Կեղծ սպասումներ առաջացնելը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ. նույն պատճառով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանը կատարելապես ձախողել է Հայաստանի՝ խաղաղության գնալու պլանը։ Ինքը խաղաղության ամենամեծ թշնամին է։ Նա ինչ անում է, անում է խաղաղության դեմ։ Նա խաբել է հայ ժողովրդին, երբ 2020թ․Կապանի հունվարյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոչ մի բանակցային փաստաթուղթ չկա։ Դա սուտ էր, որովհետև 2019թ․ հունիսին փաստաթուղթը դրվել է Փաշինյանի սեղանին։ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային հանրությունն ասի՝ Հայաստանը պատրաստ չէ դիվանագիտական լուծման, և միակ լուծումը պատերազմն է։
  • Փաշինյանը մերժեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պլանը, բայց ուրիշ պլան ունե՞ր… Արևմտյան հարթակներում բանակցած պլանը ստացա՞վ։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, տապալեց ռուսական պլանն ու չստացավ արևմտյան պլանը։ Սրա մասին խոսեց նաև Էդմոն Մարուքյանը։ Պետք է արձանագրենք՝ նա ձախողել է ամեն ինչ։ Մարդիկ պիտի հասկանան՝ ինչի ենք մենք այս վիճակում։
  • Իր տավուշյան հայտարարություններով իսկ Փաշինյանն արձանագրում է իր ձախողումը, բայց չի ընդունում այն։
  • 5 ամիս առաջ Փաշինյանը Տավուշի մասին չէր խոսում, խոսում էր Սահմանադրության մասին, ասում էր՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, մեր կարմիր գույնի շորը չհանենք՝ ցլերը մեզ կգզեն… 1.5 ամիս հետո պարզվեց՝ «խաղաղության» նախապայմանը լրիվ ուրիշ հարց է, և մի շաբաթ հետո պարզվեց, որ հիմա էլ պատերազմի կանխման նախապայմանը Տավուշի գյուղերը հանձնելն է։ Ինքն էլ չգիտի՝ խաղաղության համար ի՞նչ գին պիտի վճարի։ 1.5 ամիս այդ գինն այլ բան էր, հիմա՝ ուրիշ, մի ամիս հետո կարող է լինել լրիվ ուրիշ բան
  • Փաշինյանը թշնամացավ ռուսների հետ․ Ռուսաստանը դադարեց կատարել թեկուզև վատ երաշխավորի իր դերը, ու հիմա մենք ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ լրիվ միայնակ ենք մնացել։
  • Քանի որ Փաշինյանը պատկերացում չունի միջազգային քաղաքականության մասին, հույս ուներ, որ բրյուսելյան, Գրանադայի ու Վաշինգտոնի տապալված հանդիպումներից հետո նա գոնե հաջողության կհասնի Մյունխենում, բայց դա տեղի չունեցավ։ Մյունխենից հետո նա վերջնականապես հասկացավ այն, ինչ մեզ պարզ էր նշաձողն իջեցնելու մասին նրա հայտարարությունից հետո։
  • Եթե մենք հավատանք Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի այն հայտարարություններին, թե արևմտյան երկրներն են պահանջել իջեցնել նշաձողն Արցախի հարցում, ուրեմն ստացվում է, որ մեզ լոխերի նման խաբեցին։ 

(Ընթերցողին հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։ Թե կոնկրետ ով էր միջազգային անվան տակ նման պահանջ դնողը, Փաշինյանը, բնականաբար, չէր մանրամասնել:

Կարդացեք նաև

«Պրեսսինգ» հաղորդման ժամանակ մեր հարցին՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը, որը ստիպում է Փաշինյանին Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել՝ Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, Ֆրանսիա՞ն, Եվրոպա՞ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել էր. 

«Ելույթում հստակ ասվում էր՝ միջազգային հանրությունը մեզ ասում էր՝ ձեր նշաձողը եթե իջեցնեք, կունենաք միջազգային աջակցություն, կոնսոլիդացիա ձեր շուրջ, ձեր խնդրի, եթե չիջեցնեք՝ կներեք, մենք ձեզ չենք կարող օգնել: Ո՞վ է այդ միջազգային հանրությունը՝ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, երկրորդ՝ Եվրոպական միության անդամ տարբեր պետություններ: Այսինքն, քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, հիմա եկել է մի իրավիճակ… Հիմա կամ մենք փորձում ենք ինչ-որ ձևի վերաիմաստավորել մեր բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է, խոսքը գնում է իրավունքներից դեպի կարգավիճակ, ոչ թե կարգավիճակից դեպի իրավունքներ, կամ շարունակում ենք այն, որ բաներ ենք ասել, որին մենակ մենք ենք հավատում»):

  • Ռուսաստանն ուկրաինական պատերազմից առաջ պատրաստվում էր ապահովել իր թիկունքը։ Դրա համար նրան պետք էր այս տարածաշրջանում խաղաղություն։ Դրա համար պատրաստ էին նաև, ինչպես Լուկաշենկոն ասաց, 5 միլիարդ դոլար ներդնել Ղարաբաղի տնտեսության մեջ՝ 5 շրջանի վերադարձի պատճառով, որից Փաշինյանը հրաժարվել է՝ ինչպես ինքն ասաց, իրեն գժի տեղ դնելով։
  • Փաշինյանը մի կողմից ասում է՝ չկա քարտեզ, որի շուրջ կա համաձայնություն Ալիևի հետ, մյուս կողմից ասում է՝ մենք ռազմաճակատն ուզում ենք վերածել պետական սահմանի։ Նրա տրամաբանությամբ՝ եթե դու հետ ես քաշվում, լեգիտիմ սահմանի վրա ես տեղակայում քո ուժերը, ստանում ես անվտանգության երաշխիք։ Ախպե՛ր, եթե դու լեգիտիմ քարտեզ չունես, ո՞նց է էդ սահմանը դառնում լեգիտիմ չինական պատ։
  • Միջազգային հանրության վրա հենվելու, միջազգային իրավունքին հղում տալու փորձերը, մեր շուրջ միջազգային կոնսոլիդացիայի մասին խոսակցությունները սին, դատարկ հույսեր են, փուչի՛կ։
  • Այո, մեզ օդի պես պետք է խաղաղություն։ Ու գիտեմ, որ եթե պարտվել ենք, պետք է միգուցե գնանք ծանր զիջումների։ Բայց աշխարհում չկա Նիկոլ Փաշինյանի ասած «հատվածային դելիմիտացիա» հասկացություն։ Ինքը չի կարող վեճերը լուծել Տավուշի հատվածում ու չլուծել մյուս հատվածներում։ Դրանով դու չես լուծում պատերազմի վերսկսման վտանգի հեռացման խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում։
  • Հատվածային դելիմիտացիա՝ նշանակում է՝ դու կորցնում ես քո ռազմական դիրքերը։ Տավուշի շրջանում մեր դիրքերը շատ հզոր են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ պատերազմի դեպքում ինքն այդ հատվածում պրոբլեմ է ունենալու։ Դրա համար է սկսել Տավուշից։ Հարցը լուծելու ուժային մեթոդներից Ադրբեջանին հետ են պահում Տավուշի դիրքերը։ Դրա համար էլ Ալիևն ասում է՝ բանակցություններով տվեք Տավուշի դիրքերը, հետո կհասկանանք։ Փաշինյանն էս պարզ մանիպուլյացիային զոհ է գնում։ Տավուշի գյուղերը տալով՝ Փաշինյանն ընդամենը մի քանի շաբաթով հետաձգելու է պատերազմը։ Ավելի խոցելի վիճակ ստեղծելն այս մարդիկ համարում են ճանապարհ դեպի խաղաղությո՞ւն։
  • Նիկոլ Փաշինյանին հայանպաստ փաստարկներ պետք չեն․ նրան պետք են փաստարկներ, որոնք արդարացնում են իր զիջումները։ Իրականում գոյություն ունեն ԽՍՀՄ համապատասխան մարմինների որոշումներ, որոնք պետք է դնել սեղանին, բայց Փաշինյանը դա չի անում։ Փոխարենը՝ հանրագիտարան է բացում, դնում սեղանին։ Դե հիմա պատկերացրե՛ք այդ մարդու մակարդակը։ Այսինքն՝ բանակցությունների գնալիս նա չի պատրաստվում, բայց բոլորիս համար քաղաքական որոշումներ է ընդունում։ Սա նշանակում է՝ միջազգային հանրությունը ոչ միայն գործ ունի дурачок-ի հետ, այլև նրան օգտագործում է, ոնց կարողանում է։
  • Մեր ժողովրդի նշանակալից մասը սիրում է խաբվել, գնալ սին խոստումների հետևից։ Փաշինյանի արածն էս պահին կազինոյի նման է։ Նա խաբում է ժողովրդին։ Ամեն յուրաքանչյուր պատրանքի ձախողումից հետո նա լրիվ ուրիշ կեղծ պատրանք է բերում, սրում է խաղը ու ժողովրդին ներքաշում այդ վտանգավոր խաղի մեջ։ Հիմա գլխավոր պատրանքը Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության պատրանքն է։
  • Իրանի հայտարարությունները շատ կարևոր են, և դրանք կարող են կարևոր զսպիչ դեր խաղալ հնարավոր պատերազմի դեպքում։

  • Եթե Ադրբեջանը պիտի պատերազմ սկսի, հաստատ էդ 4 գյուղի համար չպիտի սկսի։ Հաստատ այդ 4 գյուղը չեն կարող պատճառ լինել։ Պետք է հասկանալ, որ այստեղ ավելի լուրջ պատճառ կա, և ընդ որում, այդ 4 գյուղի վերադարձն այդ պատճառը չեն վերացնում։ Նիկոլին և իր պրոպագանդիստներին որ լսում ես, ասում են՝ չենք կարող դիմակայել, դրա համար ինչ ուզում են, պիտի տանք… Սրանք հայտնվել են խուճապի մեջ։ 
  • Պատերազմ չի լինում այն դեպքում, երբ դու վերացնում ես պատերազմ առաջացնող գլխավոր պատճառը։ Գլխավոր խնդիրը, որ Թուրքիան և Ադրբեջանը ուզում են լուծել, էքստերիտորիալ թուրանական միջանցքի խնդիրն է՝ Զանգեզուրի միջանցքով։
  • Եթե Փաշինյանը մեզ ուզում է ֆռցնել նրանով, որ մենք մի քանի գյուղ վերադարձնում ենք ու մտնում, իր ասած, լեգիտիմ սահմանի մեջ, ուրեմն մենք մտավոր հետամնաց մարդիկ ենք։
  • Նիկոլ Փաշինյանն իրականացնում է պատմության մեջ չտեսնված նոր տարբերակ՝ իբր պատերազմից խուսափելու համար անում է զիջումը զիջումի հետևից, ու ստացվում է, որ մենք խաղաղություն չենք ունենում, բայց հա շարունակում ենք գին վճարել։ Սա Ադրբեջանի համար տարածքային շորթման գործիք է։
  • Լևոն Տեր-Պետրոսյանը 2018թ.-ին հասկանում էր՝ ինչ է լինելու՝ ելնելով նրանից, որ նա լավ գիտեր Փաշինյանի հոգեկերտվածքը, սակայն դա սոսկ ինտուիցիայի մակարդակում էր, ոչ մի հաշվարկի կամ գաղտնի փաստերի վրա չէր հիմնված։ Տեր-Պետրոսյանը զգում էր՝ ինչ անպատասխանատու մարդ է գալիս իշխանության, դրա համար էլ մեզ հետ զրույցում ասաց՝ «Դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը»։
  • Նիկոլ Փաշինյանը զրո պետական գործիչ է։ Ամեն անգամ, երբ ինքը հասկանում է՝ իր որևէ քայլը կարող է բերել աղետի, ինքը որևէ դիրքորոշում չի հայտնում, հղում է տալիս ժողովրդին ու քաղաքական ուժերին, որ հետո ասի՝ դե, ժողովուրդն ասաց։ Այդպես նա պահեց իրեն պատերազմի ժամանակ, երբ Ազգային ժողովում ասաց՝ կռվե՞մ, թե՞ չէ։ Ասացին՝ կռվի՛ր։ Սա նրա ոճն է։ Նա ամեն աղետալի որոշումից առաջ նախ ներկայացնում է, որ դա հասարակական պահանջ է։ Դու իշխանություն ես, նախ առաջինը դո՛ւ ասա քո տեսակետը։ Եթե դու չես անում դա, նշանակում է՝ դու ավանտյուրայի մեջ ես մտնում։ ԵՄ անդամության մասին խոսակցությունները հերթական պատրանքն է։ Ստանում են ժողովրդի համաձայնությունը, հետո բարեհաջող տապալում այդ պատրանքը։
  • Նիկոլի պրոպագանդիստները հակառուսականությունը բիզնես դարձրած մարդիկ են, և նրանք արևմտամետ չեն. ո՛չ գիտեն՝ ինչ են եվրոպական արժեքները, ո՛չ էլ մի կարգին եղել են Արևմուտքում։

  • Ոչ մի երկիր իր շահը չի տեղավորի ավելի ցածր նիշայում, քան ինչ-որ պայմանագրեր, համաձայնություններ։ Ուժեղները կարող են դրժել իրենց պայմանավորվածությունները, թույլերի համար դա անելն ավելի դժվար է։
  • Գերտերություններն ասում են մի բան, բայց նրանց տեղացի պաշտոնական կամ ոչ պաշտոնական խոսնակները պնդում են մեկ այլ բան։ Կեղծ սպասումներ առաջացնելը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Սուտ սպասումներ են առաջացնում։ Նույն պատճառով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Այն ժամանակ էլ հավատում էին, որ Եվրոպան կփրկի։ Մեր ժողովուրդը պատրաստ է հավատալ հեքիաթների։ Տրավմայի մեջ հայտնված մարդիկ միշտ էլ պատրաստ են հավատալ բարի ելքերին։ Եվ սա անխնա կերպով, հանցավոր ձևով շահագործվում է Նիկոլի պրոպագանդիստների կողմից։ Սրանք հանցագործներ են։ Միակ լավ բանը, որ կարելի է անել մեր ժողովրդի համար, ճշմարտությունն ասելն է։ Եթե մենք ԵՄ անդամակցության դիմում ենք տալու Ռուսաստանի հետ թշնամացման ֆոնին, ուրեմն ընկնում ենք նույն այն «սիրուն» երազանքի հետևից, որ եղավ 1915թ., ու վտանգում մեր ապագան։
  • Չնայած էսկալացիան հասել է անհնարին աստիճանի, հնարավոր է և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի հետ ելքեր գտնել, բայց ոչ այս բանակցողով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս