Դեսպանն իտալացի ռեժիսորին հրավիրել է այցելել Հայաստան
Հռոմի «Սիստինա» թատրոնի բեմում փետրվարի 15-ից մարտի 10-ը «Սուրբ Ծնունդը Կուպիելլոյի ընտանիքում» ներկայացումն է՝ ըստ Էդուարդո Դե Ֆիլիպպոյի համանուն պիեսի: Ներկայացման ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է հայտնի թատերագիր, ռեժիսոր և դերասան Վինչենցո Սալեմմեն:
Ժամանակակից հայտնի այս տրագիկոմեդիան հայտնի է ողջ աշխարհում: Որոշ երկրներում այն առավել ճանաչված է. այդպիսի երկրներից է Հայաստանը, որտեղ պիեսի վերնագիրը թարգմավել է ավելի ընդարձակ մեկնաբանությամբ՝ «Ծննդյան տոները սինյոր Կուպիելլոյի տանը»:
Իտալացի հայագետ Կարլո Կոպպոլան «Bari Connessa» կայքում մեծ հոդվածով անդրադարձել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կողմից Էդուարդո Դե Ֆիլիպպոյի այդ ստեղծագործության բեմականացմանը՝ նշելով, որ Սոս Սարգսյանն օգտագործել է իր ընկերոջ, 2000-ական թվականների սկզբին Իտալիայում Հայաստանի դեսպան Գագիկ Բաղդասարյանի թարգմանությունն ու խորհրդատվությունը: Հայ մեծանուն դերասանի գաղափարներն այս դասական իտալական պիեսի վերաբերյալ ակնհայտ երևում են ներկայացման վերաբերյալ նրա նկարագրից. «Երբ հեքիաթը գալիս է փոխարինելու իրականությանը, երբ երազանքը կպչուն միտք է դառնում, դա, միգուցե, այդքան էլ վատ չէ: Ծննդյան տոների շեմին ամենքս էլ երազել ենք սիրում: Սակայն սինյոր Կուպիելլոն չկարողացավ ժամանակին ազատվել իր երազից: Թվում է, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, չկա այլևս չքավորություն ու դժբախտություն, և միակ բանը, որ պետք է անել` մանուկ Քրիստոսի պատկերով խաղալիք պատրաստելն է: Բայց կյանքն, այնուամենայնիվ, իրենն է թելադրում, և Կուպիելլոն երազանքի համար թանկ կվճարի»:
Իտալական թատրոնի այս խոշոր դասականի նկատմամբ Հայաստանի ջերմ վերաբերմունքը հավաստելու նպատակով Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ներկա է գտնվել Վինչենցո Սալեմմեի ներկայացման պրեմիերային Հռոմում։ Ներկայացումից հետո դեսպանը հանդիպել է ռեժիսորի հետ։ Այս կապակցությամբ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ծովինար Համբարձումյանը կատարել է հետևյալ գրառումը. «Չափազանց հաճելի էր հանդիպել Վինչենցո Սալեմմեին նրա «Natale in casa Cupiello» ներկայացումից հետո, որը պարգևեց սուր զգացողություններ, ծիծաղ և արցունքներ, երազներ, սեր, ուրախություն և տխրություն, և այս ամենը՝ շնորհիվ մեծ ռեժիսորական տաղանդի և դերասանների բացառիկ ընտրության։ Ներկայացումը ներկայացնում է Նեապոլն իր բոլոր գույներով և երանգներով. քաղաք, որ սերտորեն կապում է հայերին և իտալացիներին իրենց մշակութային ինքնությամբ»:
«Այս խոսքերը վկայում են Նեապոլի համայնքի, ինչպես նաև Իտալիայի ողջ հարավի և ընդհանրապես իտալական մշակութային ավանդույթի հանդեպ հատուկ ուշադրության մասին: Հանդիպման ավարտին դեսպանը Վինչենցո Սալեմմեին հրավիրել է այցելելու Հայաստան, որտեղ այժմ ընթացքի մեջ են արտիստի դրամատուրգիական ստեղծագործության տարածման որոշ հետաքրքիր ծրագրեր:
Վինչենցո Սալեմմեի բեմադրությամբ «Սուրբ Ծնունդը Կուպիելլոյի ընտանիքում» ներկայացումը Հռոմից հետո կցուցադրվի Բոլոնիայում, Ֆլորենցիայում, Ֆաենցայում»,- հոդվածում նշում է Կարլո Կոպպոլան: