Ռուսական կապիտալը սկսել է զգուշանալ. Վերջին չորս ամսում ՌԴ-ից եկող գումարները գրեթե կես միլիարդ դոլարով կրճատվել են

Ֆինանսական միջոցների այն ահռելի ներհոսքը, որը նկատվեց դեպի Հայաստան անցած տարվա կեսերից, էապես թուլացել է։ Վերջին չորս ամիսներին դրանց ծավալները ոչ միայն դադարել են ավելանալ, այլև բավական մեծ տեմպով կրճատվել են։

Եթե անցած տարվա հունիս-սեպտեմբերին դրսից մասնավոր ֆինանսական փոխանցումները Հայաստան հասել էին 2 մլրդ 189 մլն դոլարի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 1 մլրդ 783 մլն դոլարի փոխանցում։

Չորս ամսվա ընթացքում տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 405 մլն դոլարով կամ 18,5 տոկոսով։

Դա տեղի է ունեցել գերազանցապես Ռուսաստանից փոխանցվող գումարների կրճատման հաշվին։

Կարդացեք նաև

Հունիսի-սեպտեմբերին Ռուսաստանից 469 մլն դոլարով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան նախորդ տարի էր մտել։

Չորս ամսում Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարները կրճատվել են ավելի քան 28 տոկոսով։ Դրանք, ինչպես նախորդ տարի կտրուկ ավելացան, այնպես էլ այս տարվա երկրորդ կեսին սկսել են ոչ պակաս կտրուկ կրճատվել։

Կրճատումը տեղի է ունեցել բացառապես այն գումարների կամ մուտքերի հաշվին, որոնք առևտրային նպատակ չեն ունեցել։ Այսինքն՝ ուղղված չեն եղել արտաքին առևտրի հայտնի սխեմաների ֆինանսավորմանը։

Այլ կերպ, խոսքը մաքուր տրանսֆերտների կրճատման մասին է, որոնցով  մարդիկ լուծում են իրենց կենցաղային ու այլ կարգի խնդիրները։ Այդ գումարներն են, որոնք նվազել են, այն էլ՝ բավական կտրուկ։

Անցած տարի դրանք կտրուկ ավելացան, հատկապես Ռուսաստանի այն քաղաքացիների հաշվին, ովքեր տեղափոխվեցին Հայաստան՝  տեղափոխելով նաև իրենց գումարները։ Այս տարի շարժը, կարելի է ասել, կանգնել է։

Ռուսական կապիտալի տեղափոխումը Հայաստան դադարել է, ու դա նկատելի է հատկապես վերջին ամիսներին, երբ հայ-ռուսական հարաբերություններում սրացումները նոր փուլ են մտել։ Ըստ էության, դրա հետևանքով ռուսական կապիտալը սկսել է զգուշանալ Հայաստանից։

Ոչ առևտրային բնույթի ֆինանսական հոսքերը կամ մաքուր տրանսֆերտները վերջին չորս ամսում կրճատվել են ավելի քան 423 մլն դոլարով։ Նույնիսկ ավելի շատ, քան ընդհանուր տրանսֆերտային մուտքերն են պակասել։ Չորս ամսում այս կարգի փոխանցումները նվազել են գրեթե կիսով չափ։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում 870 մլն դոլար էին, այս տարի կազմել են 446 միլիոն։

Արտաքին ֆինանսական փոխանցումների այս նվազման հետ ուղիղ կապ ունեն այն պրոցեսները, որոնք վերջին շրջանում տեսնում ենք Հայաստանի տնտեսության մեջ։

Չորս ամիս անընդմեջ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը նվազում են։

Չորս ամսում տնտեսական ակտիվությունը կրճատվել է 2,8 տոկոսային կետով։ Եվ դա տեղի է ունեցել դրսից փոխանցվող գումարների նվազմանը զուգահեռ։

Այն, որ հայտարարվում էր, թե Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական աճը գերազանցապես արտաքին գործոնների արդյունք է, նաև սա նկատի ունեին։ Որքան էլ իշխանությունները փորձում էին այդ աճերը վերագրել իրենց, հիմա արդեն պարզորոշ երևում է, թե դրանք ինչքանով էին կապված իշխանությունների աշխատանքի հետ։

Դրսից եկող գումարները պակասում են՝ հանգեցնելով նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղմանը։

Որքան այս միտումը շարունակվի, այնքան տնտեսական աճի տեմպը կփոքրանա։

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում նույնիսկ առևտրային բնույթի փոխանցումների, ոչ մեծ, բայց դեռևս պահպանվող աճի պարագայում։

Վերջին չորս ամիսներին առևտրային փոխանցումները դեպի Հայաստան շարունակել են բարձր լինել, նույնիսկ ավելի բարձր, քան անցած տարի։

Առևտրային փոխանցումների հաշվին է, որ տրանսֆերտային գումարների մուտքերը տարվա կտրվածքով ավելացել են։ Գերազանցում են անգամ նախորդ ռեկորդային տարվա մակարդակը։

Ինն ամսում այդ խողովակով Հայաստան է մտել ընդհանուր առմամբ 4 մլրդ 264 մլն դոլար։

Դրանից ավելի քան 3,2 միլիարդն առևտրային նպատակով կատարված փոխանցումներն են։

Ոչ առևտրայինները 1 մլրդ դոլարի սահմաններում են։

Եթե առևտրային նպատակներով կատարվող փոխանցումներն ավելացել են, ապա ոչ առևտրայինները նվազել են՝ ոչ միայն վերջին չորս, այլև ինն ամիսների կտրվածքով։ Թեև հիմնականում նվազումը տեղի է ունեցել վերջին չորս ամիսներին։

Ընդհանուր առմամբ ոչ առևտրային փոխանցումներն այս տարվա ինն ամսում կրճատվել են 443 մլն դոլարով, որից 423 միլիոնը՝ վերջին չորս ամսում։ Եվ դա տեղի է ունեցել ընդհանուր մուտքերի 802 մլն դոլար ավելացման պայմաններում։

Առևտրային մուտքերն ինչպես եկել, այնպես էլ գնացել են՝ ֆինանսավորելու արտաքին առևտուրը։ Հայտնի է, որ դրանք փոխկապակցված են հիմնականում ռուսական շուկայի հետ։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, Հայաստանի միջոցով փորձ է արվում բավարարել ռուսական շուկայի պահաջարկը։

Ֆինանսական այս շարժերից մեծապես շահել են բանկային համակարգն ու պետական բյուջեն։ Մի դեպքում դա արտահայտվում է՝ ահռելի շահույթների, մյուս դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների ավելացման տեսքով։

Զուտ տնտեսական արդյունքն այստեղ շատ քիչ է, բացառությամբ այն բանի, որ այդ շարժերը մեծապես ազդում են տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Տնտեսության վրա այդ ազդեցությունը հիմնականում վիճակագրական բնույթի է։

Ինն ամսում Հայաստան եկած գրեթե 4,3 մլրդ դոլարի դիմաց Հայաստանից դուրս է եկել 2,9 միլիարդը։ Սա 1,2 միլիարդով ավելի է, քան անցած տարվա ցուցանիշը։ Անցած տարի դրսից Հայաստան ուղարկված գումարների ուղիղ կեսը մնացել էր ներսում։ Այս տարի ընդամենը 31 տոկոսն է մնացել։  Գումարների մեծ մասը, ինչպես մտնել, այնպես էլ դուրս է եկել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս