
Ջալալ Հարությունյանի պաշտպանական տրամաբանությունը. Ո՞ւմ է փրկում, և ո՞վ՝ վտանգվում, ինչո՞ւ է Ցորի գործով հիշատակել Օնիկ Գասպարյանի անունը

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական ակտը:
Նշենք, որ պաշտպանական կողմն առաջարկել է մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել, իսկ տուժող կողմը պահանջում է նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման և ոչ թե՝ 5 տարի 6 ամիս ժամկետով:
Ո՞ր կողմի պահանջը կբավարարի Մխիթար Պապոյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը, իսկ գուցե գործն ուղարկվի առաջին ատյանի դատարան նոր քննությա՞ն, հատկապես, երբ կան ձայնագրություններ, որոնք դատարանում հանրայնացնելու համար անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարության թույլտվությունը, ինչը մինչ այս պահը չի տրվել:
Իհարկե, սա համապատասխան միջնորդություն ներկայացրած Ջալալ Հարությունյանին պետք է, որ ապացուցի իր խոսքերի հավաստիությունը, իսկ Վերաքննիչ դատարանը, որը թեև կարծես թե կաշկանդվածություն չունի որևէ որոշում կայացնելու հարցում, ամեն դեպքում, գտնում է, որ ամեն ինչ գործի նյութերից պարզ է:
Ի դեպ, վերևում հիշատակված ձայնագրություններից մեկում, ինչպես արդեն գրել ենք, առկա է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի միջև հեռախոսազրույցը:
Եվ հետաքրքիր է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ով դատարանին ներկայացրած իր միջնորդության մեջ խնդրել էր քննարկել այն միայն ՊՆ-ից թույլտվություն ստանալուց հետո, հանկարծ դատարանում որոշում է գաղտնազերծել, թե ինչի մասին է իր և Օնիկ Գասպարյանի հեռախոսազրույցը՝ քննարկվել են այն գործողությունները, որոնք անհրաժեշտ էր կատարել հրետանու կողմից:
«Հրետանային դիվիզիոնին հստակ խնդիր է առաջադրվել՝ զբաղեցրած դիրքերի ամուր պաշտպանությամբ խոցել դիվերսիոն խմբերին: Սա է եղել մեր և Օնիկ Գասպարյանի դրած խնդիրը, որ պետք է խոցել, այլ տարբերակ մենք չունենք»,- մանրամասնել է Ջալալ Հարությունյանը՝ պնդելով, թե դիրք թողնելու և նահանջելու տրամաբանություն չի եղել վերադասի մոտ, որովհետև հակառակորդն ուժեղ է, ինչում նա մեղադրում է իր ենթականերին:
«Բանակի առաջ նման խնդիր չի եղել, այլ հստակ խնդիր է դրվել՝ կանգնել, խոցել»,- դատարանում շեշտել է նա՝ պնդելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում ինքն արել է այն, ինչ հնարավոր է, սլաքն ուղղելով իր ենթականերին:
Այսինքն, Ջալալ Հարությունյանը ճիշտ չի համարում, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիվիզիոնի կրակային կետի շուրջ 3 ժամ տևողությամբ հրետակոծությունից հետո, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դիտակետից դիտարկել է կրակային դիրքի ուղղությամբ շարժվող զինծառայողների խմբավորում, և անմիջական տեսողական դիտարկման արդյունքում ունենալով կասկած խմբավորման՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների զինծառայողներ հանդիսանալու կապակցությամբ, և տիրապետելով դիվիզիոնի անձնակազմի մարտական ունակություններին, իրավիճակի գնահատման արդյունքում որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով կրակային դիրքը թողնելու մասին:
Բայց արի ու տես, երբ հունիսի 16-ին դատարանում նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը Ջալալ Հարությունյանին հարց է ուղղել՝ «եթե նահանջի հրամանը չեղարկված չլիներ և կատարվեր, կփրկվեի՞ն, թե՞ ոչ», նա, ըստ էության, որևէ հստակ պատասխան չի տվել: Սա իրականում լավ բանի մասին չի խոսում:
Փոխարենը՝ Ջալալ Հարությունյանը դարձյալ հիշել է ՊԲ հրամանատարի պարտականությունների մասին, և, որ Ցորի զորամասի գործով իրեն վերագրվում են արարքներ, որոնք չեն մտնում իր պարտականությունների մեջ, բայց չգիտես՝ ինչու, ներթափանցած դիվերսիոն խմբերի մասին իրեն ուղղված հարցերին պատասխանել է, ամեն դեպքում՝ «հնարավոր է՝ մերոնք են»: Եվ ոչինչ, որ ինչ-որ ժամանակ մեղադրվել է նաև ՊԲ բուն պարտականությունների չկատարման համար, ինչին օրերս հերթական անգամ անդրադարձել ենք։ Խոսքը, մասնավորապես, հակահարվածի հայտնի օպերացիայի մասին է, որի հետ կապված դրվագով Ջալալ Հարությունյանն արդարացվել էր, ինչը, ըստ էության, թույլ է տալիս նրան պարտականություն-չպարտականության հարց վիճարկել: Իսկ թե ինչո՞ւ է արդարացվել, դրան էլ ենք բազմիցս անդրադարձել և նշել, որ գործը չի փակվել և քաղաքական հարմար պահի սպասում է իր «զոհին»:
Իսկ դատարանում Ջալալ Հարությունյանի՝ զինվորականին ոչ հարիր պահվածքին, որը, ըստ էության, փաշինյանական տրամաբանության մեջ էր, զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը, ով զինվորական է և ՊԲ-ում աշխատելու երկար տարիների փորձ ունի, դատարանում արձագանքել է՝ եթե Ջալալ Հարությունյանը որևէ պատասխան չտար, հետագա որոշումը և գործողությունների ձեռնարկումը կմնար հրետանային դիվիզիոնի ղեկավարության պատասխանատվության գոտում:
«Պաշտպանական կողմն իր պաշտպանությունը ստեղծել է մյուսներին մեղադրելու շրջանակում: Այսինքն, բոլորը մեղավոր են, ինքնապաշտպանություն չեն իրականացրել… Բայց բոլոր «եթե»-ները սկսվել են գլխավոր «եթե»-ից հետո: Այսինքն, եթե չլիներ հստակ պատասխան՝ յուրային կամ հակառակորդ լինելու, մնացած հետևանքները, համոզված եմ՝ որպես նախկին հրետանավոր, չէին լինի:
Իսկ այդ հրետանային դիվիզիոնին լավագույնս ճանաչում եմ, և անձնակազմին՝ որպես բանիմաց սպաներ, զորավարժություններին իրենց միշտ լավ են դրսևորել: Դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են, թե փախուստային տրամադրություն ուներ, ես դա հերքում եմ:
Դիվիզիոնը հոկտեմբերի 4-5-ին եղել է Աղդամի ուղղությունում, մարտական խնդիր է ստացել, և հապճեպ տեղափոխվել Հադրութի ուղղություն, մոտ 120 կմ երթ է կատարել անօդաչուների տակ, և դա կազմակերպվել է խելացի ձևով, և անցել են 18-րդ դիվիզիայի հրամանատարության տակ: Որոշվել է կրակային դիրքը, կահավորել են այն Ջրաշխարհ կոչվող տեղամասում՝ բոլոր էլեմենտներով, և պատրաստ էին խնդիր կատարել: Բայց հոկտեմբերի 6-ին խնդիր են ստացել, որ պիտի առաջ շարժվեն այդ չարաբաստիկ հակահարվածի օպերացիային մասնակցելու համար»:
Նշենք, որ այս հակահարվածի օպերացիան հաստատել է Նիկոլ Փաշինյանը, և դրա շրջանակում գործողությունների քննարկմանը Արցախի և ՀՀ-ի շատ պաշտոնյաներ են ներկա եղել: Այսինքն, սա բավականին ծավալուն և բազմաշերտ գործ է, որով կարող են շատերը մեղադրվել, բայց Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն այդ օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր Օնիկ Գասպարյանի վրա:
Եվ այսօր, երբ Ջալալ Հարությունյանը Ցորի զորամասի գործով դատարանում հիշատակում է Օնիկ Գասպարյանի անունը, առաջին հայացքից, լավ առումով, իր «սև գործն» է անում՝ ինչ-որ տեղ սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերին, և այն էլ մի գործով, որով անգամ իրեն վերագրվող արարքների հետ համաձայն չի՝ ՊԲ պարտականությունների մեջ չի մտնում:
Բայց այստեղ մի այլ բան էլ կա. ասելով, որ «բանակի առջև նահանջի հրաման չի դրվել, այլ կռվելու», անուղղակի ձևով Ջալալ Հարությունյանը խաղաքարտ է տալիս Փաշինյանի ձեռքին, որը նահանջի բազմաթիվ դեպքերից «իր ձեռքերը լվանալու է»:
Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչ դատարանը Ջալալ Հարությունյանի հետ կապված, բարոյական և վարկանիշային հարթության մեջ նա նոր կորուստներ գրանցեց. Սա վերաբերում է ցանկացած զինվորականի, ով պատվաբեր կերպով չի պաշտպանվում, այլ իր ենթակային որակումներ է տալիս, գուցե որոշ դեպքերում՝ նաև վերադասին:
Ի դեպ, Օնիկ Գասպարյանը բավականին մտածելու բան ունի, բոլոր ցուցմունքների և հարցաքննությունների ժամանակ փորձել է պաշտպանել իր ենթականերին, բայց արդյո՞ք իրեն վերջնարդյունքում փրկելու են իր այդ նույն «պաշտպանյալները»…