Այս նոր բոլշևիկները՝ իշխանությունները, կրկնում են այն, ինչ հայ բոլշևիկները՝ 1921թ․ հուլիսի 5-ին, երբ ողջունեցին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնալու՝ Կավբյուրոյի որոշումը. Արթուր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ադրբեջանն արդեն իսկ իրականացրել է էթնիկ զտում, ու նրա հետ ոչինչ չի եղել, միջազգային հանրությունը լռել է: Հիմա Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասում է՝ բանակցում են Ադրբեջանի հետ ու փորձում են նրան համոզել՝ համապատասխանել միջազգային չափանիշներին։ Այս բանակցություններում հայկական շահ չկա։
- Ցավոք, մենք քաղաքական ազգ չենք։ Քաղաքական ազգը, որպես կանոն, ունենում է շահ, նպատակներ ու դրա համար պայքարելու կամք։ Զավեշտալի է, որ մարդիկ հիմա հավատում են Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող «կարմիր գիծ» ձևակերպմանը։ Այդքան կարմիր գծեր են խախտվել, բայց չեն կարողացել ասել՝ «ոչ»։
- Շառլմիշելներն են Բրյուսելում նստած՝ մեզ համար ու մեր փոխարեն, նշաձողը բարձրացնում ու իջեցնում։ Մեր փոխարեն որոշում են՝ դուք, հայեր, պետք է ապրեք բռնապետի հետ։
- ՀՀ այսօրվա իշխանությունների համար խնդիր չէ նաև ինքնություն փոխելը, միայն թե ընդունելի լինեն Թուրքիայի ու Ադրբեջանի համար։
- Նիկոլ Փաշինյանը ոչ կոմպետենտ է ու մտածում է, որ ինչ-որ միջազգային հանրության կողմից երաշխիքներ են լինելու։ Թող հարցնեն Զելենսկուց՝ ի՞նչ եղավ, երբ իրեն երաշխիք տվեցին։
- Ինձ 3 ամիս է՝ հարցնում են՝ պատերազմ լինելո՞ւ է։ Ո՛չ, չի լինելու… Ինչո՞ւ Ալիևը դիմի ուժի, եթե հայկական կողմը պատրաստ է ինքնակամ հանձնել այն ամենը, ինչ Ադրբեջանն ուզում է։
- Չկա «միջազգային հանրություն», կան շահեր։ Իսկ մենք շարունակում ենք հույսներս դնել ՄԱԿ-ի ու միջազգային հանրության, գերտերությունների ինչ-որ երաշխիքների վրա։
- Դուք մեզ ուզում եք համոզել, որ հայերի անվտանգությունը կարող է ապահովել մի երկիր, ուր Սաֆարովը դեռ ազգային հերո՞ս է։
- Եթե մենք 32 ռազմագերիների վերադարձն ընդունում ենք՝ որպես նվաճում, ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ մեզ հետ տեղի է ունենում։ Ադրբեջանը վերադարձրեց իր համար արդեն ոչ մի նշանակություն չունեցող ռազմագերիներին, իսկ եվրոպացիները դա կփաթեթավորեն այնպես, թե Ալիևին իրենք են համոզել տալ։
- Հիմա մեր նոր բոլշևիկները՝ ի դեմս այս իշխանությունների, կրկնում են այն, ինչ ասացին հայ բոլշևիկները 1921թ․ հուլիսի 5-ին, երբ ողջունեցին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնալու՝ Կավբյուրոյի որոշումը։
- Մեզ համար կարևոր չէ՞, թե ումով է Փաշինյանը պատրաստվում 2050 թվականին ՀՀ բնակչությունը դարձնել 5 միլիոն, կապ չունի՞՝ հայերո՞վ, թե՞ ոչ հայերով է ուզում բնակեցնել Հայաստանը…
- Փաշինյանը երկրի ներսում ունի բանակցելու խնդիր, նա ծախելու բան ունի ժողովրդի վրա, պիտի համոզի, որ «խաղաղության» գնալը լավ քայլ է։
- Ի՞նչ է նշանակում՝ նորից սկսում են զրոյական կետից։ Բա Ալիևի հետ Դուշանբեի վերելակում պայմանավորվածությունը ո՞ր կետն էր՝ 0.07-երո՞րդ։ Իր զրոյական կետից սկսեց՝ եղավ 44-օրյա պատերազմը…
- Ալիևն ամեն կերպ խուսափելու է փաստաթղթի ստորագրումից, փորձելու է փակել միջազգային հանրության բերանները։ Ալիևը կասի՝ հիմա ի՞նչ բանակցություններ, երբ նախագահական արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Կասի՝ գերիներին էիք ուզում, հեն է, 32 գերի տվեցի… Ալիևը հիմա կարող է սպառնալ պատերազմով, որ վախեցնի ու ստանա իր ուզածը։ Բայց միանշանակ է, որ հիմա նա չի շտապի, դա նրան պետք չէ։
- Հայկական կողմը Փաշինյանի շուրթերով ասում է՝ ԽՍՀՄ ժամանակ գործող բոլոր երկաթուղիները վերականգնել, որպեսզի բավարարենք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Բայց արդյո՞ք նրանց միայն դա է պետք։ Նրանց պետք է Զանգեզուրի միջանցքը։
- Հենց Փաշինյանը տեսնում է՝ ներսում դիմադրություն կա, մի քայլ հետ է անում, տարածում մեր մեջ թուրքական նարատիվները։ Դասագրքերն են փոխում, կաբինետում կախում է Արագած սարի նկարը, Արարատ սարն ընդհանրապես չկա…
- Եթե Փաշինյանը շարունակի իշխել, մենք տարածաշրջանում կլինենք Լիխտենշտեյնի կամ Սան-Մարինոյի նման մի պետություն։ Ըստ թուրքական պատկերացումների՝ մենք չպետք է լինենք, որովհետև իրենց խանգարում ենք։
- Ես տեսնում եմ տարբեր սցենարներ, մեզ համար ավելի ու ավելի վատ սցենարներ, եթե մենք դառնանք ինչ-որ մի խաղացողի, օրինակ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ որևէ այլ պետության ձեռքին գործիք։
- Մենք միշտ փորձում ենք գտնել ինչ-որ մեկի, ով պետք է գա ու մեր փոխարեն մեր հարցերը լուծի, բայց դա սխալ մոտեցում է։ Այդպես չի լինում:
- Անհեթեթություն է ասել, որ մենք Ադրբեջանից գազ ենք ստանալու։ Այն գազը, որն ունի Ադրբեջանը, արդեն իսկ տալու է Եվրոպային։ Իսկ նման հայտարարություններ անողները մտածե՞լ են՝ ո՞րն է այն քաղաքական գինը, որը Հայաստանը պիտի վճարի ադրբեջանական քաղաքական գազի համար։
- 2018թ․–ից այս մարդիկ զբաղված են ժողովրդին ստով կերակրելով։
- Եթե Ալիևն ասում է՝ թույլ չենք տալու, որ ռևանշ լինի, նշանակում է՝ նա հասկանում է, որ ռևանշ լինելու է։
- Երկրի ինտելեկտուալ վերնախավը պետք է հասարակ մարդու համար հասկանալի, այլընտրանքային ինչ-որ նարատիվ առաջարկի, որը կհակադրվի Փաշինյանի կեղծ և վտանգավոր թեզերին։ Սկզբից պետք է լինի գաղափարը, խոսքը, խոսք, որը համոզիչ կլինի։ Ինձ ավելի խորը հետաքրքրում է այս հարցի պատասխանը՝ «ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում»։
- Քաղաքական պայքար մղում են նրանք, ովքեր զինված են մեր արժեքների վրա հիմնված գաղափարով։ Դու պետք է ունենաս գաղափար, որ իրականանա ազգային պետության գաղափարը։
Մանրամասները՝ տեսանյութում։