Ինչի՞ց է զգուշանում Կենտրոնական բանկը
Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում էապես թուլացել է, տասներկուամսյա հատվածում նույնիսկ գնանկում է արձանագրվել, բայց Կենտրոնական բանկը զգուշանում է ավելի մեծ քայլերով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին անգամ ԿԲ-ն կրկին 0,25 տոկոսային կետով քայլ կատարեց և 9,5-ից՝ տոկոսադրույքը դարձրեց 9,25 տոկոս։
Նախորդ շրջանում էլ, չնայած գնաճը բարձր չէր, Կենտրոնական բանկն ակտիվություն չէր դրսևորում տոկոսադրույքը նվազեցնելու տեմպի առումով։
Ճիշտ է, վերջին շրջանում պարբերաբար գնում է դրան, թուլացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները, բայց զգուշանում Է դա անել ավելի մեծ քայլերով։
2020թ. հետո, երբ գնաճային ճնշումները սկսեցին ակտիվանալ, ԿԲ-ն տոկոսադրույքը բարձրացրեց ավելի քան 6 կետով՝ հասցնելով 10,75 տոկոսի, ինչը վերջին տարիների համար աննախադեպ բարձր դիրք էր։ Միայն այս տարվա հունիսին Կենտրոնական բանկը որոշեց այն մի փոքր՝ 0,25 կետով նվազեցնել։
Դրան հաջորդող շրջանում ևս 4 անգամ տոկոսադրույքը վերանայվեց և նվազեցվեց։ Բայց ընդհանուր առմամբ՝ ընդամենը 1,5 տոկոսային կետ։
Դրանից հետո էլ տոկոսադրույքը շարունակում է մնալ բավականաչափ բարձր, չնայած այս ընթացքում արձանագրվող գնաճը Հայաստանում մեծապես նվազել է։
Դատելով Կենտրոնական բանկի գնահատականներից՝ առաջիկայում արտաքին հատվածից էական ճնշումներ չեն սպասվում։ Ընդհակառակը՝ այստեղից ազդեցությունները նույնիսկ գնանկումային են գնահատվում։
«Չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել: Դա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ: Նման իրավիճակում գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն հարաբերականորեն զսպող դրամավարկային պայմանները:
Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,- վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին արձանագրության մեջ նման կարծիք է հայտնել Կենտրոնական բանկի խորհուրդը։
Ներքին միջավայրում ևս գնաճային ճնշման էական ռիսկեր արտաքուստ կարծես չկան։ Ավելին՝ մի շարք ուղղություններով ճնշումը գնաճի վրա թուլացել է։
Խոսքը, մասնավորապես՝ աշխատավարձերի շուկայից եկած ազդեցությունների մասին է։
Աշխատավարձերի աճի տեմպը սկսել է թուլանալ՝ նվազեցնելով նաև այդ հատվածից եկած ճնշումը։
Այս ամենի արդյունքում Հայաստանում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը։ Ու չնայած դրան՝ Կենտրոնական բանկը զգուշանում է ավելի մեծ տեմպով նվազեցնել տոկոսադրույքը, թեև թվում է, թե դրա համար բոլոր նպաստավոր պայմաններն առկա են և մտահոգվելու առիթ չկա։
Մասնավորապես, նոյեմբերին 12-ամսյա հատվածում գնանկում է արձանագրվել. նախորդ տարվա նոյեմբերի համեմատ այն կազմել է 0,5 տոկոս։
Այս իրավիճակում ենթադրվում է, որ տոկոսադրույքի նվազեցման ավելի մեծ քայլ պիտի կատարվեր։ Հատկապես որ, տոկոսադրույքը շարունակում է բավական բարձր մնալ և խոչընդոտներ ստեղծել տնտեսության զարգացումների համար։ Բայց ԿԲ-ն կրկին բավարարվեց նվազագույն քայլով, ինչը նշանակում է, որ վերջինս այնուհանդերձ որոշակի անհանգստություններ ու մտավախություններ ունի գնաճի հետ կապված։
Ինչի՞ց կարող են լինել այդ անհանգստությունները։
Կապված Արցախից տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցների հարկադրված տեղափոխման և Հայաստանում հաստատվելու հետ, ներքին շուկայում ավելացել է սպառողական պահանջարկը։ Դա տեսնում ենք առաջին հերթին՝ մանրածախ առևտրի շրջանառություններում։
Հոկտեմբերին մանրածախ առևտրի աճը գերազանցեց նույնիսկ 17 տոկոսը։
Նախորդ որևէ ամսում մանրածախ առևտրի այդպիսի ակտիվություն չէր գրանցվել։ Այն կապված էր հիմնականում Արցախից տեղափոխված մեր հազարավոր հայրենակիցների կողմից ներկայացված պահանջարկի հետ։
Սա համեմատաբար ավելի թույլ դրսևորումներով կշարունակի պահպանվել նաև առաջիկայում։
Ներքին սպառման շուկայում պահանջարկի ավելացումը կարող է մեծացնել գնաճային ճնշումը։
Հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գուցե ոչ շատ մեծ, այնուհանդերձ որոշակի գնաճ նկատվեց։
Բայց խնդիրը միայն դա չէ։ Վերջին շրջանում ի հայտ են եկել նաև այլ գործոններ, որոնք ավելացրել են գնաճային ռիսկերը։
Մեծացել է ճնշումն արժութային շուկայում։ Սպասվում է, որ առաջիկայում դրամը շարունակելու է թուլանալ։
Այդպես մտածելու համար բավական լուրջ հիմքեր կան։ Կրճատվում են արտաքին ֆինանսական հոսքերը, որոնց ազդեցությունն արդեն նկատվում է արժութային շուկայում։ Այն, որ դրամը հոկտեմբերի կտրուկ արժեզրկումից հետո հաստատվեց շատ ավելի բարձր դիրքում, քան մինչ այդ էր, նաև դրա հետևանք է։
Տարադրամային հոսքերը, որոնք վերջին մեկուկես տարում դարձան դրամի ամրապնդման հիմնական գործոններից մեկը, թուլանում են։ Թուլանում է նաև դրամը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում այս միտումը, մեծ հավանականությամբ, պահպանվելու է՝ ռիսկերը գնաճի վրա այդ հատվածից մեծանալու են։ Հայտնի է, թե փոխարժեքները Հայաստանում ինչպիսի էական ազդեցություն են թողնում գնաճի և, հատկապես, ներմուծվող ապրանքների գների վրա։ Ու եթե դրամի թուլացումը շարունակվեց, որքան էլ Կենտրոնական բանկը լիահույս է, որ արտաքին հատվածից առկա են թույլ գնանկումային սպասումներ, այդ սպասումները կարճ ժամանակում կարող են պարզապես հօդս ցնդել։
Արտաքին ֆինանսական հոսքերի թուլացման ազդեցությունը տեսնում ենք նաև Կենտրոնական բանկի արտաքին պահուստների վրա, որոնք վերջին մի քանի ամիսներին էապես կրճատվել են. երեք ամսում՝ 584 մլն դոլարով։ Նոյեմբերի վերջին դրանք եղել են 3,6 մլրդ դոլարի շրջակայքում։ Այդ մակարդակով ԿԲ արտաքին պահուստները շատ չեն տարբերվում նախորդ տարվա այս շրջանի ցուցանիշից։
Այսպիսի դրսևորումների պայմաններում, չնայած գնաճն այս ընթացքում բավականաչափ ցածր է, այնուհանդերձ ակտիվացման ուղղությամբ, ըստ ամենայնի, մտահոգությունները պահպանվում են։ Այլապես, տրամաբանություն չկա, երբ գնանկման պայմաններում ԿԲ-ն նման փոքր քայլերով է նվազեցնում տոկոսադրույքը, որն առանց այն էլ շատ բարձր դիրքում է գտնվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ