Հոգևոր Հայաստանի ասֆալտապատումը․ պատկանելության խնդիր
Սեփականն արտաքին թշնամուն հանձնելու պատրաստակամությունն ու երկրի ներսում կայացած համակարգ քանդելու իրողությունը Հայաստանում արտահայտվում է համաժամանակյա ռեժիմով։
Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը լղոզված ձևակերպումներով, անհոդաբաշխ մտքերով փորձում է հիմնավորել առաջիկայում Ադրբեջանին Ալիևի պահանջած գյուղերը հանձնելու իր պատրաստակամությունը, իսկ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին Երևանի սրտում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պայքարում են հայկական ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող բուհը տեղափոխել/քանդելու իշխանության որոշման դեմ։
Խնդիրը միայն առաջին հայացքից է վարչարարական, կառավարչական անփութություն, ոչ կոմպետենտություն կամ ուղղակի փող աշխատելու արտահայտություն։ Դրանք բոլորը, իհարկե, կան։ Բայց ավելի խորքում, սա ոչ միայն ու ոչ այնքան՝ շինության ուզուրպացման, գռեհիկ ագահության դրսևորում է, որքան աշխարհայացքի, մտածողության, արժեհամակարգի այլասերում։ Աջուձախ թափահարվող «ժողովրդի մանդատ» արտահայտությունն իշխանությունն օգտագործում է՝ որպես ժողովրդին, պետությանը պատկանողն օտարին զիջելու և նույն ժողովրդին պատկանող մնացյալը նրանից խլելու (հնարավոր է՝ հետագայում կրկին օտարին զիջելու նպատակով) ինդուլգենցիա։
Ուժեղի մոտ նվաստանալու ու իրենից թույլին նվաստացնելու սուբլիմացիան հոգեբանական լրջագույն խեղում է։ Հիմա գործնականում այդ ախտանիշով է գործում Հայաստանի ողջ պետական կառավարման համակարգը, որովհետև եթե անգամ դրանում գտնվողները հասկանում են կատարվողի անթույլատրելիությունը և հնազանդվում են այդ ախտորոշմամբ տառապող մեկին, ակամա այդպիսին են դարձնում պետական կառավարման ամբողջ համակարգը, ավելի լայն իմաստով՝ պետությունն ընդհանուր առմամբ։
Այս հոգեբանական խեղումն իր հերթին՝ ունի իր պատճառները, որոնք վերջին հաշվով հանգում են անձի մոտ կարևորագույն զգացողություններից, պահանջմունքներից մեկի բացակայությանը։
Խոսքը պատկանելության պահանջմունքի մասին է, որն անհատի սոցիալականացման ամենակարևոր գործոններից մեկն է։ Ամենատարբեր պատճառներով մարդը կարող է զրկված լինել այդ զգացողությունից և իրեն չհամարել ամբողջի մաս, հոգեբանորեն չպատկանել որևէ ֆիզիկական ու սոցիալական տարածության։ Այդ խնդիրը կարող է հաղթահարվել, բայց կարող է լինել նաև հակառակը, երբ նման խեղում ունեցող անձը ստանում է բացարձակ իշխանություն։ Այդ դեպքում նա ուղղակի վերացնում է ամենայնը, ինչին չի կարողացել ու այլևս չի կարողանալու պատկանել։ Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, օրինակ, հենց այդպիսի տարածություն է, որին մտովի պատկանել չկարողանալու պատճառով ավելի հեշտ է այն ուղղակի ոչնչացնել։ Նույն հոգեբանական մեխանիզմը գործում է նաև մնացած մեծ ու փոքր տարածքների ու համակարգերի դեպքում։
Հայ հասարակության գլխավոր խնդիրն է՝ պետությանը վերադարձնել պատկանելությունը՝ այդ հասկացության նեղ և լայն իմաստներով։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել ամենայնի հայկական պատկանելությունը՝ սկսած սահմանային գյուղերից՝ մինչև հոգոր արժեքներ։ Հակառակ պարագայում պատկանելության զգացումից զրկված, բայց իշխանություն ունեցող մարդիկ անելու են հնարավորը՝ ազգին պատկանելությունից զրկելու համար։
ՀՀ դեռևս գործող սահմանադրության հիմնարար դրույթը, ըստ որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոտնահարվել է ամենակոպիտ կերպով, որովհետև իշխանությունը, որը հանձնում/խլում է ժողովրդին պատկանող ամենայնը, չի կարող պատկանել նույն ժողովրդին։ Եթե անգամ այդ պատկանելությունն ապահովված է ֆիկտիվ, էլեկտորալ իմաստով։
Հարություն Ավետիսյան