«Եթե համոզված լինեինք, որ հայկական ուժերը Հակարիում մխրճվելու են, ու թուրքը հանկարծակիի է գալու, մինչև վերջ ատամներով կպահեինք». Արմեն Ասրյան
ՀՀ իշխանություններն արցախահայերի բնակարանային ապահովության ծրագրի վերաբերյալ հիմա «լայն քննարկումների» իմիտացիա են անում շրջաններում։ Գնում են այնտեղ, հատուկ ընտրում մարդկանց, հնչեցնում են ծրագրի կետերն ու վերջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե այդ հանդիպումներից հետո բռնի տեղահանված արցախահայերի հետ առանձին զրուցեն, ապա իրականությունն ակնհայտ կդառնա։ Մինչդեռ՝ իշխանությունը խուսափում է հանդիպել արցախյան այն հասարակական կազմակերպությունների անդամների հետ, որոնք նախաձեռնել էին արցախահայերի խնդիրների թեմայով մարտի 20-ի հանրահավաքը։
«Այդ նախաձեռնող խմբի մեջ կան փորձագետ մարդիկ, ովքեր կարող են ցանկացած կետով ապացուցել, որ իրենք ճիշտ հաշվարկներ չեն արել, թեկուզ բնակարանային ապահովման բազային թիվը, համայնքների սկզբունքայնությունը և այլն։ Ինչո՞ւ են խուսափում մեզ հետ հանդիպելուց, նրանց ձեռնտու չէ առերեսվել իրականության հետ, նրանք իրենց մշակած ծրագիրն են հիմք ընդունում՝ առանց գիտակից մարդկանց կողմից առաջարկներ ու հիմնավորումներ լսելու։
Եթե այսպես շարունակեն, շատ արցախահայեր գնալու են, շատերն ասում են՝ դպրոցները փակվեն, գնալու ենք։ Այսպիսի տրամադրություններ կան, և սա շատ վտանգավոր է։
Երբ տեսնում ենք այս իշխանությունների հայտարարությունները 2018, 2019 թվականներին ու դրանից հետո, համահայկական խաղերի ժամանակ Արցախի մարզադաշտում Նիկոլ Փաշինյանի սրտաճմլիկ բանաստեղծությունը, ասում էինք՝ սա է, որ կա։ Կամ ՀՀ ԱԺ նախագահի նախկին խոսքերը, թե՝ Սերժն ո՞վ է, որ հողերը սակարկման դնի, և նրանց այսօրվա դիրքորոշումները՝ դրանք տարբերվում են 180 աստիճանով։ Հիմա, որքանո՞վ վստահ լինենք, որ այն, ինչ հիմա ասում են, 6 ամիս հետո բոլորովին հակառակը չի լինելու, իհարկե չենք վստահում։ Հիմա ասում են՝ իրավիճակ է փոխվել, բայց ո՞վ է դա փոխել՝ դուք ինքներդ եք փոխել, ո՞ւմ եք մեղադրում։ 2018 թվականին իրենց արած պոպուլիստական հայտարարություններից հետո, եկել ասում են՝ հիմա իրավիճակ է փոխվել։
Մեր արցախահայերը մտավախություններ ունեն 070 կոդով անձնագրից հրաժարվելու առումով։ Այդքանը գիտակցելով, որ այսօր կարող են ասել՝ սա ջուր է, վաղը կասեն՝ թան է, մտավախություններ կան։
Քամին տերևն ինչպես է տանում ու բերում, այդպես այս իշխանությունները փոփոխությունների են ենթարկում իրենց սկզբունքները»,- ասաց Ա. Ասրյանը։
Ըստ նրա, արցախահայերն ամեն կերպ ուզում են պահել իրենց անձնագրերը 070 կոդով, մինչդեռ ՀՀ կառավարությունն իր բնակարանային ծրագրով պահանջում է, որպեսզի արցախահայերն անպայման հրաժարվեն այդ անձնագրերից։
«Ոսկորի նման իշխանությունների կոկորդում կանգնե՞լ է 070 կոդը, թե՞ պարզապես դրանով արմատախիլ են անում Արցախի հարցը։ Արցախահայերին թույլ չեն տալիս ծառայել, քանի որ իրենք համարում են Արցախի հարցը փակված, առնչություն չունեն։ Սահմանադրությունն ասում է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, պե՞տք է Սահմանադրությանը համարժեք քայլեր ձեռնարկվեր, բայց իրենք կոպիտ խախտել են, չէ՞, Սահմանադրությունը։ Եթերում մեկը մի բան է խոսում, Դատախազությունը ձեռքերը ոլորում ու տանում է, որ Սահմանադրական կարգ է խախտվել, ո՞վ է դրա համար պատասխանատու։
Այո, արցախահայերը պատրաստ են ծառայել, բայց պատրաստ չեն հրաժարվել իրենց անձնագրերից։ Վաղը, եթե այստեղ ինչ-որ բան լինի, արցախցին ձեռքերը ծալած չի նստելու, միանշանակ մասնակցելու է։ Ստորացնում են մեզ, ես դա ստորացում եմ համարում։ Սրանով ասում են՝ Արցախի հարցը փակված է, դավայ, գնացեք, ձեր անձնագրերն էլ ջնջեք, դուք այստեղից եք, վերջ։ Կապիկություն եմ համարում՝ քաղաքացի եք, քաղաքացի չեք, սա ի՞նչ մոտեցում է։ Ամեն ձևով նախապայմաններ են դնում, որ մենք մեր ինքնությունից ու արմատներից լրիվությամբ կտրվենք։
Նպատակային ասում են՝ ժողովուրդ, դուք թույլ եք, չկաք, ոչնչություն եք, ոչ մի բանի պիտանի չեք, այսպես մեր ուղեղներն են սրսկում, դե մի բան էլ, որ շատ են ասում, մտածում ենք՝ ճիշտ են ասում, էլի։ Պաշտոնյան ասում է՝ Արցախ, հետո ներողություն է խնդրում Արցախ բառի համար, ո՞վ եք դուք, Արցախը հայհոյա՞նք է։
Դատախազություն ջան, մեկը մի կծու խոսք է ասում՝ կանչում եք, պրոցեսներ եք սկսում, ամբողջ Կառավարությունը Սահմանադրություն է խախտել, ո՞վ է պատասխան տվել, գցեք այդ Սահմանադրությունը, եթե այն ձեզ համար գրոշ չարժե»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արմեն Ասրյանը նաև անդրադարձավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանը, հիշեցնելով, որ 9 ամիս շարունակ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ և Ադրբեջանի ագրեսիային կարող էր դիմադրել մի քանի օր, որից հետո, որևէ տեղից օգնություն չստանալով, ուղղակի խաղաղ բնակչությունը կկոտորվեր։
«Տոտալ բլոկադայի մեջ էինք, չէինք կարող դիմակայել, բայց այդ մեկ օրվա ընթացքում թշնամին մեծ թվով զոհեր է տվել, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ։ Եթե համոզված լինեինք՝ նման պայմաններում Հակարիում մխրճվելու են հայկական ուժերը, ու թուրքը հանկարծակիի է գալու, մենք այնտեղ ամեն ինչ մինչև վերջ ատամներով կծելով կպահեինք։ Բայց մենք գիտեինք, որ չկա, ինչպես Հալիձորում ուշացավ ռուսական բանակը։ Մեր վրա էր ամեն ինչը: Կարծում եմ՝ ճիշտ որոշում են կայացրել, որ կանգնեցրել են։
Ամեն ինչ ծախեցին ու մեզ դարձրեցին գաղթյալներ»,- եզրափակեց Արմեն Ասրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում