«Որպեսզի ձգտես խաղաղության, պետք է ունենաս համապատասխան գործիքակազմ և ռազմավարություն». Էդուարդ Աբրահամյան

Նորաստեղծ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը կազմակերպել էր Անվտանգության գագաթնաժողով՝ «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական և պաշտպանական ուղեծիրը» խորագրով:

Առաջին համաժողովը կազմակերպիչները նվիրել էին դիվանագետ, պետական գործիչ Արմեն Խարազյանի հիշատակին:

Գագաթնաժողովի պանելային քննարկումներում կարմիր թելով անցնում էին  2020 թվականի պատերազմն ու պարտության հետևանքները, Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական կարգի մասին դիտարկումները:

Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը ներկայացնող քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանն իր ելույթում անդրադառնալով 2020 թվականի պատերազմի իրողությանն ու դրան հաջորդած իրադարձություններին՝ նկատեց, որ առաջին անգամ անկախությունից սկսած՝  Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո դառնում է Ադրբեջանի մաս, և Հայաստանը հրաժարվում է Արցախը պաշտպանել միջազգային հարթակներում:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջ քաշված «խաղաղության օրակարգերին»՝ քաղաքագետը նկատեց. «Դա ենթադրում է Հայաստանի դեմ վարվող պատերազմի ոչ ռազմական միջոցների ձևավորում և կիրառում»:

Նո հորդորեց չտրվել «խաղաղություն» բառի շփոթմունքին, որովհետև դա ամենևին խաղաղություն չէ, այլ պարտադրանք:

168.am-ի դիտարկմանը, թե ի՞նչ անել, երբ այդ շփոթմունքը գործող իշխանությունների մոտ է, ու Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է խաղաղության օրակարգերին իրենց հավատարմության մասին,  Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց.

«Եթե միջազգային հարաբերությունների կոնցեպտների պրիզմայով նայենք, բացատրությունը, որ մեր նպատակը խաղաղությունն է, հակագիտական է՝ մեկ շատ պարզ պատճառով. որպեսզի ձգտես խաղաղության, պետք է ունենաս համապատասխան գործիքակազմ և ռազմավարություն: Խաղաղությունն օդից չի ընկնում»:

Քաղաքագետը, սակայն, չի տեսնում այդ գործիքակազմն ու ռազմավարությունը, փոխարենը՝ արձանագրեց իրավունքների անդադար զիջում, և որպես վերջինի օրինակ՝ հիշեցրեց «անկլավների» մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս