝ նրա վրա: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյո՞ւս զինվորը, բեկորային հրետակոծությունից է զոհվել»:

Ի դեպ, ՊՆ-ից մեզ հայտնել էին, որ Աշոտ Փաշինյանը չի վիրավորվել, իսկ այն զորամասում, որի կազմում նա մասնակցել է պատերազմին, 21 զոհ է եղել:

Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Փաշինյանը որոշել էր, որ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պետք է արժանանան Ազգային հերոսի կոչման, քանի որ «հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը»: Իսկ արդեն 2021 թվականի ԳՇ հայտնի հայտարարությունից հետո իշխանությունները հիշեցին հարավային ուղղությամբ նահանջների մասին, և դրա պատասխանատուն Տիրան Խաչատրյանն է եղել:

Երրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

2023 թվականին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո, ընդհանրապես դադար տեղի չունեցավ:

Հրադադարի հերթական հայտարարության ձախողմանը զուգընթաց՝ ես վերադարձա հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած խոսակցությանը: Հոկտեմբերի 19-ի կեսօրին հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ ինքը վերահաստատեց, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը: Իսկ պայմանը հետևյալն է՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապի հարցը, Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագային:

ՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ես մինչև երեկո մեր դիրքորոշումը կարտահայտեմ:

…Երեկոյան զանգահարեցի և ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: Ռուսաստանի նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջեբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծամասամբ արդեն գտնվում էր Ադրբեջանի հսկողության տակ:

Ռուսաստանի նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան: Եվ, ըստ էության, փոխանցեց հետևյալը. Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները՝ կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլը, ինչպես ասացի, արդեն իսկ մեծամասնությամբ գտնվում էր նրանց վերահսկողության ներքո»:

Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմն ունի ևս մեկ պայման. նա ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90 տոկոսը, վերադառնան Շուշի: Ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր, որովհետև նրանք ասում էին, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման պլանի մեջ, որը սեղանին է եղել դեռ երկար տարիներ առաջ, միշտ էլ ներառվել է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել էր՝ «ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի»:

Միաժամանակ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստում ներկաները համաձայնել էին՝ պատերազմը պետք է կանգնեցվի: Սա հաստատել է նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը կարող է երկիմաստություն ունենալ»,- 2021 թվականի մարտին «Սիվիլնեթին» ասել էր Գրիգորյանը:

Ինչո՞ւ չկանգնեցվեց, արդյո՞ք Արգիշտի Քյարամյանն իր վարկածն ունի՝ գրեթե ամբողջ պատերազմի ընթացքում լինելով Արցախում:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը՝ հոկտեմբերի 5-ին, և դրա ձախողումից հետո ազատվել պաշտոնից՝ հոկտեմբերի 8-ին: Սակայն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Քյարամյանը շարունակել է մնալ Արցախում:

«Ես որոշել և Արցախ եմ մեկնել պատերազմի 3-րդ օրը, շուրջ 8-9 օր եղել եմ Արցախում՝ որպես ԱԱԾ տնօրեն: Բավականին բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորություններն Արցախից կատարելը, այնուամենայնիվ, ես նպատակահարմար գտա մնալ Արցախում: Երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, 2 օրով վերադարձել եմ Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն, հետո հասկացել եմ, որ, եթե ես հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների, և վերադարձել եմ Արցախ: Չեմ ունեցել որևէ պաշտոնական կարգավիճակ, բնականաբար, եթե մի օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, հաջորդ օրն ԱԱԾ տնօրեն չես, այդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Վերադարձել եմ Արցախ և սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն: Իսկ պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց բավականին ծանրանալ, բազմաբնույթ գործունեություն եմ ծավալել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց, վերջացրած զինված ստորաբաժանումներ տարբեր տեղեր տանելով, տեղակայելով»,- 2021-ի հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր այդ ժամանակ դեռ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:

Իսկ թե Արցախում կոնկրետ որտեղ է 2020 թվականի հոկտեմբերի 18-19-ին Արգիշտի Քյարամյանին հանդիպել Բագրատ Սրբազանը, և արդյո՞ք այդ մասին հիշեցումն իրենից որոշակի մեսիջ էր պարունակում, ցույց կտա ժամանակը:

Իսկ Բագրատ Սրբազանի՝ Արցախ մեկնելու մասին այդ օրերին հայտնի էր 2020 թվականի հոկտեմբերի 16-ին:

Ավելին, 2020-ի հոկտեմբերի 19-ին Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս