«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը, Interpress-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։
Ըստ դեսպանի՝ բազմիցս զգուշացվել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտումների վրա բացասաբար կանդրադառնա։
«Իմ երկարամյա քաղաքականությունը կոնկրետ հայտարարություններ չմեկնաբանելն է, բայց քանի որ դուք ինձ հարց տվեցիք Եվրամիության և Վրաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի մասին, մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ այս պահին մեր հարաբերություններում բարդ շրջանում ենք: Բազմիցս հայտարարել ենք, որ «օտարերկրյա ազդեցության» օրենքի ընդունումը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների վրա բացասաբար կանդրադառնա, ինչը, ցավոք, տեղի ունեցավ։
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները։
Այս քննարկումը տեղի կունենա նախ արտգործնախարարների, իսկ մի քանի օրից՝ առաջնորդների մակարդակով, որպեսզի նախագահներն ու վարչապետները քննարկեն, և մենք որոշենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու Վրաստանի այս իրադարձությունների առնչությամբ։
Անշուշտ, դա բացասաբար է ազդել Վրաստանի առաջընթացի հեռանկարների վրա։ Սկզբունքորեն, այս օրենքի ընդունումն, ըստ իս, սառեցրեց Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։ Ինչպես գիտեք, Եվրամիությանն ինտեգրվելը միահամուռություն է պահանջում, և արդեն լսել ենք, որ մի քանի անդամ երկրներ հրապարակայնորեն հայտարարել են, որ այս օրենքն ընդունվելու դեպքում իրենք դեմ կլինեն Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին»,- նշել է դեսպանը։
Վրաստանում ԵՄ դեսպանն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովն ու Արտաքին քաղաքական ծառայությունները պատասխան միջոցների տարբերակներ են մշակել և ուղարկել անդամ երկրներ։