Սուրբ Ծնունդի ծաղիկներն ու աստղերը․ Սուրբծննդյան նամակ համար 7
Աշխարհը սպասում էր Քրիստոսին, և Նա եկավ
Աստղերը երկնային ծաղիկներ են։
Գալակտիկաները՝ շքեղ բացատներ։
Տիեզերքը՝ ծաղկուն անեզր մարգագետին՝ ուրախության ու հիացմունքի համար։
Գիշերը պատուհանից ներս է լցվում աստղային ծաղիկների նուրբ լույսը, իսկ Լուսինը աչեղ կոկոնի պես լողում է անքուն մոլորակի վրայով։
Հին հույները կարծում էին, որ աստղերը երգում են, և ողջ տիեզերքով տարածվում է նրանց անդադար երգեցողությունը, և մի օր մենք կհասկանանք, որ այդ ծաղիկները ոչ միայն երգում են, այլև բուրում են աստղային անկրկնելի բույրով։ Աստղաբույլերը պարում են հանց շքեղ ծաղկեփնջեր՝ սլացիկ, հստակ, անխոնջ, և կան այնպիսի մարդիկ, որ գիտեն ծաղիկների ու ծաղկաբույլերի անունները։ Հարկավոր է միայն ուշադիր նայել՝ ահա գոտին, ուսերը, ոտքերը, իսկ հետո արդեն սուրն է ու վահանը։ Ախր սա Օրիոնն է (կամ Հայկը – թրգմ․)՝ ձմռան աստղային ծաղկեփունջը։
Որսորդ Օրիոնը թափառում է մեր գլխավերևում նոյեմբերից մինչև ապրիլ, ապա թաքնվում ու կրկին մագլցում երկինք օգոստոսի վերջին․ երբեք բաց չի թողնի իր մուտքը։
Օրիոնին կճանաչես գոտուց՝ երեք վառ աստղ՝ Ալնիտակ, Ալնիլամ, Մինտակա՝ մի կողմով դեպի Սիրիուս, մյուսով՝ Ալդեբարան, և անվանումներն այնքան հրաշալի են, իսկը շքեղ ծաղիկների համար։ Իսկ վերևից Բետելգեյզեն է, ներքևից՝ Ռիգելը, և երանելի է նա, ով դեռ կարողանում է ուրախանալ բառերով ու ծաղկաբույլերով, որովհետև Օրիոնը համարյա սուրբ համաստեղություն է, չէ որ նրա մասին խոսվում է Աստվածաշնչում՝ Հոբի ու Ամոսի գրքերում։
․․․․Երեք աստղ․ ոչ թե ուղղակի երեք երկնային ծաղիկ Օրիոնի գոտում, այլև մոգերի՝ պարսիկ խորհրդավոր գուշակների խորհրդանիշը, որ եկել էին երկրպագելու երկար սպասված Մանկանը և ընծայաբերելու ամենաթանկարժեքը, որ գտնվել էր երկրի երեսին։
Սպասման 100 տարի
Նախատատս ապրեց 100 տարի։ Իր կյանքի վերջին 16 տարին նա անցկացրեց իմ ներկայությամբ, ավելի ճիշտ՝ առկայությամբ։ Նա բազմաթիվ թոռներ ու ծոռներ ուներ և զարմանում եմ, թե իր այդ տարիքում նա ինչպես էր կարողանում մեզ զանազանել այդ ճտերի ծլվլոցի մեջ։ Մի քիչ վիրավորական է, որ հարյուր տարուց միայն տասնվեցն է բաժին հասել ինձ, բայց դե ինչ արած։
Ընտանիքում նրան անվանում էին «պառավ տատիկ»։ Նա համեստ, սուս ու փուս մարդ էր և իր կյանքի վերջին երկու տարին խիստ տառապում էր, որ չի կարողանում քայլել և բոլորին մեծ անհարմարություն է պատճառում։ Բայց այստեղ էլ նրան օգնության էր հասնում նրա բնատուր ծիծաղկոտությունը։ Պարզվում է, որ հումորի հարյուրամյա զգացումը կարող է նույնքան թարմ լինել, որքան տասնվեցամյան։
Պառավ տատիկի հետ մտերմացանք այն հրաշալի տարին, երբ ես բոլորի համար անսպասելիորեն դարձա քրիստոնյա։ Նա մանկուց երգում էր եկեղեցական երգչախմբում և անգամ հարյուր տարեկանում հավատարիմ էր մնացել երգեցողությանը։ Ինձ էլ եկեղեցում հենց երգեցողությունն էր ձգում, և եկեղեցու դասը նախընտրում էի խորանից։
Դուք հիշո՞ւմ եք ձեր առաջին Սուրբ Ծնունդը։ Ինձ թվում է, որ դա հրաշալի հարց է հոգևոր վարժանքի համար․ մտովի վերադառնալ սուրբծննդյան քո առաջին տոնը, հիշել ամենահրաշալին, ամենանվիրականը։
Իմ առաջին Սուրբ Ծնունդը լավ չի պահպանվել հիշողությանս մեջ, հատկապես դրա եկեղեցական հատվածը։ Հիշում եմ, որ ցուրտ էր, և ձյունը ճռճռում էր ոտքերի տակ, իսկ եկեղեցին մարդաշատ էր, տոնական եռուզեռ էր տիրում։ Բայց ես պատրաստվել էի՝ սվորել էի շարականն ու սպասում էի, թե երբ կարելի կլինի ձայնակցել երգչախմբին, սակայն ամեն անգամ ուշանում էի՝ մե՛կ նոտայով ինչ-որ բան էին երգում, մե՛կ ես միանգամից չէ, որ լսում էի, մի խոսքով՝ կորավ շարականն էլ, մնացածն էլ։ Իսկ այն այնքա՜ն գեղեցիկ է՝ պարզ, կարճ, իմ սիրելի մոգերի մասին, աստղերի մասին՝ իսկական սուրբծննդյան հիմն։ Երեկոյան ժամերգությունից տուն էի վերադառնում՝ շարականը քթիս տակ երգելով, և ամեն ինչ մի պարտիտուրա էր՝ և՛ ձյունը, և՛ աստղերը, և՛ մոգերը։
Այդ տարին իմ սուրբծննդյան պատարագը հանկարծակի շարունակվեց պառավ տատիկի մոտ։ Մայրիկը մի կապոց մանդարին տվեց ինձ՝ պատվիրելով տանել նախատատին՝ տոնը շնորհավորելու։ Եվ ահա ես՝ ոչ միայն ծոռ, այլև Աստծու ուղղափառ ծառա, «գիտակ», ամենաեկեղեցական բառերով շնորհավորում եմ տատիկին մեծաշուք տոնի կապակցությամբ։
Նախատատն ուղղակի ծաղկեց․ նրա ընտանիքում հայտնվել է եկեղեցական համախոհ, մեր մարդը։ Իսկ ուղղափառներն ինչպե՞ս են ճանաչում մերոնքականներին։ Երգեցողությամբ։ Դա փորձված ու հուսալի գաղտնաբառ է։ Եվ հանկարծ պառավ տատիկը երգեց․
Այսօր տօն է սուրբ ծննդեան,
Տեառն մերոյ եւ յայտնութեան,
Այսօր արեւն արդարութեան,
Երեւեցաւ ի մէջ մարդկան,
Այսօր հրեշտակք յերկնից իջան,
Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
Դա ինձ համար և՛ մեծ պատիվ էր՝ երգել հենց նրա՝ նախատատիկի հետ, և՛ մեծ փորձություն՝ միայն թե չշփոթվեմ, միայն թե հիշողությունս չդավաճանի։ Բայց չէ որ այնքա՜ն հրաշալի է՝ ծոռը նախատատի հետ զուգերգ է երգում։
Հետո ես անընդհատ մտածում էի՝ մարդը մի քանի սերունդ սպասել էր, որպեսզի ընտանիքում հավատակից հայտնվի։ Նա իր հայացքները երբեք չէր պարտադրել երեխաներին ու թոռներին, չէր համոզել ծոռներին և, հավանաբար, ես անսպասելի նվեր էի նրա համար իր կյանքի մայրամուտին, անակնկալ բողբոջ, մեծ տոհմածառի աննկատ ճյուղ, որը չգիտես, թե ինչու ունակ եղավ հասկանալու և կիսելու իր ուրախությունը, քրիստոնեության կամուրջ՝ գցված երկու սերունդ հետո։
Դա մարդկային առումով այնքան հասկանելի է՝ ի դեմս զավակներիդ կամ գոնե թոռներիդ տեսնել ոչ թե ուղղակի ազգականների, այլ եղբայրների ու քույրերի ի Քրիստոս, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ավետարանական ընկալունակությունը ոչ միշտ է, որ արտահայտվում է յուրաքանչյուր սերունդի մեջ։
Կարելի է սպասել տառացիորեն հարյուր տարի, որպեսզի արդեն այս աշխարհին հրաժեշտ տալիս տեսողության մնացորդներով տեսնես հույսի փոքրիկ շող, քո նվիրական ուրախության արտացոլանքը կրտսեր սերնդի մեջ։
Փրկչին սպասելիս
Սպասումի դրաման փոքրիկ ընտանիքի ժամանակագրության մասին չէ, այլ ողջ մարդկության պատմության։ Քրիստոսի Սուրբ Ծնունդը հասկանալու և գիտակցելու համար պետք է մտնել սպասման այդ լարված տարերքի մեջ, որով ներծծված էր հինկտակարանյան մարդկության ողջ պատմությունը։
Մարդիկ փնտրում էին նշաններ, ուշադիր քննում էին մարգարեական կերպարները, համեմատում կանխասացությունները։ Հրեաները սպասում էին խոստացված Մեսիային, Դավթի որդուն, Հուդայի ցեղի առյուծին, որը կազատի իրենց բազմադարյա նվաստացումից։ Հույներն ու հռոմեացիները ավելի լայնախոհ էին․ պետք է ծնվի մի մանչուկ, որը կրկին կբերի ոսկեդարը՝ սատուրնի թագավորությունը, որում այլևս չեն լինի տերեր ու ստրուկներ, կբժշկվեն աշխարհի վերքերը, կյանքից ընդմիշտ կանհետանա անարդարությունը։
Պոետ Եսային և Վերգիլիոս մարգարեն՝ այնքա՜ն տարբեր ու այնքա՜ն տաղանդավոր, սակայն ասես նույնի մասին էին խոսում։ Ե՛վ հույները, և՛ հռոմեացիները խորաքնին կերպով կարդում էին սիվիլլաների գրքերը և դրանցում նշաններ ու կանխասացություններ գտնում Փրկչի ծննդյան մասին։ Իմաստուն Պլատոնն այնքան պարզ էր խոսում ճշմարտության մասին, որ առաջին քրիստոնյաները հավատում էին, որ նա ամեն ինչ թաքուն նայել էր Մովսեսից։
Իսրայելացի մարգարեները գրում էին մահվան ստվերում ու խավարում նստած մարդկանց մասին, իսկ Պլատոնը խոսում էր պատրանքների քարանձավի մասին, որտեղ ապրում է մարդկությունը, և ճշմարիտ լույսի մասին, դեպի որը պետք է ճեղքել-դուրս գալ՝ տեսողությունը կրթելով, և պատահական չէ, որ խոսվում է առողջարար աստղային լույսի մասին․ «Հարկավոր է սկսել ամենահեշտից՝ նախ նայել ստվերներին, ապա մարդկանց ու տարբեր առարկաների արտացոլանքին ջրում, և հետո միայն հենց իրերին, ընդորում, այն, ինչ երկնքում է, և հենց երկինքն էլ ավելի հեշտ կլիներ տեսնել ոչ թե ցերեկը, այլ գիշերը, այսինքն՝ նայել աստղերի լույսին և Լուսնին, այլ ոչ թե Արևին ու նրա լույսին» (Государство VII, 516 b)։
Եվ մի՞թե փրկչական զոհաբերության մասին մարգարեություն չեն նրա խոսքերը իմաստունի մասին, որը մարդկանց հանդեպ խղճահարությունից ելնելով՝ կփորձի փրկել գոնե մեկին քարանձավի խավարից․ «Նրա մասին կսկսեն ասել, որ բարձրանալուց հետո նա վերադարձավ վատթարացած տեսողությամբ, իսկ դա նշանակում է, որ չարժե անգամ փորձել դեպի վեր գնալ։ Իսկ ո՞վ հանձն կառներ ազատել բանտարկյալներին, որպեսզի նրանց վերև բարձրացնի, նրան մի՞թե չէին սպանի, եթե նրանց ձեռքն ընկներ» (Государство VII, 517 a)։
Փրկչին սպասելու ողջ դրամատիզմը հասկանալու համար ժամանակակից մարդը պետք է խորամուխ լինի հնագույն տեքստերի և ուսումնասիրությունների մեջ։ Թեև այլ ճանապարհ էլ կա՝ Փրկչի գալստյան հանդեպ հուզումը նման է նեռի ծննդյան հանդեպ այն տագնապին, որով տառապում են մեր ժամանակները։ Մենք էլ ուշադրությամբ զննում ենք վերջին թշնամու գալստյան նշանները այնպես, ինչպես հին հրեաներն ու հռոմեացիներն էին քննում Փրկչի գալստյան նշանները։
Մեսիայի երկու ամենապայծառ նշանները՝ աստղ ու ծաղիկ։
Ո՞վ առաջինը նկատեց Սուրբծննդյան աստղը։ Ո՛չ, մոգերը չէ։
Կար մի մարդ, որը պարսիկ մոգերից տասնչորս հարյուրամյակ առաջ տեսավ բեթղեհեմյան աստղը։ Նրա անունը Բաղաամ էր։
Ընկնող մարգարեն
Բաղաամ մարգարեն ողբերգական կերպար է։ Նրան շատ բան էր տրված տեսնելու, սակայն նա թուլակամ ու փոքրոգի մարդ էր և հավանաբար հենց ինքը հրաշալի հասկանում էր դա․
«Խոսում է Բեորի որդի Բաղաամը՝ ճշմարտատես այն մարդը,
որ լսել է Աստծու պատգամները
և հմուտ է Բարձրյալի գիտությանը,
քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը» (Թվեր 24։15-16)։
Աստծու շնորհը մեր արժանիքը չէ։ Շատ բան է տրված մարդուն, իսկ նա, միևնույն է, ընկնում է և չգիտես՝ ինչու դրանից ավելի շատ ես հավատում նրան, քան ձյունաճերմակ «բարոյականության սյուներին»․ «քնի մեջ բաց աչքերով է տեսել»։
Բեթղեհեմի աստղը առաջինը հենց նրան՝ ընկնող մարգարեին է ցույց տրվել, և իր ախտավորության մասին ազնիվ խոստովանությունը այնքա՜ն սրտառուչ է, և ինձ այնպե՜ս է հուզում այն զարմանալի մարգարեությունը, որ տրվել է մարգարեներից ամենատկարին․
Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա,
երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում:
Ծագելու է Հակոբի աստղը,
մի մարդ է բարձրանալու իսրայելացիներից
և կոտորելու է Մովաբի իշխաններին,
գերևարելու է Սեթի բոլոր հետնորդներին (Թվեր 24։17)։
․․․․Հակոբի աստղը հենց Սուրբծննդյան աստղն է՝ այնքան կարևոր պատկեր, որ Հայտնության գրքում Փրկիչն Ինքն է կոչում Իրեն այդ անունով․ «Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղը առավոտի» (Հայտն․ 22։16)։
Եվ կրկին անսպասելիորեն միավորվում են աստղերն ու բույսերը։
Սակայն մյուս նշանը՝ Իսրայելի գավազանը, ուղղակի իշխանության նշան չէ։ «Գավազան», եբրայերեն՝ «շէվետ», որ նշանակում է գայիսոն, ցուպ, բայց նաև՝ ճյուղ, ընձյուղ, պատահական չէ, որ բուսական, օրգանական կերպար է։
Բոլոր ազգերի հույսը՝ Քրիստոս, պարզապես հաղթությամբ չի գալու այս աշխարհ, Նա տառացիորեն ընձյուղվելու է նրան Իսրայելի տոհմածառի միջոցով։
Ե՛վ ծաղիկներ, և՛ հասկեր․․․
Մեսիայի նշանի համար հրեա մարգարեները մեկ այլ տերմին էլ ունեին՝ «ցէմախ», որը հունարեն թարգմանեցին «ἀνατολή»՝ սովոր ռուսական ականջին հանրաճանաչ Անատոլի՝ «արևելյան», անվան շնորհիվ։
Անհավանական հաջող բառ է։ Դրանում հանդիպել են և՛ աստղագիտական, և՛ բուսական կերպարները՝ ἀνατολή՝ արևածագ, արևելք (որպես արևածագի վայր), սկիզբ, ակունք, շառավիղ։ Սուրբ Զաքարիան ուղիղ ասում է, որ Մեսիայի իսկական անունը «Շառավիղ» է՝ ἀνατολή (Զաք․ 3։9, 6։12)։
Իսկ Երեմիա մարգարեն այսպես է գրում Փրկչի ծննդյան մասին․
«Ահա օրեր են գալու, – ասում է Տերը, –
ու ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի՝ ἀνατολήν,
որ թագավորելու է որպես արքա.
նա խելամիտ է լինելու,
իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա (Երեմ․ 23։5)։
․․․․Շարականի առաջին տողերը պոետի պերճախոսություն չեն, այլ Եսայի մարգարեի գրքի նշանավոր տասնմեկերորդ գլխի սկիզբն է, որն այսպես է հնչում․
«Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի,
ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից» (Եսայի 11:1)։
«Գավազան» բառի փոխարեն հունարեն տեքստում ράβδος է՝ ցուպ, փայտ, ձեռնափայտ (օր․՝ Ահարոնի ծաղկած գավազանը՝ Եբր․ 9։4), ինչպես նաև մոգական գավազան, կախարդական փայտիկ․ վերջինը ինձ ամենից շատն է դուր գալիս։ Կա նաև «բուսաբանական» նշանակություն՝ «խաղողի որթատունկ», «ճյուղ»։ Իսկ այնտեղ, որտեղ ռուսերեն թարգմանել են «ճյուղ», հրաշալի ἄνθος բառն է, որն այդպես էլ թարգմանվում է՝ «ծաղիկ»։
Քրիստոս աստղ է։
Քրիստոս ծաղիկ է։
Քրիստոս նորածիլ ոստ է։
Քրիստոսի գլխավորությամբ
Հեսսեի թոշնած արմատից մատղաշ ընձյուղ՝ ահա՛ ճշմարիտ Մեսիայի նշանը։ Հեսսեն մարգարե ու արքա Դավթի հայրն է, Սողոմոնի պապիկը։ Առաջին դարի քրիստոնյաների ու հրեաների համար շատ կարևոր էր իմանալ, որ Հիսուս Նազարեթից է՝ Դավթի ճշմարիտ ժառանգը։ Ահա թե ինչու է առաջին Ավետարանը սկսվում Հիսուս Քրիստոսի՝ Դավթի Որդու տոհմաբանությամբ։
Ավետարանական այդ հատվածը համառորեն ու ձանձրացնելով կարդում են Սուրբծննդյանը նախորդող կիրակի օրը՝ սուրբ հայրերի շաբաթին, և դու քեզ ավելորդ ու օտար ես զգում այդ երջանիկ ընտանեկան սագայում։
Նախ՝ ուրիշ ազգություն է՝ Աստվածընտրյալ ժողովուրդ, և մենք միայն կարող ենք ուրախանալ նրանց համար։ Ուրախանալ ու մի կողմ քաշվել, որովհետև այդ ամենը օտար երջանկության մասին է՝ հուզիչ, երբեմն՝ ողբերգական, բայց օտար, մերը չէ։
Երկրորդ՝ արքայական տոհմի մասին է խոսքը, որտեղ բոլորը ազգական են մեկ-մեկու, երկար ու գեղեցիկ պատմությամբ ընտանիք է։ Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, եթե անգամ ռուս ազնվականության մեջ ո՛չ ազգական ունեմ, ո՛չ կապեր։
Մտքերս ազնիվ են։
Սակայն որոշակիորեն հեռու են Ավետարանից։
Չէ որ առաջին դարերի քրիստոնյաների համար այդ ձանձրալի տոհմաբանությունը ոչ թե ուղղակի Քրիստոսի օրինականության ապացույցն էր, այլ նաև մեր ընտանեկան պատմությունը։
Քրիստոս որդեգրեց յուրաքանչյուր մարդու, իսկ կանչվածների համար Նա ոչ միայն Մարդացյալ Աստված է, ոչ միայն Վարդապետ ու Մարգարե է, այլև Եղբայր՝ արյունակից ու մարմնակից։
Մկրտության ու Հաղորդության միջոցով մենք բառացիորեն արյունակից ենք դառնում Դավթի Շառավղին՝ մենք և՛ Քրիստոսի, և՛ Աստվածամոր ամենամտերիմ ազգականներն ենք, մենք ամենաիսկական Դավթենցից ենք․ Հիսուսի միջոցով մենք Դավիթ թագավորի ուղիղ ժառանգներն ենք և իմաստուն Սողոմոնի ազգականները։
Խորհե՛ք՝ հրեաներից ամենահրեա Պողոս առաքյալն ընդամենը Բենիամինի ցեղից էր, իսկ ամենահամեստ ու հասարակ քրիստոնյան Դավթի ճշմարիտ ժառանգն է՝ արքայական ու մեսիական արյունից։
Քրիստոս Ինքն է Իր ու մեր մասին ասում․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ․ 15։5)։
Վերջին արտահայտությունն ասես զգուշացում լինի ամեն տեսակի մեծամտությունից, որի մասին նաև Պողոս առաքյալն է գրում․ «․․․․եթե արմատը սուրբ է, սուրբ են նաև ճյուղերը: Եթե ճյուղերից մի քանիսը կտրվեցին, և դու, որ մի վայրի ձիթենի էիր, պատվաստվեցիր նրանց վրա և հաղորդակից եղար արմատին և ձիթենու պարարտությանը, մի՛ պարծեցիր այդ ճյուղերի դեմ» (Հռոմ․ 11։16-17)։
Հպարտությունը բազմակողմանի է, բայց հազվադեպ չէ, որ արտահայտվում է թերարժեքության բարդույթով, շատ տխուր է տեսնել, թե քրիստոնյան՝ Դավթի ժառանգը, Քրիստոսի ու Կույս Մարիամի արյունակիցը, ինչպես է ինչ-որ աստիճաններ փնտրում իր համար, բարոնի տիտղոսներ, խրախուսանք է խնդրում մե՛կ եվրոպացի «սպիտակ պարոններից», մե՛կ իրենց մեջ է փնտրում այդ սպիտակ ոսկորն ու կապույտ արյունը, որն, ինչպես վստահեցնում են, կիսով չափ մարդ է դարձնում։
– Իսկ ահա ասում են՝ մտավորականի մեջ պարտադիր պետք է գոնե մի կաթիլ հրեական արյուն լինի․․․
– Իմ մեջ որ կաթիլը կուզես՝ մաքուր Իսրայել է։
– Այդ ո՞նց եք հաջողացրել։
– Հաճախում եմ այնտեղ, որտեղ ամենահրեաներն են։ Ավելի հրեա արդեն ուղղակի չի լինում, համատարած Դավթի սերունդներն են։
– Դա որտե՞ղ է։
– Ուղղափառ եկեղեցում, ահա թե որտեղ է Իսրայելը։
– Եվ ո՞ւմ եք քաշել՝ այդքան խելացի։
– Պապիկիս՝ Սողոմոնին։
Եթե անգամ հումորը չի օգնում հաղթահարել կրոնական կամ ազգային թերարժեքության բարդույթը, ապա առաջին Ավետարանից անգիր սովորեք տոհմերի ցուցակը, որովհետև իրականում դա մասնավոր տոհմաբանություն չէ, ոչ էլ՝ «Մեսիայի անձնագիրը», այլ իմ ամենաիսկական ընտանիքն է, իմ տոհմը։ Քրիստոնյայի համար դա ակնհայտ է ու անվիճելի։
Հեսսեի ծառը Քրիստոսի գլխավորությամբ հավաքված ողջ մարդկության տոհմածառն է, որ կա․ «Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է կանգնելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու» (Եսայի 11։10)։
Տասներկու սքանչելի սիվիլլա
Միայն թե մի փորձեք բանաստեղծությունը արձակ պատմել։ Ավելի լավ է երգել։ Կամ պարել։ Ամենահաջողը նկարելն է, չէ որ նկարիչը բանաստեղծի ազգականն է, և Հեսսեի ծառը ոչ միայն բիբլիական սյուժե է, այլև սրբապատկերի կանոն։
Մարդը հանգստանում է՝ գլուխն անհոգությամբ ազատ ձեռքին դրած՝ քնած է։ Հեսսեն է, որ կա։ Իսկ նրանից շյուղեր են բարձրանում՝ Դավիթը, Սողոմոնը, և էլի վերև, լայնանալով՝ մինչև Քրիստոս ու Աստվածամայր։
Այդպիսին է արևմտյան սրբանկարչության կանոնը։
Գեղեցիկ է։
Իմաստուն։
Սրտառուչ։
Իսկ ահա ուղղափառ սրբապատկերի «քարտեզը»․ այնքան շատ են կերպարները, որ նախապապ Հեսսեին առանց հուշելու չես գտնի։ Այստեղ և՛ մարգարեներն են՝ մագաղաթները ձեռքներին, և՛ կանխասացության նշանները՝ մեսիական խճանկարի գաղտնի էլեմենտները, որ մատնացույց են անում ճշմարիտ Փրկչին՝ սանդուղք, ժայռ, ծառ, իսկ ահա անսպասելիորեն նաև աստղ, իսկ նրա հետ մեր ընկերը՝ ընկնող Բաղաամ մարգարեն։
– Մեղավորին ինչպե՞ս են սրբապատկեր թողել։
– Ավելի բարձր գոռացեք․ այդ սրբապատկերի վրա անգամ հեթանոսներ կան։
Մոսկովյան կրեմլի Ավետման տաճարի որմնանկարներում «Հեսսեի ծառը» ոչ միայն սուրբ հայրերն են, այլև անհավանական վկաների մի ողջ ցուցակ՝ կանխագուշակ սիվիլլաները, Վերգիլիոսը, Եվրիպիդեսը, Պլատոնը, Հերմես Եռամեծը, Մենանդրոսը և անգամ կույր երգիչ Հոմերոսը։
․․․․Մուրոմի Նիկոլսկայա եկեղեցում ոչ թե մեկ, այլ ամբողջ տասներկու սիվիլլա կա՝ յուրաքանչյուրն իր բարեհունչ անվան տակ։ Եվ դա բացառապես ռուսական ավանդույթ չէ․ Աթոսում, Սերբիայում, Երուսաղեմում, ռումինական ու բուլղարական եկեղեցիներում կգտնեք նույն կանոնը, որովհետև և՛ սիվիլլաները, և՛ փիլիսոփաները, և՛ պոետները մեզ մոտ են հասել մոգերի կարգով։
․․․․Կղեմես Ալեքսանդրացի պատրիարքը ուսուցանում էր երկու հին կտակարանների մասին՝ օրենքը՝ հրեաների համար, հույների համար՝ փիլիսոփայությունը։
Կտակարաններից յուրաքանչյուրն իր ճանապարհով էր տանում՝ ստվերների, փշերի ու ակնարկների միջով, բայց դեպի Քրիստոս, և ընծաներով դեպի խորհրդավոր աստղի լույսը գնացող արևելյան իմաստունների կերպարը նրանց մասին է, որոնց իմացասեր միտքն ու ազնիվ սիրտը անպատճառ բերելու է դեպի Ճշմարտության Լույսը։
Մեր ժամանակակիցներից շատերի համար դեռևս հինկտակարանյան ժամանակներն են, և նրանք ոտները քարշ են տալիս դեպի Հույսի խորհրդավոր Լույսը՝ ցանկանալով նրան փոխանցել այս աշխարհի բոլոր թանկարժեք իրերը, որ իրենք իրենցով իմաստ չունեն, այլ [իմաստավորվում են] միայն Աստծու գահի առջև։
Ոսկին քաղաքականությունն ու տնտեսությունն են։
Կնդրուկը՝ հավատը իմաստի հանդեպ ու վերջին հիմքը։
Զմուռսը՝ գիտության բուժիչ ուժը։
Եթե մարդ առողջ է մտքով ու սրտով, ապա նա անպատճառ այդ ընծաները կբերի Աստծուն և ուրիշ ոչ մեկի։
Բայց այժմ մենք այլ կերպ ենք նայում աստղերին, մեզ այլ հույսեր ու սպասումներ են հուզում։
Քրիստոս՝ ատլանտների մեջ
«Նոր հորիզոններ» սարքը ինը տարի թռչում էր դեպի Պլուտոն, որպեսզի այդ մոլորակի մասին, որ վեց անգամ ավելի թեթև է Լուսնից, բայց փոխարենը մի քանի կիլոմետր սառույցով ծածկված օվկիանոս ունի, տեղեկություններ ուղարկի Երկիր։ 2020 թվականին մի քանի ուղեծրային զոնդ սառցե պատյանի տակ հեղուկ ջրով լճերի մի ողջ համակարգ բացահայտեցին Մարսի վրա։
Նույն տարում Վեներայի մթնոլորտում հայտնաբերեցին ֆոսֆին՝ նյութ, որ Երկրի վրա արտադրվում է միայն կենդանի օրգանիզմների կողմից։
Մենք աստղերին ենք նայում ավելի լավ կյանքի փնտրտուքով։ Ուր որ է ազդանշան կստանանք ավելի զարգացած քաղաքակրթությունից, և նրանք մեզ անշահախնդրորեն կօգնեն հաղթահարել հիվանդություններն ու աղքատությունը։ Ասում են՝ Երկրի նման արդեն բավական շատ մոլորակներ են հայնաբերել․ աղետի դեպքում փախչելու տեղ կա։
Մենք լույս չենք փնտրում, մենք ինքներս ենք որոշում, թե որն է լույսը, և որը՝ խավարը։
Մենք բարություն չենք փնտրում, մենք բարությունը սահմանում ենք այն, ինչ պետքական ենք համարում։
Իմաստուն Պլատոնը կանխագուշակեց ոչ միայն Փրկչի գալուստը, այլև նեռի հայտնվելը, և անսպասելի անուն ընտրեց նրա համար՝ Ատլանտ՝ Ատլանտիդայի առաջին արքայի հիշատակին։
«Ֆեդոն»-ի դիալոգում մեռնող Սոկրատեսը պատմում է մարդկանց մասին, որոնք սիրեցին խավարը։ Դա մի ամբոխ է, որ խարխափում է մթության մեջ, չի ցանկանում լուսավոր տեղ դուրս գալ և հավատում է ամեն տեսակի հորինվածքների, իսկ «ուժը, որն ամեն ինչ լավագույնս դասավորել է այնպես, ինչպես հիմա է, նրանք այդ ուժը չեն փնտրում և անգամ չեն ենթադրում, որ աստվածային զորություն է դրա ետևում։ Նրանք հույս ունեն, որ մի հրաշալի օր կհայտնագործեն Ատլանտին՝ ավելի հզոր ու անմահ, ունակ՝ ամեն ինչ ավելի հաստատուն կերպով իր վրա պահելու, և անգամ չեն ենթադրում, որ իրականության մեջ ամեն բան կապակցվում ու պահպանվում է բարու և պատշաճի կողմից» (Федон 99 c)։
Համաձայն Հեսիոդոսի՝ ծայր արևմուտքում, Օվկիանոսի մոտ տիտան Ատլանտը երկինքը գլխին է պահում ձեռքերով նեցուկ լինելով (Теогония 517-520)։
Եկեք, վերջապես, գտնենք ու սանձահարենք վերջին սկզբունքը, համապարփակ բանաձև արտածենք, և դրանք մեզ ենթարկենք, ամեն ինչ Ատլանտի վրա թողնենք ու հանգստանանք, սկսենք ապրել։ Հեռավոր արևմուտքում կանգնած կլինի մեր հույսն ու հենարանը։
Ատլանտը նե՞ռն է։ Ատլանտը, որ ուսերն ուղղե՞ց։
Ո՞վ է նա՝ տաղանդավոր ֆինանսագետ, համարձակ քաղաքական գործիչ, թե՞ ինքնուսույց ծրագիր՝ «Սքայնեթ»-ը կամ «Ամբրելա» կորպորացիան։ Ով էլ նա լինի, այժմեական կյանքի խելահեղ մոգերը պատրաստ են հենց հիմա էլ նրան տալ և՛ ոսկի, և՛ կնդրուկ, և՛ զմուռս, և քննողաբար հարցուփորձ են անում բաբելոնյան բոսոր աստղի տակ նրա ծնվելու ժամի մասին։
Իսկ մենք չենք էլ վախենում։
Իսկ մենք չենք վախենում ո՛չ բոսոր աստղերից, ո՛չ անհասկանալի ծրագրերից։
Չէ որ պոետ Եսային ճշմարիտ Մեսիայի մասին ասել է․
Նա տնանկի իրավունքը պիտի պաշտպանի
և արդարությամբ պիտի դատի երկրի տառապյալներին.
իր բերանի խոսքով հարվածի երկրին
և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին (Եսայի 11։4)։
Եվ նրա խոսքերը հաստատեց առաքյալը Բենիամինի ցեղից․
Եվ ապա պիտի հայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուս պիտի կործանի իր բերանի շնչով և պիտի ոչնչացնի իր հայտնությամբ իր գալստյան ժամանակ (Բ Թես․ 2։8)։
Ո՞ւմից վախենանք՝ Ատլանտի՞ց, նեռի՞ց։ Ախր նա ուղղակի փչած խատուտիկ է, որի ողջ փառքը ցրվելու է թեթև փչելուց։
Փրփրում էր մեծությամբ, ծուխ արձակում՝ սպառնալիքներով, իսկ Քրիստոս ուղղակի արտաշնչում է, ու տիտանի փոխարեն ինչ-որ խղճուկ նեռ է՝ կնճռոտ, ճաղատ, հնամաշ կոշիկներով։
Ի՞նչ Ատլանտ։ Ուղղակի միայնակ բիձուկ է։
Եվ այլևս չկա վախ, չկա մահ, և խավարը ցրվել է։
Եվ դրա մասին մեզ ամեն գիշեր երգում են աստղ-ծաղիկները՝ գեղաշար պարով պտտվելով Աստվածածնի լազուր հրի շուրջը, որ ելնում է Բեթղեհեմի խաղաղ աստղից։
Ծայրագույն վարդապետ Սավվա (Մաժուկո)
Ռուսերենից հատվածաբար թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը