Քննչական կոմիտեի՝ օրենքի խախտումով ուղարկված ոչ պատշաճ պատասխանը և Սամվել Բաբայանի՝ ԳՇ-ի դեմ դիմումը

2022 թվականի մարտին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։

2022 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այդ օրվա դրությամբ 3825 է:

2023 թվականի ապրիլի 1-ին Աննա Հակոբյանն էլ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանն Աճարկուտում ասել էր. «Մենք կորցրել ենք Դավիթին և 4000 Դավիթների»:

44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3830 է

Կարդացեք նաև

Ապրիլի 12-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել 44-օրյա պատերազմի հայկական կողմի զոհերի թիվն այդ պահի դրությամբ:

Մոտ մեկ շաբաթ հետո պաշտպանական գերատեսչությունից մեզ հետևյալ պատասխանն էին տվել. 

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հրապարակել է զոհված զինծառայողների և քաղաքական անձանց թվաքանակը: Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար կարող եք մուտք գործել investigative.am կայք էջ»:

Դրանից հետո ապրիլի 27-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ արդյոք զոհերի ավելի վաղ հրապարակված թվի փոփոխություն կա՞, այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը որքա՞ն է:

Հարցումն ուղարկելուց ավելի քան 1 ամիս հետո ենք պատասխան ստացել՝ հունիսի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեն իր պատասխան գրության մեջ նախ նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող տարբեր փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է, տվյալ դեպքում Ադրբեջանի դեմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմի սանձազերծում և վարում, վարձկանների օգտագործում, պատերազմ վարելու արգելված մեթոդների ու միջոցների կիրառում, խաղաղ բնակչության նպատակաուղղված թիրախավորում և այլն:

 «Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3830 անձ»,- հավելել է Քննչական կոմիտեն իր պատասխանում:

Քննչականի՝ ժամկետի խախտմամբ պատասխանը

Ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեին ուղարկված գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել նաև, թե 2018-2023թթ. ընկած ժամանակահատվածում բանակում հակառակորդի կրակոցից կամ մարտական իրավիճակում և ոչ մարտական պայմաններում մահվան քանի դեպք է գրանցվել, և այդ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից քանիսն է սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար, հիվանդություն և այլն: Այս համատեքստում մենք հարցրել էինք, թե քանի քրեական գործ է հարուցվել բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան փաստերի առիթով: Մեր այս հարցադրումներն, ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեն շրջանցել է՝ սահմանափակվելով հետևյալով.

«Հարցմամբ նշված 2018-2023 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և պաշտպանության բանակում զինվորական ծառայության հետ կապված մահերի վերաբերյալ հաշվառում ՀՀ քննչական կոմիտեում չի վարվում»:

Հավելենք՝ երբ ապրիլի 12-ին գրավոր հարցում էինք ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու 2018-2023 թվականներին բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թվային պատկերը, մեզ այնտեղից պատասխանել էին.

«Ինչ վերաբերում է բանակում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թվաքանակի վերաբերյալ հարցադրմանը՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, տեղեկատվության համար կարող եք դիմել վարույթ իրականացնող մարմին»:

Այսինքն, Պաշտպանության նախարարությունն ուղղորդել է ՀՀ քննչական կոմիտե՝ թերևս, հաշվի առնելով, որ մահվան դեպքերի փաստով քրեական գործեր են հարուցվել, ըստ այդմ՝ մեր պահանջած թիվը կարող են տրամադրել ՔԿ-ում, իսկ Քննչական կոմիտեն հիմա ասում է՝ նման հաշվառում չեն կատարում:

Ի՞նչ որակում տալ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած քննչական կոմիտեի այս գործելաոճին՝ անգործությո՞ւն, անբարեխիղճ աշխատա՞նք, փնթիությո՞ւն, թե՞ անհարգալից վերաբերմունք:

Մեր գրավոր հարցման մեջ 3-րդ հարցադրմամբ փորձել էինք պարզել՝ 2018-2023-ն ընկած ժամանակահատվածում քանի քրեական գործ է հարուցվել բարձր, միջին և ավելի ցածր օղակի սպաների ու զինվորականության նկատմամբ, և դրանցից քանիսն է՝ 44-օրյա պատերազմի, քանիսը՝ 2021-2022 թթ. ադրբեջանական առաջխաղացումների և սադրիչ գործողությունների համատեքստում, և քանիսը՝ նշվածից դուրս փաստերով: Այս հարցին ընդհանրապես չեն պատասխանել:

Ի դեպ, 2022 թվականի մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ հայտնել էր, թե ՀՀ ԶՈՒ և ՊԲ ի՞նչ բարձրաստիճան զինվորականներ են անցնում պատերազմի հետ առնչվող քրեական գործերով, առհասարակ այդ պահի դրությամբ քանի հոգի և ինչ հոդվածներով են մեղադրվում:

ԳՇ-ում փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ՝ Սամվել Բաբայանը դիմում է ներկայացրել

Իսկ Քննչական կոմիտեին ուղղված մեր վերջին հարցը վերաբերում էր 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի արած հայտարարությանը, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

2022 թվականին այս առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից պատասխանել էին, որ «հայտարարությունն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն՝ պատերազմին վերաբերող մեծ քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու»:

Ուստի ապրիլի 27-ին ուղարկած մեր գրավոր հարցման միջոցով ՀՀ քննչական կոմիտեից փորձել էինք պարզել՝ ի վերջո, ի՞նչ բացահայտվեց, ԳՇ-ում փաստաթղթեր կեղծվե՞լ էին, Սամվել Բաբայանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, նա իր այս հայտարարության հետ կապված հարցաքննվե՞լ է:

Այս թեմայի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն իր գրության մեջ նշել է.

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում հրամաններ կեղծելու վերաբերյալ Սամվել Բաբայանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա է դարձվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՊԲ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելու, ինչպես նաև իշխանության անգործության դրսևորելու ենթադրյալ հանցանքներ կատարելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի նախանքննության ներկա փուլում այն չի կարող տրամադրվել»:

Քննչական Կոմիտեի պատասխանից ակնհայտ է դառնում, որ Սամվել Բաբայանը, բացի հայտարարություն անելուց, նաև դիմում է ներկայացրել «ԳՇ-ում և ՊԲ-ում փաստաթղթեր կեղծելու» վերաբերյալ:

Ի դեպ, 2021-ին «Հրապարակի» հետ զրույցում նա ակնարկել էր, որ դիմելու է իրավապահներին:

«Ես ամեն ինչն էլ փաստերով գիտեմ, բայց ինչի՞ ա Ձեզ թվում, որ տեղյակ չեն կամ չեն ներկայացրել»,- ասել էր Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի դիմում իրավապահներին: Բաբայանն այս համատեքստում վստահեցրել էր՝ Փաշինյանը չի եղել կարգադրողը: Այսինքն, 44-օրյա պատերազմի ավարտից մինչ օրս Սամվել Բաբայանը պարտության միակ մեղավոր համարում է զինվորականությանը, նրա թիրախը գեներալներն են, թեպետ ինքը որոշներից ավելի շատ է եղել հրամանատարական կետում՝ որպես Արցախի ԱԽ քարտուղար, բայց սա առանձին քննարկման թեմա է:

Իսկ քանի որ Քննչական կոմիտեն իր գրության մեջ հիշեցրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մասին, մենք էլ մեր հերթին Քննչական կոմիտեին հիշեցնենք, որ նշված օրենքը սահմանում է՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»:

Մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն խախտել է օրենքի այս պահանջը և հարցմանը ուշացումով պատասխանելուց հետո ոչ միայն հարցերին պատշաճ չի պատասխանել, այլ որոշ դեպքերում շրջանցել է դրանք կամ ընդհանրապես թողել է անպատասխան: Ստորև ներկայացնում ենք մեր հարցումը և դրան Քննչական կոմիտեի պատասխանները

Տեսանյութեր

Լրահոս