ԵԱՏՄ-ն՝ քաղաքականացման շեմին. Կպահպանվե՞ն խաղի կանոնները Հայաստանի համար

«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդներն ուրբաթ օրը կքննարկեն միությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Վաղը տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Կարծում եմ, որ այս հարցն այս կամ այն չափով կքննարկվի»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ռուս-ղազախական կոնսենսուսը։

Մինչ Ռուսաստանից բազմամակարդակ քննադատություններ են հնչում գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության և, մասնավորապես, ԵՄ ինտեգրացիայի քաղաքական կուրսի և դրա ԵԱՏՄ անհամատեղելիության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն իր տարբեր հայտարարություններում ընդգծում է, որ չի լքելու ԵԱՏՄ-ն, և դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։

«Դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Մեր պլանում ոչ մի բան չի փոխվել»,- ասել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլև փորձում է իր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։

Կարդացեք նաև

«Ես երբեք չեմ հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու այսօրվա մեր մտադրության մասին։ Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ ԵԱՏՄ անդամ լինելը և ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք»,- նշել է Փաշինյանը։ Իր մեկ այլ ելույթում նա ասել էր, թե ինքը ԵԱՏՄ բարձրագույն կառավարման մարմինների անդամ է և պատրաստվում է օգտագործել Հայաստանի վետոյի իրավունքը՝ թույլ չտալու համար, որ Լուկաշենկոն և մյուսներն այդ կառույցն օգտագործեն ՀՀ-ի դեմ։ Փաշինյանը վստահեցրել էր, որ ոչ մի արտաքին ուժ կամ ներքին «գործակալ» չի կարող շեղել Հայաստանին ժողովրդավարական և խաղաղ ապագա կառուցելու ճանապարհից։

Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում պաշտոնական Երևանի կողմից ԵԱՏՄ իրավական կարգավորումներին ու կանոնադրական նորմերին հղում անելը միանգամայն տրամաբանական է և արդարացված։ Տնտեսական միության շրջանակներում սեփական շահերն ու վետոյի իրավունքը պաշտպանելու մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը փորձում է առավելագույնս օգտագործել առկա ինստիտուցիոնալ գործիքակազմը։ Այնուամենայնիվ, միայն իրավական ակտերի տառին ապավինելը կարող է խաբուսիկ լինել մի տարածաշրջանում, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերակայում է պայմանագրային պարտավորություններին։

Այս համատեքստում անհնար է զուգահեռներ չանցկացնել անվտանգային տիրույթի հետ, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման աղմկահարույց գործընթացի հետ։ Բազմիցս են նախկինում հնչել հարցեր, թե ո՞ր իրավական կամ կանոնադրական կարգավորման շրջանակներում տեղի ունեցավ այդ «սառեցումը»։ Ակնհայտ էր, որ գործ ունենք ոչ թե զուտ իրավական կարգավորումներով նախատեսվող քայլի, այլ բացառապես քաղաքական որոշման հետ։ Սա ապացուցում է, որ նույնիսկ ամենախիստ կանոնակարգված կառույցները կարող են շեղվել սեփական կանոնադրությունից, երբ կողմերի միջև քաղաքական ճգնաժամը հասնում է գագաթնակետին։

Հետևաբար, չնայած ԵԱՏՄ-ում կա վետոյի իրավունք, և այն ամենայն հավանականությամբ հարցի բարձրացման դեպքում ՀՀ-ն կօգտագործի, հայկական կողմը չի կարող աչք փակել նաև հնարավոր այն սցենարի վրա, որ տնտեսական միությունը նույնպես կարող է գնալ իր իսկ կանոնադրության խախտման կամ քաղաքականացման ճանապարհով։ Աշխարհաքաղաքական շահերի բախման դեպքում Մոսկվան կամ միության մյուս անդամները կարող են անտեսել իրավական նորմերը և գործի դնել տնտեսական ճնշման ոչ ֆորմալ լծակներ։ Սա բացասական և վտանգավոր, անցանկալի սցենար է Հայաստանի համար, սակայն այն բացառելը կամ հաշվի չառնելն անթույլատրելի է։

Կանոնադրական նորմերով և վետոյի իրավունքով սեփական շահերը պաշտպանելու հայտարարությունները բնական են, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, ոչ բավարար պայման կլինեն ներկայիս տուրբուլենտ աշխարհաքաղաքականության մեջ։

Այս համատեքստում խիստ էական ու առանցքային է դառնում Ղազախստանի դիրքավորումը, հատկապես՝ այն ֆոնին, որ հենց այս օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Աստանայում։ Աստանայի կեցվածքը վճռորոշ նշանակություն ունի՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Երևանի համար՝ ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս մղելու կամ մեկուսացնելու հնարավոր մտադրություններն իրագործելու հարցում։

Եթե Բելառուսի պարագայում ամեն ինչ կանխատեսելի է, և Ալեքսանդր Լուկաշենկոն անվերապահորեն պաշտպանելու է Կրեմլի ցանկացած նախաձեռնություն, ապա Ղազախստանն այս հարթակում ոչ միշտ է պաշտպանում ռուսական խոսույթը, որոշումները, վերջին տարիներին էականորեն սերտացնելով համագործակցությունն Արևմուտքի հետ։ Ռուս-ղազախական այս բանակցություններից ու ձևավորվող կոնսենսուսից է մեծապես կախված լինելու, թե ՀՀ-ի վերաբերյալ ինչ որոշում կկայացվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031