
ԱՄՆ դեսպանը հարցրե՞լ է. օրինակները, դժբախտաբար, շատ են

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն օրերս հայտնել էր, որ դեսպան Քրիստինա Քվինն «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։
Գուցե ավելորդ չէ հիշել, որ Գոհար Աբաջյանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինն է, և նրա նշանակումը Ներդրումների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում առաջացրեց հանրային մեծ ուշադրություն ու քննադատություն: Այդ հիմնադրամը, այսպես ասած՝ պետական է, դրա հոգաբարձուների խորհուրդը կազմված է կառավարության անդամներից, և, փաստորեն, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ նրա կինը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն:
Վերադառնալով դեսպանատանը կայացած հանդիպմանը: Հետաքրքիր է, հայ-ամերիկյան տնտեսական գործակցության, ներդրումային հեռանկարների մասին քննարկման ժամանակ դեսպան Քվինը Ներդրումների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրենին հարցրե՞լ է, թե ինչ եղավ, օրինակ, Հայաստանում ամերիկյան խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հետ:
Այդ ծրագիրը խոշորագույնն էր ոչ միայն ամերիկյան ներդրումային փաթեթում, այլ Հայաստան եկած արտաքին ներդրումային ամենախոշոր փաթեթն էր՝ մոտ 450 միլիոն դոլար: Ընդ որում, այն նաև բավականին որակյալ փաթեթ էր, որովհետև Հայաստան էր բերում հանքարդյունաբերական սեկտորի արդիական տեխնոլոգիաներ, նաև բիզնեսի սոցիալական պատասխանատվության նոր ստանդարտներ:
Սակայն, 2018 թվականից հետո ծրագիրը մնաց կիսատ, ընկավ ոդիսական մի շղթայի մեջ, ու թեև վերջին երկու տարիներին եղել է ծրագրի վերականգնման մասին մի քանի տարաբնույթ կառավարական հայտարարություն, այն ըստ էության շարունակում է մնալ անորոշ: Փոխարենը, ծրագրի հիմնական ներդրողները հեռացել են, ժամանակը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային հեղինակությունն այդ իմաստով՝ կորսվել, բաց է թողնվել տնտեսական խոշոր ներդրումից բխող նաև քաղաքական անվտանգային ազդեցության հնարավորությունը: Կորսվել են ժամանակ ու ռեսուրսներ՝ այդպիսով թանկացնելով ծրագրի «ինքնարժեքը», և փաստորեն Հայաստանը զրկելով հավելյալ ռեսուրսներից և մյուս կողմից դնելով հեռացած ներդրողների փոխարեն նոր ներդրող գտնելու բարդ խնդրի առաջ
Սա ընդամենը մի օրինակ է, պետական անգործության մի օրինակ: Հենց այդ պատճառով է նաև հետաքրքիր, թե արդյո՞ք Ներդրումների աջակցման պետական հիմնադրամի տնօրենի հետ զրույցում ԱՄՆ դեսպանին հետաքրքրել է ներդրումային այդ ծրագրի ներկայիս անորոշ ճակատագիրը: Համենայն դեպս, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններն Ամուլսարի հարցն ուշադրության կենտրոնում էին պահում պարբերաբար՝ հայտարարելով, որ դրա արդյունավետությունից է կախված Հայաստան նոր ներդրումների ներգրավումը: Թեև հնարավոր է, որ տիկին դեսպանին այդ առնչությամբ ամեն ինչ պարզ է վաղուց:
Մյուս կողմից, վերջին հաշվով, հենց մեզ պետք է առաջին հերթին հետաքրքրի Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի ճակատագիրը, ոչ թե այլ երկրների դեսպաններին: Առաջին հերթին և գլխավորապես հենց մեր երկրին են պետք խոշոր ներդրումները, մեծ ներդրումային ծրագրերի հաջող պատմությունները, որոնք կարող են դառնալ պատի այն քարը, որի վրա կարող են շարվել նորերը:
Մեզ՝ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում և բազում մարտահրավերներ ունեցող պետությանն ու հանրությանը, պետք է հետաքրքրի իր տնտեսության ամրությունը, արտադրողական և արդյունաբերական ներուժը, որն առայժմ արձանագրում է միայն նվազում:
Բայց Հայաստանի հասարակական-քաղաքական խոսույթում այդ թեման կամ չկա, կամ երկրորդական-երրորդականների շարքում է: Այն դեպքում, երբ ըստ էության տնտեսության որակն ու կառուցվածքն է հանրային և պետական մրցունակ կենսագործունեության անկյունաքարը:
Կարելի է ստեղծել ներդրումների աջակցման հնչեղ նպատակներով օժտված բազմաթիվ կենտրոններ, բայց դրանցից նույնիսկ տասի գործունեությունը թերևս ի զորու չէ որևէ կերպ փոխհատուցել այն վնասը, որը Հայաստանի տնտեսությունն ու ներդրումային իմիջն ունենում են ընդամենը մեկ խոշոր ներդրումային ծրագրի ձախողումից, պոտենցիալ կամ գործող ներդրողների հանդեպ պետական անուշադրության ու անպատասխանատվության գեթե մեկ օրինակից: Իսկ այդպիսի օրինակները, դժբախտաբար, շատ են:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ