Ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում. Գևորգ Ե Սուրենյանցի շրջադարձային խոսքը 1918-ի մայիսին
1918-ը Հայոց պատմության ողբերգական և փառավոր թվականներից մեկն է: Աշխարհաքաղաքական բարդ շրջանում իր գոյության հերթական պայքարն էր մղում Հայաստանը: 1918 թվական մայիսյան հերոսամարտերը նոր էջ բացեցին մեր պատմության մեջ:
Ցեղասպանության փաստն անհնարին էր դարձնում թուրքական հարվածներից ազատվելու, պետություն ստեղծելու կարողության մասին անգամ մտածել: Արևմտյան Հայաստանի ոչնչացումից հետո թուրքական ծրագրում դրված էր նաև՝ շտապ և հարմար պահի վերացնել Արևելյան Հայաստանը:
Վիճակն օրհասական էր, և սակավ քաղաքական և ռազմական գործիչները փորձում էին ելքեր որոնել թուրքական հնարավոր ոչնչացումից պաշտպանվելու, քիչ վնասներով դուրս գալու համար: Այդ նույն շրջանում մեծ էր նաև Էջմիածնի և հայ հոգևորականության դերը:
Ալեքսանդրապոլի անկումից հետո վտանգը մոտենում էր արդեն Էջմիածնին, Երևանին և Հայաստանի մնացյալ հատվածներին: Մոտեցող վտանգի մասին բարձրաձայնում էր նաև Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը.
«Հայե՛ր։ Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրք զորքերը նահանջում են։ Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որն այնպես նենգորեն գրավեցին թուրքերը։ Նրանք պահանջում են ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ Էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը։ Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք»: (Աշխատանք, 1918, N 5):
Էջմիածնին մոտեցող վտանգը չէր կարող չանհանգստացնել նաև այդ շրջանում Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին:
Ռազմական գործիչները ևս, իրենց հերթին՝ գիտակցելով ռազմաճակատում տիրող իրավիճակը, անհանգստանում էին Էջմիածնի ճակատագրով: Մովսես Սիլիկյանը տեսնելով թուրքական բանակի ահագնացող առաջխաղացումը, որոշում էր կայացրել հայկական զորքերը հետ քաշել դեպի լեռնային հատվածներ, որը ռազմավարական տեսանկյունից կօգներ պայքար մղել թուրքական բանակի դեմ: Այդ նպատակով որոշում էր կայացվել հայկական զորքերը տեղափոխել Սևանի, Կոտայքի և հարակից բարձունքները: Այդ դեպքում Էջմիածինը ևս կանգնում էր վտանգի առաջ:
Ուստի 1918 թվականի մայիսի 20-ին պատվիրակություն է գալիս Էջմիածին, որպեսզի Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին ծանոթացնեն ռազմական իրավիճակը, հետագա անելիքները:
Կաթողիկոսին առաջարկվում էր հեռանալ Մայր Աթոռից: Պատվիրակության կողմից արված առաջարկը լսելուց անմիջապես հետո Կաթողիկոսը հանդես է գալիս իր հայտնի կոչ-պատասխանով, որը շրջադարձային նշանակություն է ունենում և փոխում է մայիսյան պատերազմների ընթացքը.
«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ և ո՛չ:
Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնե՛մ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի՛ ունեցել և չի՛ ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
Գևորգ Ե Սուրենյանցի ոգեղեն խոսքը փոխում է զինվորականների, մարդկանց, հոգևորականների տրամադրվածությունը:
Ականատեսներն ու ժամանակակիցները նշում են, որ իր խոսքից հետո Կաթողիկոսը հնչեցնում է Էջմիածնի զանգերը, կարգադրում է հնչեցնել Հայոց բոլոր եկեղեցիների զանգերն ու դուրս գալ միասնական պայքարի ընդդեմ թշնամու:
Պատմական այս փաստը, դրվագը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ամենաբովանդակային և շրջադարձային կետերից մեկն է: Բարդ է նշել, թե Կաթողիկոսի համաձայնության և Էջմիածինը լքելու դեպքում ինչ ընթացք կարող էր ստանալ պատերազմը, սակայն հստակ կարող ենք ընդգծել, որ Գևորգ Ե Սուրենյանցի վճռականությունը պահեց Էջմիածինը և նոր ոգի հաղորդեց պատերազմի դաշտում: Նա վստահում էր հայոց ոգուն և այդ վստահության մասին արտահայտվում է նաև Էջմիածնի բակում.
«Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ Հայոց, անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»:
Գևորգ Ե Սուրենյանցը գործի մեջ դրեց իր ռազմական, քաղաքական, ամբողջ գործիքակազմը և կարողացավ ոգի հաղորդել պատերազմական ամենաբարդ էտապում:
Նրա գործունեությունը մեծ էր նաև Հայոց ցեղասպանության շրջանում, ում ջանքերով ստեղծվեց Եղբայրական օգնության կոմիտեն և որբերի ու մազապուրծ եղած մեր հայրենակիցների օգնության համար կատարվեց ահռելի աշխատանք: Անգնահատելի է Գևորգ Ե Սուրենյանցի դերը Հայոց պատմության մեջ և հատկապես Սարդարապատի ճակատամարտի և մայիսյան հերոսամարտերի հաղթական գործում:
Զ. Շուշեցի