Հայաստանը հանձնվում է «հավատարմագրային կառավարման»
Բուհերը Երևանի կենտրոնից հեռացնելու և դեռևս գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաքում» կենտրոնացնելու որոշումը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է նրանով, որ դրանց շենքերն արդյունավետ չէին կառավարվում, դրանցից բավարար չափով եկամուտներ չէին ստացվում, և ահա, իրենց նոր ծրագրով, հանձնվելու են «միջազգային հեղինակավոր կազմակերպության», որը՝ որպես մեկ միասնական համակարգ, զբաղվելու է այդ կառույցերի մենեջմենթով և եկամուտներ է ապահովելու։
Այս մոտեցումը, բնականաբար, որևէ աղերս չունի ո՛չ կրթական համակարգի բարեփոխումների, ո՛չ պետական գույքի արդյունավետ կառավարման, ոչ էլ, բնականաբար որևէ ռազմավարության հետ։ Բայց սա շատ ցայտուն կերպով ցույց է տալիս այն աշխարհայացքային, մտածողության արատը, որով Նիկոլ Փաշինյանը վերաբերվում է կառավարման ենթակա ամենայնին ու, վերջին հաշվով, նաև պետությանը։ Իրականում նա կառավարում, արդյունավետ կառավարում ասելով` հասկանում է միայն փողը, մեծ ֆինանսական հոսքերը։
Եթե կառավարման ենթակա որևէ հաստատություն չի ապահովում այդ հոսքերը, նշանակում է, դրա մենեջմենթը վատն է։ Այս մտածողությունն իր գռեհկությամբ հնարավոր չէ համարել անգամ մաքուր բիզնես մոտեցում, որովհետև անգամ ամենամոլի գործարարն ինչ-որ չափով սոցիալական պատասխանատվության զգացում ունի և իր գործունեության մեջ, զուտ փող աշխատելուց բացի՝ նաև ինչ-որ, թեկուզ խորհրդանշական առաքելություն է դնում։
Նիկոլ Փաշինյանի հայեցակարգը, սակայն, հիպերմերկանտիլ է և հիմնված է միայն ու բացառապես փողի վրա։ Նրա համար գնահատման գլխավոր չափանիշը փողն է, անկախ նրանից՝ ինչին է դա վերաբերում։ Իսկ եթե չափանիշը փողն է, հասկանալի է, որ այնպիսի կատեգորիաներ, ինչպես մշակութային արժեքները, ստեղծագործական միջավայրը, ավանդույթները, ինստիտուցիոնալ հիշողությունը և այլն, պետք է երկրորդական համարվեն։
Նիկոլ Փաշինյանի մոտեցումն ավելի պարզ ձևակերպմամբ հետևյալն է՝ «դաշնամուր ու ջութակ նվագելու համար տարա՞ծք ա պետք, տալիս ենք», իսկ Երևանի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիայի շենքը «միջազգային մենեջմենթը» կդարձնի շահութաբեր հաստատություն, որի եկամուտներով «Ակադեմիական քաղաք» կկառուցվի։ Սա մտածողության, արժեհամակարգի խնդիր է, որը հարաբերականորեն նորմալ կարող է համարվել, եթե դրա կրողը որևէ մանր առևտրական է։ Բայց եթե այդպիսի աշխարհայացքով մեկը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, պետությանը սպառնում է նույն ճակատագիրը, ինչ Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերին։
Այլ անվանումներով ու ձևակերպումներով, սակայն, Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանը՝ որպես պետություն, «միջազգային հեղինակավոր մենեջմենթի հանձնելու» գործով։
Որպես այդպիսին, հիմա հանդես է գալիս հավաքական Արևմուտքը՝ ի դեմս Եվրամիության, որը դեմ չէ ստանձնել Հայաստանի «մենեջմենթը», պայմանով, որ դրա արդյունքում պետք է լուծվեն իր աշխարհաքաղաքական խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն էլ այս սխեմայում հանդես է գալիս մոտավորապես որպես սնանկացման գործերով կամ լուծարային հանձնաժողովի կառավարիչ, որն իրեն հանձնված գույքի կառավարումը պատվիրակում է այլոց՝ դրա դիմաց, բնականաբար, իր «հասանելիքը» ստանալու պայմանով։ Տվյալ դեպքում այդ հասանելիքն իշխանությունն է, որի շարունակականությունը վերջնական է դարձնելու Հայաստանի՝ «հավատարմագրային կառավարման» գործընթացը։
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
Հարություն Ավետիսյան