Նիկոլ, դու ղժժացող դեպուտատի մակարդակից չբարձրացար, պետական գործիչ չդարձար. Արամ Մանուկյան

Ընդամենը մի քանի օրից՝ օգոստոսի 23-ին, Հայաստանը կտոնի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակը։

Հանդիսավոր միջոցառման կազմակերպիչ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ շատ կարևոր է այս իրադարձության տոնումը հատկապես հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ստեղծման ու պահպանման հիմք Հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիրը դարձել է արդիական։

«Այն այսօր վտանգված է. հայ ժողովուրդը ստիպված է սեփական պետության Անկախության հռչակագիրը պաշտպանել սեփական իշխանությունից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ Հայաստանի պետականության շուրջ փաշինյանական իշխանության գեներացրած վտանգները գնահատելով խիստ կործանարար։

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը լուրջ վտանգներ են պարունակում մեզ համար. դրանք ոչ թե հարցերի պատասխաններ են տալիս, այլ՝ հարցեր են առաջացնում։ Հայաստանն այս թղթով խախտում է ԵԱՏՄ կանոնադրությունը. ի՞նչ է լինելու։ Կարծում եմ՝ Ռուսաստանից արձագանքներ դեռ կլինեն՝ Լարս փակել և այլն»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ վաշինգտոնյան փաստաթուղթը խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար նաև հայ-իրանական սահմանին։

Կարդացեք նաև

Ըստ Մանուկյանի՝ հարց է առաջանում, թե հայերն ինչպե՞ս են օգտվելու ԱՄՆ-ին 99 տարով վարձակալության տրված ճանապարհից, իսկ անպատասխան մնացած այդ հարցը թույլ է տալիս պնդելու՝ Ադրբեջանին ոչ թե ճանապարհ են տալիս, այլ՝ միջանցք, և արտապատվիրակվում է  Հայաստանի տարածքը։

«Փաշինյանը լկտիաբար ստում է, որովհետև, եթե նպատակը ճանապարհների ապաշրջափակումն էր, ապա առաջին հերթին պետք է խոսեր Իջևան-Ղազախ երկաթգծի բացման մասին։ Չկա ոչ մի բառ այդ մասին։ Ի՞նչ հավասարազորության մասին են խոսում, հավասարազորություն չէ, այլ Հայաստանի կամավոր շրջափակում՝ վտանգելով Իրանի հետ 42 կմ-անոց ճանապարհը։ Կրկնում եմ՝ սա ապաշրջափակում չէ, խորը շրջափակում է»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ իրականում Հայաստանը ոչ թե զարգանալու է, այլ դառնալու է արևելք-արևմուտք բախումների կենտրոն։

«Հայաստանը դարձնում է պոլիգոն։ Հայաստանի 42 կիլոմետրը տալիս է ուրիշին և ցնծո՞ւմ. ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային լինել»,– ասաց Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ ստեղծվել է մի վիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի դեմ օգտագործում է ընդամենը մեկ լծակ՝ Նիկոլ Փաշինյանին։

 «Մակերես է։ Նիկոլ, դու ղժժացող դեպուտատի մակարդակից չբարձրացար, պետական գործիչ չդարձար։ Տո ստի հերը, թե դու խաղաղություն ես բերել, ընդհակառակը՝ Հայաստանը մտցրել ես մեծ ռիսկերի դաշտ՝ դարձնելով արևելք-արևմուտք բախման պոլիգոնը»,- շեշտեց ՀԱԿ փոխնախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս