2018-ին հեղափոխություն էիք արել, Նիկոլին բերել ու հիմա հիասթափվա՞ծ եք. դե տարե՛ք.  բերել էիք, որ ի՞նչ անի, բերելու ձեր այդ ծրագիրն էլ բացահայտեք. Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։

Սաթիկ Սեյրանյանը Կարեն Բեքարյանի հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի իշխանամերձ, հակառուսական հատվածի հասարակական-քաղաքական գործիչների հիասթափությունները և խոսույթը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո.

«Իրար հերթ չտալով՝ հարցազրույցներում նրանք ասում են՝ մենք 2018-ին հեղափոխություն արեցինք, նրան բերեցինք իշխանության ու հիասթափվեցինք: Ասում են՝ փաստորեն, Փաշինյանն այն մարդը չէ, որը մեզ կարող է տանել արևմտյան գործընկերության ուղղությամբ, նա արտաքին քաղաքական վեկտոր չի փոխի, ինչպես որ հայտարարում էր, նա փաստացի խաբում է հասարակությանը, հայտարարում է, որ դժգոհ է ՌԴ-ից, Պուտինից, ռուս խաղաղապահներից, որոնք ոչինչ չարեցին Արցախում, և այլն, և այլն, իսկ հետո գնում է Պուտինի հետ գրկախառնվում, մասնակցում է ռուսական հարթակների քննարկումներին, որոշումների կայացմանը, երկարաժամկետ ծրագրերի տակ է ստորագրում, «Խաղաղության պայմանագիր» է քննարկում ռուսական հարթակում,  մինչև հիմա Եվրամիության 2.6 մլրդ դոլարի դրամաշնորհային և վարկային ծրագրերի ուղղությամբ ոչ մի քայլ չի անում Փաշինյանի կառավարությունը… դավաճանել է  հեղափոխությանը, այլևս պարզ է, որ Փաշինյանն արևմտյան հարթակներին միանալու ուղղությամբ ի վիճակի չէ որևէ քայլ անել, ՌԴ հովանու ներքո Ադրբեջանի հետ կիսատ-պռատ «Խաղաղության պայմանագիր», որը պատերազմի պայմանագիր է լինելու… հիասթափված ենք»,- հայտարարում են հակառուսական շրջանակները:

Ի պատասխան նրանց հիասթափությունների՝ Կարեն Բեքարյանն արձագանքեց.

Կարդացեք նաև

«Դրան մեկ պատասխան կա. այդքան հիասթափված են՝ թող տանեն: Դրա կարճ պատասխանը դա է, չէ՞: Այսինքն՝ եթե հիասթափվել եք ու մի հատ էլ նման պնդում եք անում, թե՝ 2018-ին հեղափոխություն ենք արել, բերել ենք ու հիասթափվել ենք, է՛ տարեք, տարե՛ք…  Բերել էիք, որ ի՞նչ անի, միգուցե բերելու ձեր այդ ծրագի՞րն էլ բացահայտեք»:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

 

  • Շատ հստակ տեսանելի էր, որ ռուսական կողմը մեծ կարևորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանի սանկտպետերբուրգյան հանդիպմանը մասնակցությանը։ Այնպես որ, նրա մասնակցությունն այդ հանդիպմանն ակնկալելի էր։
  • Պուտինը կատարեց մինիմում ծրագիրը․ դա Հայաստանի՝ այնտեղ հայտնվելն էր, բայց չեմ կարծում, որ դա միակ բանն էր, որը պահանջվել է Նիկոլ Փաշինյանից։
  • Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայից, Արցախի հայաթափումից, այդ խայտառակությունից հետո սա Ալիևի ու Փաշինյանի առաջին հանդիպումն էր, ու ռուսական կողմը ցույց տվեց, որ այդ հանդիպումը կայացել է իր դաշտում։
  • Նիկոլ Փաշինյանի մանևրելու հնարավորությունները գնալով նվազում են, և երկու լարի վրա նստելն արդեն անհնարին է դառնում։ Դրա համար ՆԱՏՕ-ն սկսում է խաղալ բաց խաղաքարտերով։
  • Պատից պատ գլխով խփելու քաղաքականությունը հասնում է իր նպատակին։ Երբ Փաշինյանը զգում է, որ որևէ ուղղությունից իրեն վտանգ է սպառնում, անմիջապես անցնում է այդ ուղղությունը կրիտիկական վիճակից հետ բերելու գործընթացին։
  • Իշխանական թևերից եկող թեզերի մեծ մասն իրականության հետ որևէ կապ չունի, արվում է հասարակության ուղեղը լվանալու համար ու սոսկ պահի խնդիր լուծելու նպատակով։
  • Ոմանք զուգահեռներ են անցկացնում՝ ասելով, թե Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց Մաքսային միություն մտնել… Բնականաբար, դրանք ընդհանրապես իրականության հետ ոչ մի կապ չունեն, ինչպես և իշխանական թևից հնչող թեզերի առյուծի բաժինը, որովհետև ընդամենը լուծվում է պահի խնդիր՝ սեփական գործողություններն արդարացնելու համար ինչ-որ պատճառաբանություններ գտնելու: Բոլորը շատ լավ հիշում են Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու գործընթացը: Հայաստանի Հանրապետության համար կար շատ լուրջ մոտիվատոր՝ ԵԱՏՄ-ում անդամակցություն ունենալու: Մենք, լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, այդ կառույցից մեր ամենամեծ օգուտը, արժեքը, կարևորությունն այն էր, որ ՀՀ-ն ուներ հնարավորություն՝ ձեռք բերելու զենք-զինամթերք՝ ՀԱՊԿ համար նախատեսված, գրեթե ինքնարժեքային գներով, որը շուկայական արժեքից էականորեն էր տարբերվում: Հայաստանի անվտանգային բաղադրիչն առավելապես հենված էր հայ ռուսական երկկողմ երկու մեծ պայմանագրերի վրա, որոնցով էլ կարգավորվում էին ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները: ՀԱՊԿ-ի հիմնական էությունը հենց սրանում էր, որ ինքնարժեքին մոտ գներով Հայաստանը կարողանում էր ձեռք բերել զենք-զինամթերք:

Երբ նախաձեռնող երկրները սկսեցին Մաքսային միությունից դեպի ԵԱՏՄ անցման գործընթացը, մենք կանգնում էինք շատ պարզ հարցի առաջ. ՀԱՊԿ-ից զենքի ձեռքբերման հնարավորությունն ունեինք, բայց եթե ԵԱՏՄ-ի ներսում չէինք, մաքսային տուրքերի հաշվին այդ ունեցածդ առավելությունն ամբողջապես կամ մասամբ կամ կոմպենսացվում էր, կամ ի չիք դառնում: Հետևաբար՝ դեռ չանդրադառնալով էներգետիկ սակագներին, էներգետիկ անվտանգության ու այլ հարցերին, առաջանում էր պարզ հարց՝ Հայաստանը պիտի ձգտե՞ր դառնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ չէ: Իհարկե, պիտի ձգտեր:

Սրան գումարում ենք այն հանգամանքը, որ Եվրոպական միության հետ բավականին դրական հարաբերությունների ներքո շատ պարզ ու հասկանալի էր, որ Հայաստանի արտահանումների համար եվրոպական շուկաների լիարժեք գործելը շատ երկար ժամանակի խնդիր է, չափորոշիչներին բավարարել պահանջող, Եվրամիության քվոտավորման մեջ իր տեղն ունենալ պահանջող, և այլն:

Հետևաբար՝ տնտեսությունդ բոլոր հիմնարար ուղղություններից անջատելու վտանգ կստեղծվեր՝ զենք-զինամթերք՝ պրոբլեմ, էներգակիրներ՝ պրոբլեմ, արտահանում՝ պրոբլեմ… Իհարկե, երկիրն ու նախկին իշխանություններն իրենց նման գայթակղություն թույլ տալ չէին կարող, և բնական է, որ բանակցվում էին հնարավոր բոլոր եղանակները և Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտքը:

ԵԱՏՄ-ում երկրները (խոսքն այս պարագայում Ռուսաստանին չի վերաբերում)  ունեին կամ հորինել էին պատճառ, որ քանի որ Հայաստանն իրենց հետ ցամաքային սահման չունի, ինչքանո՞վ է իմաստավորված նրա՝ ԵԱՏՄ մտնելը: Եվ սա գործընթաց էր, որն իր հետ բերում էր միացյալ էքսպերտային խմբերի ստեղծումը: Ավելին ասեմ, անդամակցության փաստից ամիսներ առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական լրատվամիջոցին հարցազրույց էր տվել, որտեղ բացահայտ ասում էր՝ մեզ են ասում՝ ցամաքային սահման չկա, ոչ թե մենք ենք ասում: Մենք ձգտողն ենք, փորձում ենք հասկանալ՝ ո՞նց կարելի է այդ խոչընդոտը հաղթահարել և անդամ դառնալ:

Այնպես որ, սա հնարավոր չէ անվանել մեկ գիշերվա կամ մեկ օրվա որոշում:

  • Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ այն ֆրակցիայի անդամն էր, որ պաշտոնապես նախաձեռնում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Սանկտ Պետերբուրգում երեկվա նրա ելույթը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին լրիվ այլ բանի մասին էր՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար ԵԱՏՄ կարևորության։ Բա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ էր ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը քննադատում նախկին իշխանություններին, որոնք բացատրում էին և քայլեր էին կատարում ԵԱՏՄ-ին անդամակցելու ուղղությամբ:
  • Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը հիմա Բաքվի բանտերում է։ Դրանք այն մարդիկ են, ում հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր տարիներին բանակցել են՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, մյուսները… Հիմա ի՞նչ է ստացվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը հանցագործների հե՞տ են այդքան տարի բանակցել։ Տարիներ շարունակ այդ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն այս մարդկանց հետ բանակցել են՝ որպես բանակցային կողմի, ու հիմա նրանցից որևէ ծպտուն չկա այս մարդկանց՝ Բաքվի բանտերում հայտնվելու առիթով։ Սա ցինիզմ է։
  • Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ընթանում է, մենք լուրջ վտանգ ունենք, ընդհուպ՝ պետականության կորուստ։
  • Արցախի հայազրկումը 30-50 տարվա ներքո չէ․ հազարամյակներ ի վեր իր հայրենիքում ապրած ժողովրդի հայրենազրկման մասին է խոսքը, սակայն ՀՀ գործող իշխանությունն ամեն ինչ անում է՝ մեր հասարակության համար այդ խնդիրը մոռացության տալու համար։ Որպես պատճառ՝ բերվում է այն, որ եթե խոսենք Արցախի համար, կվտանգենք Հայաստանը, ու Ադրբեջանը դա կդիտարկի՝ որպես պրովոկացիա, ու կհարձակվի մեզ վրա։ Բայց որևէ մեկը չի ասում՝ որտե՞ղ է այն սահմանը, որտեղ Ադրբեջանի պահանջները չպետք է կատարվեն։ Երբ թշնամին ինչ ուզում է, դու անում ես, դու դրանով Ադրբեջանի ախորժակը նվազեցնո՞ւմ ես։ Իհա՛րկե ոչ։ Այս ձեռագրով ընթացքը Հայաստան պետությո՞ւն է թողնելու։ Իհա՛րկե ոչ:
  • Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ առաջ այդ պատերազմը կանխատեսելի էր։ Ի՞նչն էր խանգարում ԱՄՆ-ին Ուկրաինայի հետ կնքել անվտանգության ապահովման պայմանագիր։ Միգուցե այդ կերպ կկանխվեր այդ պատերազմը։ Իսկ միգուցե ԱՄՆ-ին ու հավաքական Արևմուտքին ձեռնտու չէ՞ր կանխել այդ պատերազմը։
  • Եթե դու քո կարմիր գծերը չես պահում, ո՞նց կարող ես ակնկալել, որ դա քո փոխարեն անելու է ուրիշը։ 
  • Կարելի է երկար վիճել, թե Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը լա՞վն է, թե՞ վատը, բայց տարօրինակն այն է, որ դրա մասին տարաբնույթ հայտարարություններ անողը հենց այն ստորագրող Նիկոլ Փաշինյանն է։ Խոսքը  Զանգեզուրի միջանցքի՝ հայկական տարածքում, բայց ռուսական ФСБ-ի վերահսկողության տակ գործելուն է վերաբերում։ Ավելին, իր ստորագրությունն էլ հետ չի վերցնում եռակողմ այդ փաստաթղթից, բայց քննադատում է այն:

  • Իրանի արտգործնախարարը պատահական չի եկել Հայաստան։ Նա փորձելու է հասկանալ՝ գործընթացներն ուր են հասել, և մեսիջ հասցնել առ այն, որ արտատարածաշրջանային ուժերն այս գործընթացում խառնված չպետք է լինեն։ Կլինեն նաև տնտեսական էլեմենտներ։
  • Երբ չկա բոլոր ուղղությունները ներառող, հստակ կարմիր գծերի շեշտմամբ Հայաստանի հայեցակարգ, կամ կա դրա իմիտացիա, տեղի ունեցողը դառնում է դերակատարների միջև առևտուր, որի ընթացքում քո խնդիրները չեն շոշափվում։
  • Մեր ողջ ցավն ու ողբերգությունը նրանում է, որ Հայաստանը բոլորի հետ խնդիր ունի։ Գնացքից գնացք թռչելու պատճառով է, որ մենք ունենք հայազրկված Արցախ, մեր սահմաններն այս վիճակում են, վստահություն չկա գործընկերների մոտ։ Տերն ու ծառան հարաբերություններ են բոլոր ուղղություններով։ Ադրբեջանը հանգիստ մարսեց Արցախի հայաթափումը, իսկ այդ հանգստությունն Ադրբեջանը կապիտալիզացնում է հաջորդ խնդրի լուծումը կյանքի կոչելու համար։
  • Արցախահայերի բռնի տեղահանությունից ժամեր անց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու վերաբերյալ շանտաժի, բռնության տակ ստորագրված հրամանագիրը պիտի չեղարկվեր։ Բայց դա չարվեց, ինչն առիթ տվեց տարատեսակ շահարկումների։ Այդ հրամանագիրն իրավական ուժ չի ունեցել ու չի կարող ունենալ։ Եթե դա չի չեղարկվել, այն ստորագրողի համար առաջանում է պատասխանատվության խնդիր։ Ես չգիտեմ՝ սա Շահրամանյանին հուշո՞ւմ են, թե՞ ոչ։ Շատ լավ եմ հասկանում նաև, որ Սամվել Շահրամանյանը կրկնակի շանտաժի տակ է՝ ուղղակիորեն՝ Հայաստանից, անուղղակիորեն՝ Բաքվից։ Չկա՞ հաշվարկ՝ այդ շանտաժի արդյունքում ի՞նչ ենք ստանում։ Սամվել Շահրամանյանը պիտի ինքն իր համար հասկանա՝ որպես ո՞վ է ինքը ցանկանում մնալ պատմության ու իր զավակների համար, որպես մարդ, ով տուրք տվեց Նիկոլ Փաշինյանի շանտաժների՞ն։ Շահրամանյանն ինքն է իր ապագան գնահատողը։ Թող գնահատի՝ իր համար այդ ճնշումնե՞րն են կարևոր, թե՞ այլ արժեքներ, ու իր որոշումը կայացնի։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս