Պակիստանյան ուժերի հարձակման հետևանքով Աֆղանստանում 9 երեխա է զոհվել
Պակիստանյան ուժերի կողմից Աֆղանստանի Խոստ նահանգում բնակելի տան ռմբակոծությունից հետո զոհվել է առնվազն ինը երեխա և մեկ կին։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է աֆղանական թալիբների խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Երեկ գիշերը, ժամը 12-ի սահմաններում, Խոստ նահանգի Գորբուզ թաղամասի Մուղալգայի շրջանում պակիստանյան ներխուժող ուժերը ռմբակոծել են տեղի բնակիչ Վիլայաթ Խանի տունը, որի հետևանքով զոհվել է 9 երեխա (5 տղա և 4 աղջիկ) և մեկ կին, և ավերվել է նրանց տունը», – նշել է Մուջահիդը՝ կից հրապարակելով զոհվածների լուսանկարները։
Խոսնակը հավելել է, որ ավիահարվածներ են հասցվել նաև Կունարի և Պակտիկայի նահանգներին, որտեղ վիրավորվել է չորս քաղաքացիական անձ։
Վերջին տարիներին Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները լարվել են։ Հոկտեմբերին Պակիստանի և Աֆղանստանի զինվորականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ զոհեր էին գրանցվել, որից հետո կողմերը Դոհայում հրադադար են կնքել, սակայն Թուրքիայում անցկացված խաղաղության բանակցությունները ձախողվել են, և չի հաջողվել հասնել երկարաժամկետ համաձայնագրի։
Իսլամաբադը մեղադրել է Աֆղանստանի տարածքում ապաստան գտած զինյալներին Պակիստանի տարածքում հարձակումներ կազմակերպելու համար։ Քաբուլը հերքում է, որ զինյալներին ապաստան է տվել Պակիստանի վրա հարձակվելու համար։

