Հայոց պատմությունը փառահեղ է, մեծ հարստություն և ռեսուրս է, այն մոռանալ չի լինի. մեր պատմության, մեր ինքնության հիման վրա պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը. Ռուբեն Սաֆրաստյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ակնհայտ է, որ հնարավոր չէ մեկ առ մեկ բացահայտել Ցեղասպանության զոհերի անունները, դա ուղղակի ֆանտաստիկա է, գիտական առումով քննարկման ոչ ենթակա։ Իսկ ընդհանրապես ոչ մի տարբերություն չկա, թե որքան է եղել զոհերի թիվը։ Ցեղասպանության գիտության մեջ կա թվերի խախտում հասկացությունը՝ ծանրագույն հանցագործությունը սվաղել թվերով։ Ցեղասպանությունն այնպիսի ծանր հանցագործություն է, որը կարող է հաստատվել նույնիսկ շատ փոքր թվերի դեպքում, կարևորը կանխամտածվածության հաստատումն է, եթե դա կա՝ արդեն իսկ Ցեղասպանություն է, թիվը որևէ նշանակություն չունի։ Եթե ոչնչացվում է տվյալ էթնիկական խմբի կեսից ավելին, դա արդեն լայնածավալ ցեղասպանություն է։
- Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում իրականացվել է նաև տեղահանության տեսքով, ոչ մասնագետները չեն պատկերացնում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Թուրքական արխիվներում հիմնականում պահպանվել են նյութեր տեղահանության վերաբերյալ, որ կատարվել է Թալեաթ Փաշայի հրահանգով։
Հրապարակված օսմաներեն փաստաթղթի վրա գրված էր՝ «Հայերին տեղահանել, որ իսպառ վերջ տալ նրանց անջատողական ձգտումներին», դա համարյա նույնն է, ինչ գերմանացիներն էին օգտագործում հրեաներին վերացնելու ժամանակ՝ վերջնական լուծում։
- Թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթերի հիման վրա կարելի է վերահաստատել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունն արդեն հաստատված փաստ է, աշխարհի բազմաթիվ պատմաբաններ հաստատել են դա։ Թվերի խաղն անիմաստ է։ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել։
- Եվրոպայում էլ ժամանակ առ ժամանակ պատմաբաններ են հանդես գալիս, որոնք փորձում են հերքել 6 մլն հրեաների ցեղասպանության փաստը, սակայն այդ պատմաբանների նկատմամբ դատական գործընթացներ են սկսվում։
- Առաջին անգամ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության ծրագիր է ունեցել բուլղար ժողովրդի դեմ, որը չիրականացավ։
- Ցեղասպանությունը կանխամտածված սպանություն է մի ժողովրդի դեմ, ցեղասպանությունը նախապես ծրագրված է, շատ կարևոր է բացահայտել այդ ծրագիրը։
- Աբդուլ Համիդի գրասենյակը ծրագիր է ունեցել, որը բացահայտել են օտարերկրյա դիտորդները։ Երիտթուրքերը շարունակեցին այդ ծրագիրը։ Այդ ծրագրով նախատեսել էին սկզբից բուլղար ժողովրդի դեմ իրականացնել ցեղասպանություն, հետո՝ հայերի։
- Թուրքերի համար կարևոր էր, թե ինչպես փրկել իրենց պետությունը: Նրանց համար ամենակարևորն իրենց հողը պահպանելն էր, և հայ ժողովուրդը Փոքր Ասիայում մեծ տարածքի վրա էր ապրում, դրա համար որոշեցին հարցը լուծել՝ վերացնելով հայ ժողովրդին։
- Հայերին ցեղասպանելու ծրագիրը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ուներ, վերջնական տարբերակը պատրաստ էր 1915 թվականի հունվար-փետրվար ամիսներին։
- 1919 թվականին մի փաստաթուղթ է հրապարակվել, որը ձեռք էր բերել անգլիական հետախուզությունը: Դա 10 կետից բաղկացած և հինգ հոգու մասնակցությամբ ընդունված փաստաթուղթ էր, գործողությունների պլան, որն էլ իրականացվեց: Այդ կետերից մեկով նախատեսված էր ձերբակալել և ոչնչացնել հայ մտավորականությանը, մեկ ուրիշ կետով՝ պաշտոնանկ անել հայ պաշտոնյաներին, իսկ 10-րդ կետում նշված էր՝ գործողությունները կատարելուց հետո փաստաթուղթը վերացնել։ Բայց փաստաթուղթը հայտնվել է Մեծ Բրիտանիայի արխիվում, որը հրապարակվել է մամուլում։ Մեծ Բրիտանիան դա հրապարակելով՝ նպատակ ուներ երիտթուրքերի պարագլուխների դեմ կազմակերպել դատավարություն, իր վերահսկողության ներքո, սակայն, ի վերջո, բրիտանացիների ճնշմամբ թուրքերն իրենք կազմակերպեցին այդ դատավարությունը և երիտթուրքերի պարագլուխները դատապարտվեցին մահապատժի թուրքական դատարանի կողմից։
- Անտանտի երկրների հռչակագրով՝ Օսմանյան կառավարության անդամներն անձամբ պետք է պատասխանատվության ենթարկվեին մարդկության դեմ կատարած հանցագործության համար։
- Թալեաթ փաշան ապրիլի 24-ի գիշերը կարդացել էր այդ հռչակագիրը, ներկայացրել է Կառավարությանը, և արդեն 26-ին Կառավարությունը որոշում էր կայացրել հայերին տեղահանելու մասին։
- Ազերիները պահանջում են այդ Տավուշի 4 գյուղերը, որոնք Խորհրդային տարիներին եղել են Ադրբեջանի կազմում։ Պահանջում են, բայց չեն ստանում։ Կարող է փոխանակում տեղի ունենալ, կարծում եմ՝ դրա համար չեն տալիս։
- Որոշակի հատվածներ էլ կան, որոնք Խորհրդային Հայաստանի տարածքում են եղել, բայց Ադրբեջանն ուժով է գրավել դրանք: Չեմ կարծում, թե ադրբեջանցիներն այդ տարածքներից հոժար կամքով դուրս կգան, չեն դուրս գա, ուժով կհանձնեն։
- Պետք է Ադրբեջանից պահանջել որոշակի հատուցում, ինչը հիմա չի արվում։
- Ակնհայտ է, որ մեր ինքնությունը ձևավորվել է՝ մեր հազարամյա պատմությունը ներառելով, և քանի դեռ մենք շարունակում ենք մնալ հայ, այդ պատմությունը մոռանալ չի լինի։ Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում։
- Արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել՝ պրագմատիկ նկատառումներից ելնելով, գուցե իրական քաղաքականության մեջ պատմական անցյալը երկրորդական պլան մղելով, բայց չմոռանալով այն: Հայոց պատմությունը փառահեղ պատմություն է, մեծ հարստություն է և մեր ունեցած միակ ռեսուրսը։ Մենք ունենք մեր էությունը, մեր պատմությունը, ինքնությունը և դրա հիման վրա պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, այդ պատմությամբ հպարտանալով և ոչ թե՝ սգալով։
- Մեր ազգային ինքնությունն այնքան ուժեղ է… շատ ավելի ծանր հարվածներ է հայ ժողովուրդը տեսել, բայց պահպանվել է: Ցեղասպանություն տեսած ժողովուրդը մի քանի տարի հետո պետություն է ստեղծել։
- Կլինեն պահանջներ Զանգեզուրի միջանցքի մասին, համոզված եմ, նաև մեր ինքնության մի մասից հրաժարվելու պահանջ կներկայացնի Թուրքիան։ Բայց մեր ինքնությունը շատ ավելի խորն է և ընդգրկուն, քան ցեղասպանության պատմությունը։ Հայը՝ որպես երևույթ, հարգանքի արժանի է եղել:
- Մի քանի տարի առաջ Լեհաստանի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդին։
Ընթերցողին հիշեցնենք, որ 2017թ. Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև է ընդունել, որով ճանաչվում է հայերի դրական ազդեցությունն ու նպաստավոր գործունեությունը Լեհաստանի պատմության ընթացքում: Բանաձևն ընդունվել է միաձայն: Փաստաթուղթը երախտագիտություն է հայտնում հայերին «լեհական մշակույթի զարգացմանը ցուցաբերած աջակցության և երկրի պատմության մեջ ստեղծագործական ներկայության» համար:
- Մենք՝ հայերս, դարերի ընթացքում հարգանքի արժանի ժողովուրդ ենք եղել, աշխարհաքաղաքական նշանակություն ենք ունեցել՝ անգամ այն ժամանակ, երբ պետություն չենք ունեցել։
- Պետք է Սփյուռքը և Հայաստանը ուսումնասիրեն ու հասկանան նոր ձևավորվող իրական և վիրտուալ աշխարհը։
- Փոքր պետությունը կարող է այս նոր վիրտուալ աշխարհում ունենալ իր դիրքը։
- Հիմա մեր ժողովուրդը ետպատերազմյան սինդրոմի մեջ է, մենք պարտություն կրեցինք ու թուլացանք, հիմա պաշտպանողական վարքագիծ ենք դրսևորում։ Պետք է անցնել այս փուլը։
- Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ, Հայաստանն այնքան է ինտեգրված ԵԱՏՄ-ի մեջ, որ դուրս գալու համար տասնամյակներ են պետք։
- Չեզոք, արտադաշինքային պետություն լինելու համար պետք է կարողանաս ինքդ քեզ պահել, անվտանգային առումով լինես ինքնաբավ, իսկ մենք դա չունենք, ուստի այդ վիճակը չի փոխվի մոտակա ապագայում։
- Հայաստանը չունի այն նշանակությունը, ինչ Ուկրաինան, ուստի չեմ կարծում, որ կդառնա գերտերությունների համար պլացդարմ։ Հիմա առաջացել է Մերձավոր Արևելքի խնդիրը, որտեղ գերիշխում է Արևմուտքը և ԱՄՆ-ը, որն օգտագործում է իր հզորությունն Իսրայելում։ Մեր տարածաշրջանն այնպիսի տարածաշրջան չի, որտեղ կարող է բախում լինել։ Ռուսաստանի թուլացումը հնարավորություն տվեց Թուրքիային օգտվել այդ իրադրությունից։ Սա, իհարկե, Իրանին դուր չի գալիս, բայց պետք է հաշվի առնել, որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան մրցակիցներ են տարածաշրջանում, և Հարավային Կովկասում Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը՝ ներկայացնելով նաև Արևմուտքը։ Իրանին դուր չի գալիս նաև, որ տարածաշրջանում են գտնվում ԵՄ դիտորդները, որի առաքելությանը երեկ պաշտոնապես միացավ նաև Կանադան՝ ի դեմս կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու։
- ԵՄ դիտորդական այս առաքելությունը որոշ չափով օգուտ է տալիս, բայց հիմնական զսպող ուժը պետք է լինի Հայաստանի բանակը։ Հայաստանը որոշակի գին է վճարում իր անվտանգությունն այդպես որոշ չափով ապահովելու համար, դրա գինն Իրանի և Ռուսաստանի դժգոհությունն է։
Ընթերցողին հիշեցնենք, որ 2011թ. լիբանանյան «Ջումհուրիա» թերթում լույս տեսած Wikileaks-ի գաղտնի փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Թուրքիան ոչնչացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արխիվները:
Ըստ այդ հրապարակումների՝ թուրքական իշխանությունները վերացրել կամ խեղաթյուրել էին իրենց արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը։
2004թ. հուլիսի 12-ին թվագրված 04ISTANBUL1074 փաստաթղթում ներկայացվում էին Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության գրառումներում տեղ գտած թուրք և օտարերկրյա պատմաբանների՝ Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ մեկնաբանություններն ու վկայությունները։ Փաստաթղթում նշվում էր, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին հիմնական արգելքը հանդիսանում է Հայոց ցեղասպանության թեման և դրա ընդունումը Թուրքիայի կողմից։
«Հայկական Սփյուռքի կողմից իր դատի առնչությամբ իրականացվող պայքարն էլ ավելի հզոր թափ է հավաքում։ Սփյուռքի ձեռքում կան բազմաթիվ վկայություններ և փաստաթղթեր, որոնք հաստատում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվել է ոչնչացման ծրագրված քաղաքականություն… Իր հերթին Թուրքիան հրապարակել է իր թեզը պաշտպանող մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ի պատասխան հայկական հրոսակների կողմից մուսուլման թուրքերի դեմ իրականացված հարձակումների, տեղահանվել են հարյուր-հազարավոր հայեր, որոնք ճանապարհին մահացել են հիվանդությունների, ավազակների կողմից իրականացված հարձակումների հետևանքով»,- նշվում էր Wikileaks-ի գաղտնի փաստաթղթում։
Ըստ Wikileaks-ի, 2004 թվականին Վաշինգտոն ուղարկված հեռագրում Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոս Դեյվիդ Արնեթը գրել է. «Թուրք պրոֆեսոր Հալիլ Բերքթայի խոսքով, Անկարան երկու լուրջ փորձ է կատարել՝ Հայոց հարցում Թուրքիայի մեղավորությունն ապացուցող փաստաթղթերը ոչնչացնելու ուղղությամբ»:
«Առաջին փորձը տեղի է ունեցել 1918 թվականին. այդ մասին, ըստ Բերքթայի ու մի շարք այլ գիտնականների, հուշում են 1919 թվականին Թուրքիայի Ռազմական տրիբունալում տրված ցուցմունքները, որոնց համաձայն` արխիվներից կարևոր փաստաթղթեր են գողացվել,- գրել է ամերիկացի հյուպատոսն ու շարունակել,- Մաքրազերծման երկրորդ փորձը, թուրք գիտնականի խոսքով, տեղի է ունեցել 90-ականներին՝ մի խումբ պաշտոնաթող դիվանագետների ու գեներալների կողմից, որոնց առաջնորդել է Լոնդոնում և ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մուհարեմ Նուրի Բիրգին»:
Բերքթայը, նշելով, որ երկրորդ փորձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը մտածում էր արխիվները բացելու մասին, մանրամասնել է, որ այդ գործողությունն իրականացվում էր պաշտոնաթող գեներալների և դիվանագետների կողմից, որոնց գլխավորում էր Իրաքում Թուրքիայի դեսպան Նուրի Մուհարեմ Բիրգին։ Հալիլ Բերքթայը տեղեկացրել է նաև, որ մի անգամ թուրք դեսպանը կիսվել է իր հետ արխիվային փաստաթղթերի մաքրման գործում իր «հաջողությունների» մասին՝ ասելով. «Ես իրոք մորթեցի հայերին»։
Ընդ որում, ըստ դիվանագիտական հեռագրի, նույն Բիրգին իր մտերիմներից մեկի հետ զրույցում ցավով խոստովանել է, որ թուրքերն իրականում կոտորել են հայերին:
Մաքրազերծվող արխիվների մասին որոշ տեղեկություններ է փոխանցել նաև Թուրքիայում Ամերիկյան հետազոտական ինստիտուտի տնօրեն Տոնի Գրինվուդը: Վերջինս պատմել է, թե երբ ինքն աշխատելիս է եղել արխիվում, մի խումբ պաշտոնաթող զինվորականներ այնտեղ անարգել մուտք գործելու իրավունք են ունեցել ու ամիսներ են ծախսել՝ պատմական փաստաթղթերը հետազոտելու համար:
Հայկական հարցով զբաղվող մեկ այլ թուրք գիտնական էլ պնդել է, թե արխիվները մաքրելու գործընթացը շարունակվում է նաև մեր օրերում՝ փաստաթղթերը դասակարգելու պատրվակի տակ:
Դիվանագիտական հեռագրում ԱՄՆ-ի հյուպատոսը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է խոչընդոտել Հայկական հարցը հետազոտող գիտնականներին. «Պաշտոնյաները հայտարարում են, թե փաստաթղթերից շատերն այնքան են վնասվել, որ այլևս օգտագործման ենթակա չեն»:
«Այս փաստը 2001 թվականին քննադատեց անգամ իր՝ Թուրքիայի հեղինակավոր պատմաբան Հալիլ Ինալչիկը, ով «Ռադիկալ»-ի էջերում հայտարարեց.- «Օսմանյան կայսրության արխիվները պետք է բացվեն աշխարհի առջև»,- Վաշինգտոն ուղարկված հեռագրում մատնանշել է Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոս Դեյվիդ Արնեթը:
ԱՄՆ հյուպատոսարանի գրառումներում քննարկվում էր նաև հայ և թուրք ժողովուրդների ինքնության թեման։
«Հայկական կողմն ինքնության հետ կապված որևէ խնդիր չունի, սակայն թուրքերի ինքնության պահպանման հարցը շատ ծանր վիճակում է։ Այն անփոփոխ վիճակում է գտնվում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի ժամանակաշրջանից ի վեր։ Նույնիսկ այսօր առկա է այն ընկալումը, որ եթե իշխանություններն ընդունեն հայերի դեմ իրականացված որևէ սխալ, ապա դա հարցականի տակ կդնի երկրի սահմանները, ինչպես նաև կթուլացնի Թուրքիայի մոտեցումը՝ փոխհատուցում վճարելու հայերի պահանջներին»,- նշվում է փաստաթղթում։
Թուրքիայում ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Տոնի Գրինվուդն ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն արխիվում հետազոտություն իրականացնելիս տեսել է, թե ինչպես են թուրք զինվորականները հատուկ ստուգում անցկացնում։
«Որոշ թուրք պատմաբաններ պնդում են, որ արխիվներում նաև այսօր շարունակվում է հայկական արխիվային փաստաթղթերի մաքրման գործընթացը»,- նշվում է ԱՄՆ հյուպատոսության գրառումներում։
Մանրամասները՝ տեսանյութում.