«Չեմ հիշում…երևի ցերեկ էր, գարուն, ամառ, աշուն». վկայի ցուցմունքից դատախազն ու դատավորն ապշել են

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում` նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր շարունակվեց «Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վկաների հարցաքննությունը։ Գործով անցնող երկրորդ վկա ոստիկանը ոստիկանության ավագ տեսուչ Արթուր Սակունցն էր, որը, սակայն, իրեն ուղղված բոլոր հարցերին մեկ ընդհանրական պատասխան էր տալիս՝ «չեմ հիշում»:

Մեղադրող դատախազն ուղղորդող հարցերի միջոցով փորձեց օգնել վկային՝ հիշել ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցածը.  մինչդեռ ոստիկանը մի կերպ կարողացավ հիշել՝ դեպքը տեղի է ունեցել «անցած, թե նախանցած տարի, ցերեկվա կողմերը, երևի աշնանը», ԱԺ-ի մոտակայքում: Իրականում  «Միասին» շարժման հավաքը տեղի է ունեցել 2023-ի ապրիլ ամսին։

Դատախազ Հայկ Ավետյանին վրդովվեցրեց վկայի այն հայտարարությունը, թե շատ է ծառայություն լինում, հետևաբար՝ չի կարող հիշել,  և դատախազը նորից ճշտող հարց ուղղեց. «Շա՞տ է լինում, երբ դուք իրականացնում եք ծառայություն՝ ՀՀ նախկին վարչապետի ելույթի հետ կապված»։
«Ինչքան որ ելույթ են ունեցել, ոստիկանությունն այնտեղ ծառայություն է իրականացրել»,- պատասխանեց վկան:

Արթուր Սակունցն ասաց՝ իր պարտականությունը եղել է հասարակական կարգը պահպանելը, ելույթները լսելը՝ «եթե այնտեղ լինեն կոչեր՝ իշխանափոխության հետ կապված, վարչապետի, ասենք՝ հելեք ոտի, սենց․․․»։

Կարդացեք նաև

Ի դեպ, վկան իրեն ուղղված բոլոր հարցերից հետո, «չեմ հիշում» պատասխանից բացի, անընդհատ կրկնում էր՝ նախաքննական ցուցմունքում ամեն ինչ ասել եմ, դա հիմք ընդունեք:

Ի վերջո, դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ հիմնավորելով դատարանում տված  և նախաքննական ցուցմունքների հակասությունները:

Պաշտպանական կողմից Հովհաննես Քոչարյանն առարկեց միջնորդությանը՝ նկատելով, վկաների ժամանակավոր ամնեզիան հիմք չէ նախաքննական ցուցմունքներն ամբողջությամբ հրապարակելու համար։

Այդուհանդերձ, դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի, հստակեցվեց՝ ելույթի ժամանակ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Վերացրեք այդ մարդուն, վերացրեք ներկայիս իշխանությունը Ձեր ուժով». նկատի ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մինչ այդ դժգոհում էին կառավարումից, և բոլոր դժգոհությունները ՀՀ վարչապետին էին ուղղված։

Ցուցմունքը ներկայացնելուց հետո վկան պնդեց այն, իսկ պաշտպանական կողմը հետաքրքրվեց՝ Բագրատյանի խոսքից հետո հավաքի մասնակիցները, բացի ծափահարություններից,  սպանության, ջարդել-փշրելու կոչեր հնչեցրե՞լ են:

Արթուր Սակունցն ասաց՝ «սպանել և այլն» կոչեր չեն եղել, չեմ լսել: Նա նաև համաձայնեց պաշտպանական կողմի դիտարկման հետ, որ հավաքը սկսվել է խաղաղ, խաղաղ էլ ավարտվել է:

Թե ինչպե՞ս է հասկացել իշխանություններին վերացնելու նախկին վարչապետի կոչը՝ դատավորի ու դատախազի ճշտող հարցերին ի պատասխան՝ ոստիկանը շեշտեց, որ իր ընկալմամբ՝ կոչն ուղղված էր ժողովրդին, որ նրա միջոցով պաշտոնից հեռացնեն վարչապետին:

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում արդեն, Հրանտ Բագրատյանն արձանագրեց, որ վկայի ցուցմունքով մեղադրանքը ջախջախվեց:

Հրանտ Բագրատյանի փաստաբանն էլ շեշտեց, որ թե՛ այս, թե՛ նախորդ նիստում ներկայացած վկաները հերքեցին մեղադրանքի բոլոր պնդումները:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս