Բաժիններ՝

Արգենտինան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ֆոլքլենդյան կղզիների մոտ աշխատող նավթային ընկերությունների նկատմամբ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սրել է Մեծ Բրիտանիայի հետ լարվածությունը Ֆոլկլենդյան կղզիների շուրջ՝ զգուշացնելով, որ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նավթ են շահագործում բրիտանական անդրծովյան տարածքի մոտ, որին հավակնում է նաև Բուենոս Այրեսը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ազգին ուղղված ուղերձում Միլեյը նշել է, որ «փոփոխության քամիները» նպաստում են կղզիների նկատմամբ Արգենտինայի հավակնություններին։ BBC-ն նշում է, որ սրա համար առիթ են դարձել ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր չեզոքության դիրքորոշումն այս հարցում։

Միլեյը պատժամիջոցների իր ծրագրի մասին հայտարարելիս շեշտել է, որ Ֆոլկլենդյան կղզիները «պատմականորեն և իրավականորեն» արգենտինական են։

Նա նշել է, որ «Ծովառյուծ» նավթահանքը, որտեղ բրիտանական և իսրայելական ընկերությունները պետք է սկսեն հետախուզական աշխատանքներ, «հստակ և առկա վտանգ» է։ Կղզիներից մոտ 130 մղոն հեռավորության վրա գտնվող «Ծովառյուծ» նավթահանքը պարունակում է մոտավորապես 1,7 միլիարդ բարել նավթ։

«Եթե մենք մի քանի ամսվա ընթացքում արագ չգործենք, նրանք կունենան մեր ծովի հատակում գտնվող նավթին հասանելիություն ստանալու նյութական հնարավորություններ, ինչը նախկինում երբեք չի եղել», – ասել է Միլեյը։

Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմից ավելի քան 40 տարի անց Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող կղզեխմբի ինքնիշխանությունը շարունակում է վիճարկվել Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կողմից։

2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։

Միլեյը նաև հայտարարել է Արգենտինայի հարավում գտնվող Տիեռա դել-Ֆուգոյում ռազմածովային բազա հիմնելու ծրագրերի մասին՝ ասելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ն «գնահատում են իրենց պատմական դիրքորոշումը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ», որոնք Արգենտինան անվանում է Մալվինյան կղզիներ։

Արգենտինական ուժերը 1982 թվականին ափ էին իջել Ֆոլկլենդյան կղզիներում՝ տարածքային պահանջ ներկայացնելու համար, ինչը հանգեցրեց 74-օրյա պատերազմի, որի արդյունքում բրիտանական ռազմական օպերատիվ խումբը դուրս մղեց նրանց։ Հակամարտության հետևանքով զոհվել է 255 բրիտանացի զինծառայող, երեք կղզեբնակ և 649 արգենտինացի զինծառայող։

Արգենտինայի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում տոնեցին Անգլիայի նկատմամբ իրենց հաղթանակը՝ ցուցադրելով պաստառ, որի վրա գրված էր «Մալվինյան կղզիներն արգենտինական են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930