ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
«Խոսքը ԵՄ որոշ երկրների ու ԱՄՆ-ի մասին է»,- այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Իրանը դիտարկում է Ռուսաստանին արտատարածաշրջանային ուժ՝ հաշվի առնելով Իրանի այն դիրքորոշումը, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, և արդյո՞ք արտատարածաշրջանային ուժերից խոսելիս՝ Իրանը նկատի ունի Ռուսաստանին։
Դեսպան Սոբհանին ասաց, որ եթե դիտարկենք աշխարհագրությունը, հստակ երևում է, և կհասկանանք, որ Իրանն ունի ընդհանուր սահման Հայաստանի ու Ադրբեջանի հետ, Թուրքիան ունի սահման Հայաստանի ու Վրաստանի հետ, Ռուսաստանը՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ սահման ունի։
«Արտատարածաշրջանային ուժեր ասելով՝ նկատի ունենք օվկիանոսից այն կողմում գտնվող երկրներին։ Այսինքն՝ օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ ու այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացում։
ՌԴ-ն Կովկասի հետ սահման ունի, ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ»,- ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ հավելելով, որ խոսքը ԵՄ որոշ երկրների ու ԱՄՆ-ի մասին է։