Կգա սերունդ, որը կթքի նրանց ճակատին՝ ասելով, թե՝ մեր պապերն էս ի՞նչ խայտառակություն են արել. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Ռևանշիզմ». ահա այս տերմինով են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանական ու իշխանամերձ տարբեր շրջանակներ որակում ՀՀ այն ինստիտուտների ու քաղաքացիների կոչը, որոնք ահազանգում են պարտվողական ու զիջողական քաղաքականության վտանգների մասին, որոնք չեն համակերպվում Ցեղասպանության վրա աչք փակելու, Արցախն ուրանալու, Տավուշի գյուղերը հանձնելու՝ իշխանությունների որդեգրած գծի հետ:
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն էլ է հենց այս՝ «ռևանշիզմ» բառով արձագանքել նախօրեին Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ Մայր Աթոռի տարածած հայտարարությանը, որով Եկեղեցին կոչ էր անում հրաժարվել պարտվողական գործելաոճից:
«Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանն «ազատագրել» է «իր» հողերը»,- ասել է Փաշազադեն՝ սուտ ու կեղծիք որակելով ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական եկեղեցիների քանդման կամ մզկիթների վերածման փաստը:
«Ռևանշի՞զմ» է արդյոք սեփական հայրենիքը, պետությունը թշնամուն չզիջելու՝ եկեղեցու ահազանգը՝ 168.am–ի հարցին ի պատասխան՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատեց.
«Իհարկե ռևանշիզմ չէ, բայց այս պարագայում «ռևանշիզմն» ինքնին վատ բան էլ չէ:
Մենք մեր սեփականը մերն ենք համարում. հիմա դա իրենք «ռևանշիզմ» տերմինով կկոչեն կամ այլ տերմինով կկերպավորեն, իրենց խնդիրն է: Մենք ուրիշինը չենք ուզում, մենք մեր սեփականն ենք ուզում՝ այն, ինչ դարերով սրբագործված է ու եկեղեցիներով, վանքերով սահմանագծված»:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հասկացնում է, որ այդ եկեղեցիներով ու վանքերով սահմանագծված տարածքները պետք չէ վերագրել իրական Հայաստանին, դրանք պատմական Հայաստանի մասն են, իսկ իրական Հայաստանը 29.743 քկմ է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքեց հերքումով:
«Իրական Հայաստանը կլիներ շուրջ 29.800 քկմ, եթե սահմանը գծած լիներ հայ ժողովուրդը. այդ սահմանը գծվել է թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանության և Ստալինյան տեռորի պայմաններում: Այդ սահմանները երբեք չեն կարող իրավական լինել, որովհետև դրանք չեն գծվել կամարտահայտման միջոցով, այլ բռնի պարտադրված սահմաններ են, որոնց հետ հայ ժողովուրդը չպետք է համաձայնվի,- պարզաբանեց հոգևորականը և հավելեց,- Հայ ժողովուրդը, ի տարբերություն թուրքերի ու ադրբեջանցի թուրքերի, այս տարածքի բնիկն է և չի կարող ունենալ ոչ կենսունակ տարածք: Բնիկը չի՛ կարող ունենալ ավելի փոքր երկիր, քան եկվորը՝ նամանավանդ, որ բոլոր հիմքերն ունի ավելին ունենալու, որովհետև մնացյալ տարածքները գրավված են Ցեղասպանությամբ, ու ոչ թե՝ դարերի միգրացիոն հոսանքների արդյունքում: Իսկ Ցեղասպանությամբ գծված սահմանը երբեք օրինական, վավերական ու իրավական չի կարող լինել: Ուրեմն, եթե մենք չենք համաձայնում ցեղասպանությամբ գծված սահմանների հետ, ռևանշիզմ չէ՝ արդարության պահանջ է»:
Նա համոզված է, որ այդ պահանջը գուցե խլացվի, բայց երբեք չի լռեցվի:
«Հնարավոր է՝ հայ ժողովրդի մի հատված 2024 թվականի այս պահին համաձայնի 29.743-ի հետ, բայց հետո կգա մի սերունդ, որը կթքի նրանց ճակատին՝ ասելով, թե՝ մեր պապերն էս ի՞նչ խայտառակություն են արել և էս ի՞նչ խայտառակության հետ են համաձայնել»,- շեշտեց նա:
Հոգևորականը թյուր է համարում իշխանությունների տեսակետը, թե «պատմական» Հայաստանի երազանքով ապրելը մեզ համար փակուղի է:
«Փակուղի չէ. փակուղի է, եթե շարունակենք ապրել իրենց նման մտածելով: Այդ դեպքում Ծիծեռանակաբերդի հուշահամալիրը քանդեք, Ցեղասպանության մասին մոռացեք, այդ տարածքում կազինոներ սարքեք, մարդիկ գնան-զբաղվեն: Ինչի՞ համար ենք Ցեղասպանության մասին խոսում 110 տարի. դուք հատուցում չե՞ք պահանջում, դրան ունակ էլ չեք,- շեշտեց Միքայել արքեպիսկոպոսը, ապա անդրադառնալով մեր արձագանքին, որ մեկ անգամ չէ՝ իշխանական տարբեր խոսափողներ հրաժարվել են Ցեղասպանության օրակարգից՝ նկատելով, որ չունեն մանդատ ցեղասպանվածների ժառանգների անունից խոսել Թուրքիայի հետ. իրենք Հայաստանի անունից են խոսում, ասաց,- Իրենք ղալաթ են անում. էդ ինքը կարող է՝ չունի, ես ունեմ, և ես իմ այդ իրավունքն իրեն չեմ տալիս ու չեմ զիջում»:\