ՀՀ իշխանությունը որևէ հստակ քաղաքականություն չունի, սա անողնաշար քաղաքականություն է. ինչո՞ւ ՌԴ-ից «նեղացած» Փաշինյանը մասնակցեց ԵԱՏՄ նիստին. Ստեփան Դանիելյան
Փաշինյանը դեկտեմբերի 25-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Դեկտեմբերի 26-ին արդեն նա ներկա կգտնվի ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողովին:
Հատկանշական է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները հրաժարվում էին ՌԴ նախաձեռնությամբ որևէ գագաթնաժողովի մասնակցել առաջին դեմքերով, մի կողմից՝ հայտարարում էին, թե չմասնակցելը դեմարշ չէ, մյուս կողմից՝ ակնարկում էին, թե չմասնակցելու պատճառները ռուսական կողմի համար հասկանալի են:
Դեռևս տարեսկզբին իշխանությունները հրաժարվեցին ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել, հրաժարվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, իսկ սեպտեմբերին հետ կանչեցին նաև ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչին: Փաշինյանն էլ վերջին հարցազրույցի ժամանակ քննադատեց ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը՝ հայտարարելով, որ կառույցն «ադրբեջանական հարձակումների ժամանակ ոչ միայն ռազմական օգնություն չտրամադրեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց Բաքվի գործողություններին»:
Փաշինյանը նաև հոկտեմբերին չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը: Նոյեմբերի վերջին էլ չմասնակցեց Մինսկում կայացած նիստերին:
Ընդամենն օրեր առաջ, անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ լրագրողների հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը «հանցավոր անգործություն է ցուցաբերել ՀՀ-ի դեմ»՝ հավելելով, որ եթե կառուցն իր տարածքը չի պաշտպանում, ուրեմն չի աշխատում:
«Մեր դիրքորոշումը կփոխվի այն բանից հետո, երբ ՀԱՊԿ-ը հայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, և իրենք՝ բոլոր երկրներով, պահանջում են, որ այդ ԶՈւ-ն դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Մինչև մոտավորապես նմանատիպ հայտարարություն, քաղաքական գնահատական, քաղաքական ջանք չլինի՝ չի լինելու»,- վստահեցրեց Սիմոնյանը:
Իսկ ի՞նչ կփոխվեց, որ Փաշինյանը հանկարծ որոշեց մեկնել Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչը պատճառ դարձավ ՀՀ իշխանությունների դիրքորոշման փոփոխության համար: Արդյո՞ք եղել է կամ սպասվում է ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՀՀ իշխանությունների համար ցանկալի հայտարարությունը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը որևէ քաղաքականություն ու որոշում էլ չի փոխել, պարզապես ՀՀ իշխանությունները որևէ հստակ քաղաքականություն չունեն ու չեն կարողանում կողմնորոշվել կարևոր հարցերի շուրջ:
«Ուղղակի նեղացածության ու պրետենզիաների ինչ-որ դրսևորումներ են, որոնք, սակայն, չեն վերածվում կոնկրետ քաղաքականության, մասնավորապես, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ, քանի որ խնդիրը Ռուսաստանն է: Սա ընդամենն անողնաշար քաղաքականություն է: Իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում, ու մենք ստիպված ենք փորձել հասկանալ՝ ինչ-որ տրամաբանություն այդ քայլերում կա՞, թե՞ ոչ: Բայց պարզից էլ պարզ է, որ որևէ տրամաբանություն այստեղ չկա»,- վստահեցրեց քաղաքագետը:
Ստեփան Դանիելյանը կիսում է տեսակետը, որ ռուսական նախաձեռնությամբ անցկացվող նիստերին մասնակցելու որոշումը կարող է կապված լինել նաև արևմտյան հարթակներում տարվող բանակցություններում գրանցած ձախողումների հետ: Նրա խոսքով՝ տեղի ունեցածն անգամ ձախողում չէ, այլ պարզ տրամաբանություն: Ըստ քաղաքագետի՝ քիչ թե շատ սթափ մարդու համար ավելի քան ակնհայտ է, որ Արևմուտքն այսպիսի երկրներին օգտագործում է աշխարհաքաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու նպատակով ու պատրաստ չէ անվտանգության երաշխավոր դառնալ նրանց համար:
«Մենք դա տեսանք Վրաստանում՝ 2008 թվականին, Ուկրաինայում ենք տեսնում: Մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե քրդերի հանդեպ ինչպես են վարվել, օգտագործել ու մի կողմ նետել: Հիմա մեր հերթն է պարզապես: Մենք միայն մի պահանջ կարող ենք ունենալ Արևմուտքից՝ անվտանգության երաշխիք՝ իր բոլոր կոմպոնենտներով հանդերձ: Բնականաբար, իրենք ուղղակիորեն ասում են, որ այդ երաշխիքները չեն տալու ու չեն կարող տալ, որովհետև Հայաստանը շրջափակված է Իրանով, Թուրքիայով ու Ռուսաստանով: Եվ, այս առումով, նույնիսկ անլուրջ է ինչ-որ սպասելիքներ ունենալ ու «հիասթափվել» դրանից»,- աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը վերլուծեց քաղաքագետը:
Իսկ արդյո՞ք հնարավոր է քննադատելով ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ ՌԴ-ի հետ շարունակել ԵԱՏՄ հարթակում գործակցությունը՝ զերծ մնալով Հայաստանի նկատմամբ ՌԴ տնտեսական հակաքայլերից: Ստեփան Դանիելյանն այս առումով կանխատեսումներ չարեց: Համոզմունք հայտնեց, որ գործակցությունը տեսականորեն հնարավոր է:
«Հիմա Իրանը ԵԱՏՄ-ի հետ պայմանագրեր է կնքում, բայց ՀԱՊԿ անդամ չէ: Չեմ կարծում, որ դա այդքան կարևոր է: Մյուս կողմից էլ, քանի որ աշխարհում, ըստ էության (թեկուզ պրոքսի), պատերազմ է գնում տարբեր տերությունների միջև, գնում են շատ դաժան փոխադարձ սանկցիաներ, անվտանգության համակարգի անդամությունը կապված է նաև տնտեսական համակարգի հետ: Օրինակ՝ Հայաստանին պարտադրում են կատարել այն սանկցիաները, որն Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի դեմ: Այնպես որ, այդ ոլորտները միմյանց հետ կապված են»,- ասաց քաղաքագետը:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով հաջորդ տարի ՀՀ-ի կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու հարցին, չէր բացառել այդ պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:
«ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ մեր տնտեսությունն աճ է գրանցում։ Կարծում եմ, որ կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշի ստանձնել նախագահությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա:
Ստեփան Դանիելյանն այս մոտեցումը տրամաբանական համարեց՝ հաշվի առնելով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ շուկայից կախվածությունը: Նրա խոսքով՝ այս դեպքում մեր երկիրը պարզապես այլընտրանք չունի:
«Այս պահին մեր երկրի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից: Բոլորս ենք հասկանում, որ այս տնտեսական որոշակի աճը կապված է ուկրաինական պատերազմի հետ: Հայաստանը մի օղակ է, որը կապ էր ապահովում դրսի երկրների հետ, այդ թվում՝ նաև տնտեսական ու ֆինանսական: Սա, իհարկե, դրական է ազդել մեր երկրի վրա: Հայաստանում արտադրվող ոչ բարձր տեխնոլոգիական որոշ ապրանքներ, բնականաբար, առաջին հերթին սպառվում են Ռուսաստանում և ԵԱՏՄ երկրներում: Իսկ այլ երկրներում դրանք պետք չեն: Այսինքն, հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ նշանակում է փլուզել տնտեսությունն ու հասցնել տնտեսական կոլապսի: Բնականաբար, պետք է գնային»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ Արևմուտքն իր վրա պարտավորվածություն չի վերցնում մեր երկիրն ապահովելու էներգակիրներով ու ձեռք բերելու մեր գյուղատնտեսական ապրանքները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպմանը՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ դրա կայացման դեպքում այն լինելու է ադրբեջանական օրակարգով:
«Ռուսաստանը բազմիցս ասել է ու ջանքեր է գործադրում, որ նման հանդիպում կազմակերպի: Հնարավոր է, որ իրենք այդ հանդիպումը կազմակերպեն: Ադրբեջանի ղեկավարը միշտ պատրաստ է ռուսական հովանու ներքո շարունակել հանդիպումները, Հայաստանն էլ՝ Արևմուտքի: Հիմա, եթե Ռուսաստանում այդ հանդիպումները տեղի ունենան, նշանակում է, որ այն կայանալու է ադրբեջանական օրակարգով, այլապես ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվեր Մոսկվայի հանդիպումներից»,- վստահեցրեց քաղաքագետը:
Նազելի Ստեփանյան