Բաժիններ՝

Թուրքիան տեղափոխում է 100 միլիոն փաստաթղթից բաղկացած օսմանյան արխիվը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Օսմանյան արխիվները տեղափոխվելու են Ստամբուլում գտնվող Սուլթանահմեթի պալատից, ուր դրանք գտնվում են 400 տարի:

Խոսքը գնում է 100 միլիոն փաստաթղթի, 370.000 տետրի մասին, որոնց տեղափոխելու են Քյաղըթհանե և տեղավորելու են 52 հեկտար տարածքում կառուցվելիք նոր շենքում: Այդ արխիվները պահպանվելու են ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական Star թերթը հոդված էր տպագրել Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի՝ Հայոց ցեղասպանության գաղտնի պլանի մասին, որում խոսք էր գնում նաև օսմանյան արխիվների մասին.

«Օզալը պլանավորել էր բացել նաև կառավարության արխիվները, որից հետո պետք է իրականացվեին արխիվային լուրջ աշխատանքներ: Այդ նպատակով պետք է ձևավորվեր «իմաստունների» խումբ, որը պետք է պատրաստեր համապատասխան զեկույց: Այդ նպատակով պաշտոնաթող դիվանագետներից և գեներալներից ընտրվել էր օսմաներենին տիրապետող 8-10 մարդ:

1980-ական թվականներին Օսմանյան կայսրության արխիվները գտնվում էին վատթար վիճակում՝ տուժելով անձրևից ու ձնից: Կրծողներն ամեն օր ուտում էին 4-5 կիլոգրամ փաստաթուղթ: Օզալը շատ էր ցավում նման վիճակի համար: Ստիպված եղանք արխիվը տեղափոխել այդ շենքից: Առկա էին 1915 թվականին նախորդած ու հաջորդած ժամանակաշրջանին առնչող միլիոնավոր փաստաթղթեր, անգամ մենք չգիտեինք դրանց ստույգ թիվը:

Օզալը, սակայն, չբավարարվեց միայն Թուրքիայի արխիվներով: Նա կարգադրեց, որ ԱԳՆ-ն աշխատանքներ տանի նաև հարևան երկրների արխիվների բացման ուղղությամբ և մասնագետներ գործուղեց ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա՝ ուսումնասիրելու այդ երկրների արխիվները»:

Ի դեպ, 2012 թվականի մայիսի սկզբին թուրք պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Ինալջըքը հայտարարեց, որ աշխարհի 30 երկրի աչքն օսմանյան արխիվի վրա է. «Երեք աշխարհամասերը ներկայացնող մոտ 30 երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում օսմանյան արխիվի հանդեպ: Խոսքը հիմնականում նախկինում Օսմանյան կայսրության կազմում ներառված երկրների մասին է:

Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով ի հայտ են եկել 26 կամ ավելի շատ երկրներ: Այդ երկրները շահագրգռված են տվյալ արխիվում պահվող և իրենց առնչվող տնտեսական, սոցիալ-մշակութային ու ժողովրդագրական փաստաթղթերի հետազոտմամբ, քանի որ այդ արխիվում պահվում են տվյալ տարածաշրջանի պատմությանն առնչվող փաստաթղթեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս