Ի՞նչ նախազգուշացրեց Լավրովը Երևանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Մյունխենի Անվտանգության կոնֆերանսում Փաշինյանի մասնակցությունից սկսված՝ Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումում հնչած հակառուսական հայտարարությունների նոր ալիքին։

Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Լավրովի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությանն այլընտրանք չկա։

«Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետևանքով վերջին ամիսներին Երևանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով, որ Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում, և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։

Կարդացեք նաև

Անդրադառնալով «ռուսականին, այսպես ասած, այլընտրանք» արևմտյան տարբեր հարթակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններին՝ Լավրովն ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջից հետաքրքրվել է տպավորությունների մասին, սակայն գերադասում է պատասխանը չհրապարակել։

Ըստ Լավրովի՝ Բաքվում իրեն ասել են, որ պատրաստ են խնդիրները լուծել եռակողմ համաձայնությունների շրջանակներում։

«Առաջընթացը, իմ կարծիքով, կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Լավրովը շեշտել է՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։

«Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում»,- նշել է Լավրովը։

Այս ֆոնին նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ չեն նախատեսվում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս չկան։

«Ներկա պահին բարձր մակարդակով ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ Ռուսաստանը հասկանում է, որ թեև զբաղված է այլ ճակատներում, սակայն կան հարցեր, որոնցով պետք է զբաղվել և հստակեցնել, քանի որ անընդհատ հնչում են հայտարարություններ, որոնք երկկողմ՝ հայ-ռուսական մակարդակում բավարար բանակցությունների առարկա չեն դառնում։

Ուստի, նրա խոսքով, Ռուսաստանը նախ ակնկալում է պարզաբանումներ ստանալ Երևանի ծրագրերի վերաբերյալ, ապա կայացնել սեփական որոշումները։

Ըստ փորձագետի, երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանները, որոշումները քննարկվում են համատեղ և պարզապես չեն հայտարարվում՝ հատկապես նման լայն օրակարգի դեպքում։

«Կարծում եմ՝ այս անդրադարձում կարևոր ու Երևանի դիրքորոշումը հստակեցնող է հետևյալը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ՀԱՊԿ-ը չի առանձնացնում ինտեգրացիոն մյուս կառույցներից, ինչպես դա անում է Երևանը։ Սրանով նա հասկացնում է, որ հնարավոր չէ ՀԱՊԿ-ին բացառել, ՀԱՊԿ-ում անդամակցություն սառեցնել կամ կասեցնել անդամակցությունը՝ շարունակելով լինել ԵԱՏՄ անդամ կամ ունենալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային պայմանագրեր։

Լավրովի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն իրենց բոլոր պարամետրերով՝ թե երկկողմ, թե բազմակողմ, մեկ ամբողջություն են։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ընտրովի մոտեցում չի լինելու և դիրքորոշումը պետք է հստակեցվի հարցերի ավելի լայն համակարգի վերաբերյալ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա, Ռուսաստանը պատերազմի ընթացքում չի ցանկանում անդրադառնալ հնարավոր փոփոխություններին՝ համարելով, որ դրանք վերջնական չեն, սակայն կան հարցեր, որոնց նույնիսկ արձագանքելու համար պետք է ձևավորված լինի այդ մոտեցումը։

«Եվ կարծում եմ՝ այդ դիրքորոշումն ուրվագծվում է, հարցը Ռուսաստանի համար գլոբալ է և ոչ միայն ՀԱՊԿ-ն է։ Ուզում եմ հիշեցնել նաև ՌԴ այն հայտարարությունը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու նպատակով, և պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել, հայտարարվեց, որ ՌԴ-ն պարզաբանումների է սպասում։

Բնականաբար, այդ պարզաբանումները չհնչեցին, սակայն այս հարցը Ռուսաստանի համար միայն ՀԱՊԿ-ին չի վերաբերում, այն վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին և դրանից բխող մյուս հարցերին։ Հայաստանը չի պատրաստվում գոնե ներկայումս լքել ԵԱՏՄ-ն, ուստի ակնկալվում է, որ ՀԱՊԿ-ի հարցով դիրքորոշումը պետք է հստակեցվի ավելի ընդարձակ կոնտեքստում։ Սակայն, թե ինչ մեխանիզմներով դա կարվի՝ կդժվարանամ ասել, քանի որ ՌԴ-ն տրամադրված չէ լարել, սրել հարաբերությունները և հարցերին անդրադառնում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Գուցե նաև դա է պատճառը, որ չպարզաբանված հարցերը հարաբերություններում այսքան շատ են»,- ասաց Լուկիանովը։

Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, սակայն հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի չունեցավ։

Տեսանյութեր

Լրահոս