Բաժիններ՝

Հղիության ռոբոտ

Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ գիտական զարգացումները լույսի արագությամբ առաջ են գնում: Աշխարհ, որտեղ տեխնոլոգիան մեզ տալիս է հակասություններ՝ առաջադիմություն և կործանում, քաջություն և վախ, ուրախություն և տխրություն և այլն: Աշխարհ, որտեղ հղիությունն այլևս միայն մարդկային փորձառություն չէ, այլ նաև տեխնոլոգիական։

Այս հոդվածի նպատակն է խոսել ոչ միայն հղիության ռոբոտի դրական կողմի մասին, ինչպես շատ համացանցային կայքէջեր անում են իրենց գրառումներով և տեսանյութերով, այլ նաև խոսել հղիության ռոբոտի բացասական կողմի մասին, որպեսզի տեխնոլոգիասեր մարդիկ չնայեն յուրաքանչյուր արդի գիտական նվաճմանը սոսկ դրական՝ վարդագույն ակնոցով:

Հղիության ռոբոտի հասկացությունը: Շուրջ մեկ ամիս առաջ, YouTube-ում Technology Now էջը տեղադրել էր տեսանյութ, որում բացատրում է, որ հղիության ռոբոտը մեքենա է՝ լիովին աշխատող արհեստական ​​արգանդով։ Նախատեսված է հղիության ընթացքում մարդու մարմնի ներսում տեղի ունեցող ամեն ինչ կրկնօրինակելու համար։ Ծրագրված է բնական արգանդի բոլոր գործողությունները կատարելու համար՝  պտղի կերակրումը, թթվածնի մատակարարումը, ջերմաստիճանի պահպանումը և այլն։

Հղիության ռոբոտի դրական կողմը

Կարդացեք նաև

Հղիության ռոբոտի դրական կողմերն են՝

Սննդառությունը: Ցավոք կան հղի կանայք, որոնք հղիության ժամանակաշրջանում անտարբեր են՝ ուշադիր չեն իրենց սննդի նկատմամբ: Նրանցից ոմանք ծխում են, ուրիշներն օգտագործում են ալկոհոլային խմիչքներ, ինչը բացասականորեն ազդում է արգանդում գտնվող մանկան վրա: Մինչդեռ հղիության ռոբոտն այդ բոլոր սխալ արարքներից զերծ է, նա սնուցանելու է մանկանը բժշկական լավագույն ցուցումներով:

Ապահովություն: Շատ տարիներ առաջ՝ 2009-ի դեկտեմբերի 4-ին, «Նյու Յորք Թայմս»-ը իր կայքէջում հրապարակեց «Protecting Pregnant Women in Car Accidents» թեմայով հոդված, որում նշեց, որ ամեն տարի ավտովթարներից մահանում է 300-ից 1000 չծնված երեխա։ Նաև չծնվող մանուկների վիժման պատճառներից կարող են լինել՝ չափազանց ֆիզիկական աշխատանքը, ծանր առարկաների բարձրացումը, որոշ մարզանքները, սխալ շարժումները և այլն: Հղիության ռոբոտում մանուկը ապրելու է ապահով միջավայրում՝ հեռու ավտովթարներից, սխալ արարքներից ու շարժումներից:

Ուրախություն: Գոյություն ունեն կանայք, որոնք որոշակի հիվանդությունների պատճառով չեն կարողանում հղիանալ և ապրել հղի կանանց ուրախությունը: Նրանցից ոմանք արդեն սկսել են դիմել փոխնակ մոր տարբերակին, որը, www.birthbatumi.com-ի բացատրությամբ, «տարատեսակ է, որի դեպքում «փորձանոթում աճեցված սաղմերը տեղադրվում են ոչ թե կենսաբանական մոր, այլ հատուկ նախապատրաստված կնոջ արգանդի խոռոչում, որը կկրի դրանք մինչև ծննդյան պահը»:

Հղիության ռոբոտի գովազդի բովանդակության մեջ ներառյալ է ուրախությունը: Այս ռոբոտը ուրախություն է պարգևում զույգին, որոնք ամեն գնով ցանկանում են լինել կենսաբանական հայր և մայր:

Թափանցիկություն: Հղիության ռոբոտը կարելի է պատրաստել թափանցիկ նյութով, որի միջոցով բժիշկը կամ բուժքույրը հեշտությամբ կարող են նայել արհեստական ​​արգանդում գտնվող աճեցված սաղմին, իմանալու համար նրա արտաքին առողջական վիճակը, մինչդեռ հղի մայրը պետք է գնա ուլտրաձայնային հետազոտության:

Ծննդաբերություն: Հղիության ռոբոտի միջոցով տեղի ունեցած ծննդաբերությունը լինելու է ճիշտ ժամանակին՝ ժամին ու ինչու ոչ՝ նաև րոպեին, հեշտ՝ առանց խնդիրների, խաղաղ՝ հեռու լարված մթնոլորտից, արագ և այլն:

Քննություն: Հղիության ռոբոտը օժտվելու է այնպիսի տեխնոլոգիական ծրագրով, որ երկարատև ինն ամիսների ընթացքում մնայուն պիտի քննի մանկան օրգանների և օրգան-համակարգերի աճն ու առողջությունը:

Խնայողություն: 21/12/2024-ին «Հայկական ժամանակ» կայքէջը հրապարակել էր. «Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը» խորագրով հոդված: Այնտեղ  նշված է, որ «Եթե նախկինում փոխնակ մոր ծառայության արժեքը կազմում էր 10 հազար դոլար, ապա վերջին երկու տարիներին այն դարձել է 20 հազար դոլար»:

Համացանցում զանազան լրատվամիջոցներ՝ The Jerusalem Post,  New York Post, The Economic Times և այլն խոսում են հղիության ռոբոտի գնի «14,000 դոլար» մասին, ինչն ավելի մատչելի է, քան փոխնակ մոր վարձը:

Հղիության ռոբոտի բացասական կողմը

Հղիության ռոբոտի բացասական կողմերից են՝

Ընտանիք: Հղիության ռոբոտը բաժանելու է ընտանիք հասկացությունը, որովհետև որևէ՝

1. տղամարդ իր սերմի, ձվաբջիջների բանկի և հղիության ռոբոտի միջոցով կարող է ստանալ զավակ և լինել հայր,

2. կին իր ձվաբջիջի, սերմնաբջիջների բանկի և հղիության ռոբոտի միջոցով կարող է ստանալ զավակ և լինել մայր՝ հեռու հղիության ցավերից:

Եվ այսպիսով, ոմանք կընտրեն այս մեթոդը՝ ունենալով զավակ առանց ամուսնության:

Օրենսդրություն: Անցյալում որևէ զավակի ID քարտի կամ անձնագրի մեջ հիշվում էր իր մոր անունը, որ հղիանալով լույս աշխարհ բերեց իրեն:

Ներկայիս կարելի է ասել, որ գոյություն ունեն երեք տեսակի մայրեր՝

1. կենսաբանական մայր,

2. փոխնակ մայր և

3. ռոբոտ մայր:

Օրենսդրական մեծ խնդիր պիտի առաջանա, երբ մի երիտասարդ, ձվաբջիջների բանկի և հղիության ռոբոտի միջոցով ունենա զավակ, որի կենսաբանական մայրը անհայտ է, իսկ ծննդաբերող մայրը ռոբոտ է: Նույնն է պարագան երիտասարդ աղջկա համար, երբ նա հղիության ռոբոտով ստանում է զավակ, որի հայրը անհայտ է՝ սերմնաբջիջների բանկից է, իսկ մայրը հղիության ռոբոտն է:

Արդյո՞ք տեսնելու ենք նոր ID քարտեր և անձնագրեր, որոնց մեջ հոր կամ մոր անվան կողքին պիտի գրվեն սերմնաբջիջների բանկ, կամ հավանակա՞ն է, որ այդ երկու բաժինները վերանան:

Զգացմունք: Սովորական հղիության մեջ, զգացմունքային հարաբերություն կա մոր և սաղմի միջև: Արգանդում գտնվող երեխան զգում է իր մոր ուրախությունը, տխրությունը: Ինչպե՞ս պիտի զգացմունքային հարաբերություն առաջանա սաղմի և հղիության ռոբոտի միջև, երբ վերջինս զուրկ է նյարդային համակարգից, զգացմունքներից:

Տեսք: Սովորական հղիության տեսքը ու հղիության ռոբոտի տեսքը նույնը չեն:  Առաջինը մարդ է, հղիության արտաքին տեսքը օրըստօրե ավելի տեսանելի է դառնում: Երկրորդը ռոբոտ է, հղիության տեսքը մեքենայական է:

Կապվածություն: Սովորական հղիությունը կապվածություն է ստեղծում մոր և զավակի միջև: Հետծննդյան շրջանում զավակը սնվում է իր մոր կաթով, հանդարտվում է, հանգստանում է և քիչ ժամանակ անց քնում է: Ինչպե՞ս նորածինը կապվածություն կունենա իր մոր՝ հղիության ռոբոտի հետ, կարելի՞ է ասել, որ մարդկությունը գտնվում է նոր շեմին՝ մարդ – ռոբոտ կապվածության:

Այո, հղիության ռոբոտը կարող է ճիշտ սնուցանել սաղմին, ինն ամիս ապահովությամբ ավարտել հղիության գործընթացը, ուրախություն պատճառել որոշ կանանց, առանց ուլտրաձայնային հետազոտության թափանցիկ նյութով սաղմին նայելու հնարավորություն տալ բժիշկներին, ծննդաբերությունը շատ հեշտ կատարել, մնայուն քննել սաղմի առողջական վիճակը, դրամական խնայողություն պատճառել զույգին: Սակայն, միաժամանակ, ունի բացասական կողմ՝ գործակից լինել ընտանիքների քայքայմանը, փոփոխություն կատարել օրենսդրության մեջ, վերացնել սաղմի և իր մոր միջև կապվածությունը, հղիության տեսքը վերածել սոսկ մեքենայականի, ինչպես ճտերը ինկուբատորի մեջ և այլն:

Պայման չէ, որ յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա լինի բարի, ճիշտ և բարեփոխիչ:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս