«Ինչ որ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի հետ՝ երբեք չեմ ցանկանա, որ շարունակվի». Ծաղկահովիտցին՝ ՀՀԿ-ի հետ հանդիպմանը
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներն այս անգամ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էին: Եկել էին հենց տեղում ծանոթանալու մարդկանց անհանգստացնող խնդիրներին: Լսելու ու պարզաբանելու, քննարկելու ու միասին գտնելու առաջնահերթ խնդիրների լուծումները:
Տեղի բնակիչներին առաջին հերթին երկրի ճակատագիրն էր մտահոգում:
«Ինչ որ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի հետ՝ երբեք չեմ ցանկանա, որ շարունակվի… ամեն մի սանտիմետր հողի համար մեր ժողովուրդը, մեր էրեխեքն արյուն թափեցին, պետք է էդ մի սանտիմետր հողն էլ հետ բերենք, մեր հերոսների անունը բարձրացնենք, ոնց Անդրանիկն էր, ոնց մեր հերոսներն էին՝ նույն ձևով էլ մեր էրեխեքն են: Թեկուզ մի քիչ էլ հիվանդ մարդ եմ, Աստված ոչ անի, եթե հանկարծ մի բան եղավ, կգնամ առաջնագիծ, իմ հողի ու ազգի համար եմ հիվանդ, ամեն զոհ ես տանում եմ՝ ոնց որ իմը:
Երբեմնի ազատ ու ինքնիշխան Արցախը հնարավոր է հետ բերել միայն չդադարող պայքարի դեպքում, համոզված են ՀՀԿ ԳՄ անդամները, բայց Հայաստանի գործող իշխանությունների մնալու դեպքում դա ոչ միայն հնարավոր չէ, այլև ՀՀ-ն կկանգնի անվտանգային նոր խնդիրների առջև:
Բնակիչներին լսելուց հետո ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը հորդորեց ծաղկահովիտցիներին չհիասթափվել, մի ընտանիքի նման համախմբվել ու աշխատել, որպեսզի կարողանանք այս իշխանություններից հնարավորինս շուտ ազատվել, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի, մեր երխաների անվտանգությունը և երկրի անկախությունը:
«Մեր երկրի անկախությունն օր օրի կորցնում ենք… պետությունն ու անվտանգությունը հարցականի տակ են դրված: Պետք է չհիասթափվել, եկել ենք ձեզ հույս տալու, ծրագրերն ու ասելիքը հասցնելու մեր հարազատներին, ընտանիքներին, ծանոթներին, եթե չանենք ու ասենք՝ ընդդիմությունն էլի չկարողացավ, ոչ մի բան չի ստացվի, սրանք էլ ինչ ուզում՝ անում են»:
Երկրի անկախություն ձեռք բերելը հեշտ է, պահելն է դժվար: Իսկ դրա համար, ըստ ՀՀԿ ԳՄ անդամների, մեծ համառություն ու մեծ սեր է պետք հայրենիքի նկատմամբ:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության հիմնադիրներին ու առաջնորդներին, որոնք դեռ 60-ականներից են իրենց կյանքը վտանգի տակ դնելով, չվախենալով ու չհիասթափվելով՝ բանտերից պայքարել հայրենիքի՝ Հայաստանի անկախության համար:
«1988-ին ղարաբաղյան պայքարը սկսվել է, առաջին իսկ օրվանից եղել են առաջնագծում: Նախ «Անկախության բանակ են ստեղծել, հետո կուսակցություն են ստեղծել: Աստված բարեհաճ է գտնվում նրանց նկատմամբ, ովքեր պայքարում են: Պայքարի այլընտրանքը հանձնվելն է, մեր կուսակցության ճակատին էլ գրված է ՊԱՅՔԱՐԸ: Մենք արժանի չենք լինի մեր երեք առաջնորդներին, Եռաբլուր գնալուն, եթե համակերպվենք հայկական Արցախը կորցնելու հետ, ապազգային գաղափարների հետ»:
Նաև այս պատճառով, կուսակցության անդամների պնդմամբ, իրենց պայքարը ոչ թե անձնական, այլ ազգային է: Իսկ ինչի՞ արդյունքում, ի վերջո, Հայաստանը հասցվեց արտաքին քաղաքական այս բարդ իրավիճակին, ու ի՞նչ է պետք անել: Հարցնում էին հանդիպման մասնակից ծաղկահովիտցիները:
Եվ Էդուարդ Շարմազանովը հստակեցրեց՝ Հայաստանի ապագան պետք է լինի Մոսկվայի ու Թեհրանի հետ դաշինքը:
«Եթե ռուսի հետ ճիշտ խաղայինք՝ էս օրը չէինք ընկնի: Հիմա ռեգիոնում կա 3 ուժեղ պետություն՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, էս մարդը գնացել՝ եվրոպաներում է փրկիչ ման գալիս»:
Ներկա իշխանությունների ներքին քաղաքականությունը նույնպես, ըստ տեղի բնակիչների, սփոփիչ ու հուսադրող չէ: Վարդաբլուր գյուղի բնակչին գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին անհանգստացնում: Նա ահազանգեց, որ միայն իրենց գյուղում մոտ 800 տոննա ցորենը պետությունը չի մթերում. ամբողջ ցորենն անասնակեր է դառնում:
«Ժամանակին մեզ սուբսիդիա էին տալիս, ցորեն խնդիրն էին լուծում, հիմա թող ամենացածր գնով մթերեն, բայց չթողնեն, որ ցորենը դառնա անասնակեր:
ՀՀԿ ԳՄ անդամների խմբում էր նաև Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Ոլորտին քաջատեղյակ մասնագետը շեշտեց, որ գյուղացու բարձրացրած հարցը խիստ արդիական է, խնդրին կա լուծում, բայց այս իշխանություններն ի զորու չեն.
Աշոտ Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց գյուղացիներին, որ այդքան ցորեն են արտադրել, ու կարևորը, որ կարողացել են ամբարել:
«Արցախի դառը փորձը ցույց տվեց, որ այդքան ասում-բարձրաձայնում ենք, վերջում առաջվա նման մի պարկ ցորենին ոսկի էին տալիս, բայց չկար, որ էրեխեքին, վիրավորներին ու զինվորներին հաց հասցնեին: Իշխանությունները գրում են, թե արտադրած ավելի քան հարյուր քանի հազար տոննայի մի մասը չկա: Հիմա Ռուսաստանից են բերում: Էս իշխանություները որ իմանան՝ էստեղ ցորեն կա՝ ցուցում կտան, որ մուկն այստեղ շատանա՝ ցորենը կտրեն»:
Խնդիրները լուծելու փոխարեն, այս երկրում դրանք, ընդհակառակը, ստեղծվում ու ավելանում են ոչ միայն գյուղատնսության ոլորտում, այլ նաև առողջապահության, ասաց առողջապահության ոլորտի մասնագետ Անուշ Պողոսյանն ու որպես օրինակ՝ ներկայացրեց 2024-ի կեսերից ներդրվող պարտադիր ապահովագրական ծրագրի որոշ մանրամասներ.
«Ուրեմն, սկզբից նախարարը մի 6-7 ամիս առաջ ասաց, թե 164 հազար դրամ է լինելու պարտադիր ապահովագրության տարեկան վճարը, հիմա դարձել է 200 հազար: Տուգանքներ են գալիս՝ ապահովագրական (պարտադիր) վճարումը չանելու համար»:
Օրակարգային կարևորագույն խնդիրների քննարկումներն այսքանով չեն ավարտվելու: Իսկ ներկայացված բոլոր խնդիրները բարձրաձայնվելու են մարզային շարունակվող հանդիպումներում նաև, վստահեցրին ՀՀԿ ԳՄ անդամները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նազելի Ստեփանյան