Առավել քան երբևէ, Մայր Աթոռը իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի. Սուրեն Սուրենյանց

«Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում,- գրում է քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը և մանրամասնում,- Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։

Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին նա ներկայանում է վերջին շրջանում։
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է նշված եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իշխանություն–Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։

Ավելին, Սրբազանը կարգալուծման հարցում դեմ է քվեարկել Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե իր դիրքորոշումն առաջնորդվում էր բացառապես Եկեղեցու շահերով և «չի կարող կապվել որևէ քաղաքական օրակարգի՝ ընդդիմության կամ իշխանության հետ»։

Այս հայտարարությունները և Փաշինյանի եկեղեցական այցերի սաստկացումը միանշանակ ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է ձևավորել իրեն լոյալ կամ առնվազն քաղաքականապես չեզոք հոգևորականների շերտ։

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք։

Արդյունքում՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման և Մայր Աթոռի շուրջ ճնշումների «աշխարհագրությունը» ընդլայնվում է, իսկ մեթոդները՝ խորանում։

Այս պայմաններում առավել լեգիտիմ է դառնում մեկ կարևոր հարցադրում․
ինչո՞ւ է Մայր Աթոռը շարունակում լռել և չի կատարում հասարակության հետ բաց, ուղղակի և նախաձեռնողական հաղորդակցության քայլեր։

Խոսքը ոչ թե իշխանության հետ առճակատման մասին է, այլ Մայր Աթոռի՝ իր հավատացյալների հետ կապի խորացման, նրանց հոգևոր և բարոյական սպասումներին արձագանքելու, որպես ազգային ինստիտուտ՝ իր դերակատարությունն ուժեղացնելու մասին։

Երբ իշխանությունն ամեն օր խորացնում է իր «եկեղեցական» օրակարգը, լռությունն այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանական դիրք։

Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։

Այսօր, առավել քան երբևէ, Մայր Աթոռը իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի»:

Տեսանյութեր

Լրահոս