Բիզնեսի ապագան վտանգված է

Բիզնեսի ապագան Հայաստանում վտանգված է։ Այն, ինչ իշխանություններն անում են, լուրջ ահազանգ է բիզնեսի համար։ Համառորեն լծվել են մասնավորի ձեռքից բիզնեսը խլելու «հայրենանվեր» գործին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», ՄՏՍ-ում, «Լիդիան»-ում փայ մտնելն առաջին ծիծեռնակներն էին։ Արդեն նույնիսկ փայ մտնելով չեն բավարարվում։

Ազգայնացման անվան տակ պատրաստվում են իրենցով անել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ՀԷՑ-ը։

Անկախ նրանից, թե իշխանությունների այս նախաձեռնությունն ինչով կավարտվի, միայն դրա վերաբերյալ հայտարարությունները բավական են, որպեսզի բիզնեսը Հայաստանում իրեն ապահով, առավել ևս՝ պաշտպանված չզգա։ Սա միայն պոտենցիալ ներդրումների խնդիր չէ. Այն ուղղակի ահազանգ է գործող մյուս բիզնեսների ու հատկապես՝ օտարերկրյա կապիտալով ընկերությունների համար։ Այս ամենը, վաղ թե ուշ, հանգեցնելու է Հայաստանից կապիտալի փախուստի։ Երևույթ, որը նկատվեց հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին փայ մտնել բիզնեսում ու դա ներկայացնել՝ որպես մեծագույն ձեռք բերում։

Այդ «ձեռքբերման» հետևանքներն աստիճանաբար դուրս են գալիս ջրի երես։

Կարդացեք նաև

Անցած տարի իրական տնտեսությունից ավելի շատ ներդրումային կապիտալ է գնացել, քան եկել։ Ու որ ավելի վատ է՝ ուղղակի ներդրումներն են փախչում։ Խոսքն այն ներդրումների մասին է, որոնք դառնում են իրական տնտեսական արդյունք։ Ուղղակի օտարերկրյա ներդրումներն անցած տարի բացասական են եղել 115 մլն դոլարի չափով։

Հայաստանի խոշորագույն ենթակառուցվածքային ընկերության՝ ՀԷՑ-ի շուրջ իշխանությունների բարձրացրած աղմուկից հետո՝ կապիտալի փախուստը շատ ավելի է ակտիվանալու։ Դա, անշուշտ, մեկ օրում կամ մեկ ամսում չի երևալու, բայց երկարաժամկետում այս ամենի ազդեցությունը բոլորը տեսնելու են ու «վայելելու» են իշխանությունների չկշռադատված քայլերի հետևանքները։

Բիզնեսի, այն էլ՝ խոշոր բիզնեսի հետ, այսպիսի բացահայտ քաղաքական հրահանգներով ու ճնշումներով խաղ չեն անում։ Բայց դա Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի համար երկրորդական, երրորդական, գուցե և հարյուրերորդական խնդիր է։ Սպասվող ընտրություններից առաջ հերթական պոպուլիստական դոզան են ուզում սրսկել հասարակությանը, իսկ հետևանքները, որոնք շատ ավելի ծանր են լինելու, թաքցնում են։

Ռուսական բիզնեսն է սկսել խոսել Հայաստանում ապագա չտեսնելու մասին։

«Ռուսական բիզնեսը Հայաստանում ապագա չի տեսնում՝ հաշվի առնելով բարեկամ երկրի որոշումը՝ մտնել Եվրամիության կազմ։ Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է»,- այս մասին մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ ահազանգեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ճիշտ է, ՌԴ փոխվարչապետն այս իրավիճակը կապեց Հայաստանի եվրաինտեգրման փորձերի ու մտադրությունների հետ, բայց դժվար չէ հասկանալ, որ այդ ամենի տակ շատ ավելի խորքային խնդիրներ կան։ Ու այդ խնդիրներից մեկն էլ այն է, ինչ իշխանությունները մտադիր են անել ռուսական կապիտալով ընկերության ակտիվներն ազգայնացնելու անվան տակ։

Ո՞վ կարող է երաշխավորել, որը վաղը նույնը տեղի չի ունենալու այլ ընկերությունների հետ։ Եթե նույնիսկ նման երաշխիքներ տրվեն այս իշխանությունների կողմից, ո՞վ կհավատա դրան։ Օրումեջ դիրքորոշումներ են փոխում՝ կախված նրանից, թե քամին որ կողմից է փչում։

Վաղուց արդեն Հայաստանի այսօրվա կառավարիչներն անվստահելի գործընկերոջ համարում ունեն։ Այդպիսի իշխանությանը ոչ ոք լուրջ չի ընդունում ու վստահում։ Առավել ևս՝ այդպես է բիզնեսի պարագայում, որը շատ ավելի զգուշավոր է սեփական կապիտալի ու ունեցվածքի նկատմամբ։

Ուզենք թե ոչ՝ ռուսական կապիտալի ներկայությունն այսօր Հայաստանի տնտեսության մեջ չափազանց մեծ է ու նշանակալի։ Հայաստանում առնվազն 4-5 հազար ռուսական կապիտալով ընկերություններ կան, որոնց մեջ են մտնում նաև բազմաթիվ խոշորագույն ձեռնարկություններ։ Այնպիսիք, ինչպիսիք են Զանգեզուրի կոմբինատը, «Գազպրոմը», Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Արմենալը», այլ ընկերություններ։ Ռուսական կապիտալն առաջնային դեր ունի նաև ներդրումների առումով։ Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների համախառն հոսքերի կեսից ավելին ռուսական են։

Հայ-ռուսական առևտրային հարաբերությունների մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։ Ամենաթարմ տվյալներով, արտաքին առևտրի 37-38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Անցած տարի նույնիսկ 45-50 տոկոսի էր հասել։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ դեր ունի ռուսական կապիտալը, առևտրային հարաբերությունները Հայաստանի տնտեսության համար։ Այս պայմաններում ռուսական կողմից հնչող մտահոգությունները լուրջ ահազանգ են մեր տնտեսության համար։

Ներդրումների չստացումը, իր տխուր հետևանքներով հանդերձ, նույնիսկ այնքան վտանգավոր չէ, որքան կապիտալի, այն էլ՝ խոշոր կապիտալի փախուստը։

Իշխանությունները գոնե հասկանո՞ւմ են, թե իրենց անմիտ քայլերով ինչի առաջ կարող են կանգնեցնել երկրի տնտեսությունը։ Դեռ չենք խոսում այն ֆինանսական հսկայական պարտավորությունների մասին, որոնք առաջանալու են՝ բռնագրավվող գույքի դիմաց փոխհատուցումներ վճարելու տեսքով։

Բիզնեսի ու մասնավոր սեփականության դեմ իշխանությունների սկսած այս արշավը ոչ մի լավ տեղ չի տանում։ Թեև չի բացառվում, որ այս ամենն արվում է նաև ռուսական կապիտալը դուրս մղելու ու թուրքականով փոխարինելու համար։ Նման խոսակցություններ արդեն հնչում են։ Նվաստացումների, ազգային արժեքները ոտնահարելու, անգամ Ցեղասպանությունն ուրանալու գնով, Թուրքիայի հետ «եղբայրական» հարաբերություններ հաստատելու Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի անսահման ձգտումների շրջանակներում, չի բացառվում, որ փակ դռների հետևում նման քննարկումներ են գնում։ Թուրքիայի հետ առևտուրն առավել են գերադասում, քան ազգային արժանապատվություն ու արժեքները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս