Բաժիններ՝

Մեծ Պահքը՝ ավելին, քան սննդից հրաժարում

Մեկնարկել է Մեծ Պահքը, որը պարզապես սննդից հրաժարում չէ: Եվ որքան կարևոր է, որ այս ճանապարհին հիշենք կարևորի մասին ու յուրաքանչյուրս մեր մեջ բացահայտումներ անենք այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում:

Ուխտագնացություն դեպի մեր ներաշխարհ

«Պահքն ուխտագնացություն է դեպի մեր ներսը»,- այսպես է բնութագրում պահոց շրջանը Տեր Կարապետն ու խորհուրդ է տալիս մասնակից դառնալ օգտակար ճանապարհորդությանը: Ինչպես մարմնի համար հիվանդությունն է կործանարար, այնպես էլ հոգու համար՝ մեղքը։ Այս գիտակցությամբ պահում ենք պահքը, որպեսզի ապաքինվի մեր ներսը, հոգին:

«Արտաքին աշխարհից կտրվելով մենք դառնում ենք դեպի մեր ներսը՝ այնտեղ գտնելու, տեսնելու այդ կեղտը՝ մեղքը, և մաքրվելու Աստծով: Մեր հոգիները մեղքի հիվանդությունից բուժելու միջոց է համարվում պահքը»,- հավելում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Կարդացեք նաև

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամն ու Եվան խաբվեցին սատանայից, կերան արգելված պտուղը, զրկվեցին շնորհներից, վտարվեցին դրախտից:

«Պահքի բոլոր կիրակիները մեզ քայլ առ քայլ մեղքի վիճակից տանելու են դեպի փրկություն, մաքրություն, դեպի Վերին Երուսաղեմ, և մենք մաքրված վիճակով տոնելու ենք Հարությունը և ասելու ենք՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- նշում է Տեր Կարապետը:

Քահանան վստահ է՝ պահքը կարող է ամրապնդել մեր հավատքը, զորացնել հոգին։ Պատահական չէ, որ եկեղեցական օրացույցում տարվա կեսը պահոց օրեր են:

Վերադարձ ինքներս մեզ

«Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի իր հոգևոր խորհրդի մեջ մարդկանց մղում է վերադարձի»,- նշում է Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը:

Տեր Հրաչյայի խոսքով՝ Ադամով մեղքը մտավ աշխարհ, Քրիստոսով աշխարհ եկավ կյանքը: Դրախտի դռները մեր առջև փակված չեն լինի, եթե առաջնորդվենք Քրիստոսով։

Պահոց շրջանը հոգևոր պատրաստության, կամքի ուժի դրսևորման շրջան է: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Քահանայի հորդորն է՝ այս ընթացքում հոգևոր իրականության մեջ գտնվելը: Շատ օգտակար կլինեն Սուրբ Գրքի, եկեղեցու հայրերի խոսքերի ընթերցումները:

«Մեծ պահոց ապաշխարության այս շրջանում շեշտադրում անենք ոչ թե կերակրի պահեցողությանը, այլ սիրո և դարձի ճանապարհին: Ուժ գտնենք մեր մեջ: Մարդուն նայենք որպես Աստծո արարչագործության թագ ու պսակի: Քրիստոսով վերադարձի ճանապարհ ունենք, եթե ընդունում ենք այդ ճանապարհը»,- նշում է քահանան:

Զարթոնք՝ բնության հետ

«Ամեն տարի բնությունը զարթոնք է ապրում, վերածնվում է: Յուրաքանչյուր տարի պահքի ժամանակ մենք կարող ենք վերանորոգվել, ինչպես գարունն է, նորից ծաղկել, որովհետև ինքնահոս ապրելով, ջրի երեսին գտնվող տաշեղի պես պիտի գնանք»,- նշում է Տեր Վարդանը:

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվի հորդորն է՝ մտնել պահքի տրամաբանության մեջ՝ հասկանալ ի՞նչ է նշանակում արտաքսում, վերադարձ կամ լինել անառակ որդու կարգավիճակում: Շատ օգտակար կլինի պահքի ընթացքում եկեղեցի հաճախ այցլելելն ու ծիսական արարողություններին մասնակցելը, որպեսզի կարողանանք հասկանալ յուրաքանչուր օրվա խորհուրդը: Պահքի ժամանակ հարցադրումը՝ ի՞նչ ուտել կամ չուտելը չէ, այլ քիչ ուտելն է, մարմինը ճնշելն է։

«Պիտի ճիգ գործադրենք՝ մոտենալու մեր ակունքներին»,- նշում է քահանան:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության շրջանը: Մկրտությունից հետո Աստծո Որդին «Հոգով առաջնորդվեց անապատ քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին» (Ղուկաս 4:1-2): Քառասնօրյա պահքին հաջորդում է Ավագ շաբաթը:

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս