Նախկինների և Փաշինյանի օրոք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարների այցերի պատճառներն ու մեսիջները. Հայաստանը գործոնից դարձել է գործիք

2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որի ժամանակ, մասնավորապես, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործողությունների համար:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Այսօր (հոկտեմբերի 23-ին, 2020թ.) Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի:

Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝

1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,

Կարդացեք նաև

2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը:

Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները»,- նշել էր Փաշինյանը:

Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Հայաստան, որի ընթացքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և ըստ օրակարգի՝ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ նախագահի հետ: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարի հետ առանձին հանդիպում չի լինելու, ինչպես Ադրբեջանի դեպքում:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի օրերին և այս հարցազրույցում բարձրացրած որևէ հարց այսօր չի տվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Պլաններ են փոխվել, այսօր Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և հաշտության գործընթացում Թուրքիայի միջնորդական դերակատարմանը, և Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, առաջատար դերակատարմանը: Այն Թուրքիայի, որի անմիջական ներգրավվածության պատճառով նաև Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում:

«Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի՝ Թուրքիային նվիրվածությունը, ըստ էության, ունի նաև ներքաղաքական պատճառներ, քանի որ իշխանության ղեկին մնալու հարցերը նա լուծել է թուրքական հնարավոր հարձակմամբ սպառնալով, ինչը, տարբեր տեղեկություններով՝ տեղի է ունեցել նաև 2021 թվականի փետրվարին ՀՀ զինված ուժերի հայտնի հայտարարության ֆոնին: Չմոռանանք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից մեկ օր հետո՝ 2021-ի փետրվարի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան»,- հայտարարել էր Էրդողանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն առաջ է քաշել Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման վտանգավոր թեզերը և խոստացել, որ ՀՀ զինված ուժերը չեն հզորանալու այնքան, որ սպառնալիք դիտվեն որևէ երկրի համար:

«Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ Ստոլտենբերգի պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, և նրանց թարմ տեղեկատվություն է տրամադրում և փոխադարձաբար նրանցից էլ Փաշինյանի թիմն է թարմ տեղեկատվություն ստանում առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Թե կոնկրետ ինչի՞ մասին, չեն մանրամասնել:

Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Փաշինյանի հետ հանդիպմանը, ըստ էության, հղել է գլխավոր մեսիջը. «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»:

Այսինքն, ՆԱՏՕ-ն, Արևմուտքն իրական վտանգ են տեսնում իրենց համար Ռուսաստանի հաղթանակից, մյուս կողմից, ՀՀ-ին լուրջ աջակցություն չեն էլ խոստանում: Ասել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, երբ այն վաղուց խախտված է, և հենց ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից, ծիծաղելի է:

ՆԱՏՕ-ն այսօր ՀՀ-ին, ըստ էության, զուտ գործիք է դիտարկում սեփական ծրագրերի իրականացման համար Հարավային Կովկասում և ոչ թե՝ լուրջ գործընկեր, ինչի մասին վկայում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերը, զորավարժությունները նախկին իշխանությունների օրոք եղածի համեմատ:

Դրա համար բավարար է առնվազն բացել ՀՀ արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը, դեռ չենք ասում վերլուծական և ժամանակագրական հրապարակումները:

Բավական է հիշեցնել 2003 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում անցկացված Cooperative Best Effort զորավարժությունները, որից առաջ, «Մեդիամաքսի» փոխանցմամբ, Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը նշել էր. «Զորավարժությունների հյուրընկալումը ԳՀԽ շրջանակում խաղաղության չափազանց արժեքավոր միջոց է, որը թույլ է տալիս էապես բարելավել օպերատիվ փոխգործողության մակարդակը ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջև և լավ հնարավորություններ է ստեղծում զորավարժությունների պլանավորման գործընթացներում ներգրավվելու համար»:

Իսկ 2012 թվականին էլ Հայաստան էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, և ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ հայտարարության ժամանակ բարձրացրել էր 2004թ. Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ հայ սպային կացնահարած ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու հարցը:

«Թվում էր, թե արժանին է մատուցվել արդարության սկզբունքին` ոճրագործը դատապարտվել էր ցմահ բանտարկության: Սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց համար: Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետև թեև այդ ակտը, այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց իր մեջ այն պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետև աշխարհի որևէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգևատրում: Աշխարհի որևէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին և կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը:

Ապշեցուցիչ է, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով և միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի:

Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ և աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման և անպատժելիության բացառման:

Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս, և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները,- նշել էր Սերժ Սարգսյանը և անդրադարձել Արցախի հարցին,- Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձևակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաև այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին»:

Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սերժ Սարգսյանին խոստացել էր, որ Սաֆարովին ներում շնորհելու հարցն Ադրբեջանում կբարձրացնի: «Երբ ես վաղը հանդիպեմ Ադրբեջանի նախագահին, ես նրան փոխանցելու եմ բավականին պարզ, ակնհայտ ուղերձ: Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ՝ ներում շնորհել բանակի սպա Սաֆարովին, քանի որ այդ որոշումը վնասում է վստահությունը: Այդ ահավոր և ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել 8 տարի առաջ, հանցագործություն էր: Եվ այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի, այլ՝ ընդհակառակը»:

Այնուհետև և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել էին, որ որևէ հակասություն չկա ՀԱՊԿ-ին անդամակցելու և ՆԱՏՕ-ի հետ ամուր համագործակցության ՀՀ արտաքին քաղաքականության միջև:

«Բայց ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել ևս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը` այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության: Եվ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մենք երբեք մեր գործողություններով չպիտի տեղիք տանք որևէ հակադրության կամ հարաբերությունների սրման: Սա է մեր համագործակցության նպատակը: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր երկրի համար օգտակար է: Եվ ես նոր մեր հանդիպման ժամանակ պարոն Գլխավոր քարտուղարին անկեղծորեն ասացի, որ, իրոք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը, որի հետ համաձայնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ասել է. «Ոչ մի հակասություն չկա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու և միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ի հետ ուժեղ գործընկերություն ունենալու միջև: Իրականում ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, ունի հատուկ գործընկերություն Ռուսաստանի հետ: Մենք ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որի շրջանակներում մենք ներգրավվել ենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև գործնական համագործակցության մեջ: Երբ դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ն է իմ գնահատականը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությանը` պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք զորեղացրել ենք մեր համագործակցությունն Աֆղանստանի շուրջ: Ռուսաստանը մեզ տարանցիկ ուղի է տրամադրել, որն օգտագործվում է:

Մենք ունենք խորացված համագործակցություն թմրանյութերի, ահաբեկության, իրավահենության դեմ պայքարի գործում, և մի շարք բնագավառներում բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Մենք նաև հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու հրթիռային պաշտպանության բնագավառում: ՆԱՏՕ-ն աշխատում է հրթիռային սպառնալիքներից մեր ազգաբնակչությանը պաշտպանելու համար: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու այս հարցում: Այս բնագավառում դեռևս համաձայնության չենք եկել, բայց մեր երկխոսությունը շարունակվելու է: Երկու տարի առաջ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում մենք նաև համաձայնել ենք մեր ռազմավարական համագործակցության շուրջ: Եվ ես կարծում եմ, որ եվրաատլանտյան գոտու բոլոր ազգերի շահերից է բխում հաստատել այնպիսի մի համագործակցություն, որը կերաշխավորի անվտանգությունը մեր տարածաշրջանում»:

Գուցե հիմա կասեն՝ այն ժամանակ ՆԱՏՕ-ՌԴ այսօրվա նման հակասություններ չկային, կամ՝ այլ բաներ: Հակասություններ միշտ էլ եղել են, այլ կերպ չի կարող լինել գերտերությունների դեպքում, բայցև փաստ է՝ այսօրվա պայմաններում էլ նախկին իշխանությունները փորձելու էին գտնել հավասարակշիռ եզր և չէին դարձնի Հայաստանը երկու գերտերությունների բախման հարթակ:

Ի դեպ, 2012-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ շեշտել էր, որ Հայաստանն արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար՝ բարձր գնահատելով ՀՀ ԶՈՒ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությանը:

«Ձեր զորքերը, ձեր հրահանգիչները շատ լուրջ և կարևոր ներդրում են կատարում, և Դուք կարող եք հպարտանալ նրանց արհեստավարժությամբ: Ձեր երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջնորդած խաղաղապահ գործողություններին՝ նշանակում է, որ Հայաստանի զինուժի անձնակազմը շատ արժեքավոր փորձ է ձեռք բերում խաղաղապահ գործողությունների իրականացման գործում: Դա շատ կարևոր է ձեր սեփական խաղաղապահ ունակությունները զարգացնելու համար: Եվ այն ջանքերը, որ դուք ներդնում եք, շատ լուրջ աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ի կողմից: Գործընկերության շատ կարևոր բաղկացուցիչ է նաև քաղաքացիական պաշտպանությունը և աղետների կառավարումը: Մենք նաև լավ համագործակցություն ենք հաստատել պաշտպանության բարեփոխումների բնագավառում և խրախուսում ենք ձեզ՝ շարունակելու այդ աշխատանքները: ՆԱՏՕ-ն այստեղ ևս պատրաստ է շարունակել իր աջակցությունը»:

Արդյո՞ք այս առումով չկա բառապաշարի փոփոխություն, այսօր ՀՀ ղեկավարությունը և իշխանամերձ փորձագետներն ավելի շատ խոսում են, թե ինչպես են արմտյան երկրների հրահանգիչները մեզ օգնում:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանն անվտանգություն արտադրող երկրից վերածվեց նախ՝ սպառողի, այնուհետ՝ մուրացող երկրի, ավելին, ՀՀ ԶՈՒ-ն այսօր աստիճանաբար դադարում է ապահովել սեփական երկրի անվտանգությունը:

Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում հայտարարում է. 

«Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը»:

Իսկ ՀՀ-ին միայն հրահանգներ են տալիս, խաղաղապահ առաքելության մասին խոսում չափազանց թռուցիկ, որովհետև վաղուց ՀՀ-ն ոչ թե գործոն է, այլ գործիք:

Եվ լավ կլինի, որ Փաշինյանը և նրա թիմն ինքնափիառվելուց առաջ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համատեքստում, ծանոթանա նախկին իշխանության օրոք կատարվածներին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ներդրած ջանքերին, ով ավելի քան քան 2 տարի գտնվում է անազատության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս