«Հայաքվեին» դեմ քվեարկելով՝ իշխանությունն ընդունում է Արևմտյան Ադրբեջանի գաղափարը. Արմեն Մանվելյան
Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն ասաց, որ «Հայաքվեի» միջոցով շատ կարճ ժամանակում կարողացել են ստանալ 58 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություն, որը ցույց է տալիս, որ Հայաստանում փորձ է արվել ժողովրդավարության միջոցով տալ ժողովրդի ուղղակիորեն կամարտահայտության սկզբունքը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ այս լսումներն անցկացվեն ոչ միայն ընդդիմության ուժերի միջոցով, այլ լինի գործող քաղաքական մեծամասնության և «Հայաքվեի» նախաձեռնող խմբի միջոցով։ Եթե մենք սա չենք կատարում, հակառակը՝ նշանակում է բռնություն ժողովրդի կամքի նկատմամբ։ Եկեք գնահատենք, որ այդ բռնությունը սկսվել է հենց այն օրից, երբ «Հայաքվե» նախաձեռնությունն ի հայտ է եկել՝ արգելելով մեզ գործել, չտալով մեզ տեղեր, խանգարել։ Այս բռնությունը ժողովրդի կամքի նկատմամբ շարունակվում է մինչ օրս։ Մենք դիմել ենք 4 տասնյակ ՔՊ-ական պատգամավորների, ընդամենը մեկ հոգի է արձագանքել և համաձայնել հանդիպել մեզ հետ։ Սա նշանակում է՝ արհամարհանք ժողովրդի կամքի նկատմամբ։ Իսկ Հայաստանը փորձում է իրեն դրսևորել ինչ-որ ժողովրդավարության փարոս»,- իր խոսքում ասաց Արմեն Մանվելյանը։
Նրա բնորոշմամբ, այս ամենն ուղերձ է նաև արևմտյան գործընկերներին, որ Հայաստանում ժողովրդավարությունը վաղուց խախտված է, այն այլևս չի գործում։ Սա ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը, ցավոք, Հայաստանում արդեն վաղուց կեղծ նարատիվ է։
«Առանց անվտանգության՝ Հայաստանը չի կարող գոյատևել, իսկ Հայաստանի ողջ ճարտարապետությունը, եկեք խոստովանենք, որ վերջին տարիներին ամբողջովին ոչնչացվել է։ Միակ հույսը մնում է «Հայաքվեով» Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, չի լինի մի իրավիճակ, երբ Հայաստանը կհրաժարվի Արցախից։
Նույնիսկ այս պայմաններում, երբ Արցախն ամբողջովին օկուպացված է, Ադրբեջանն առաջ է քաշում նոր գաղափար, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը։ Մենք պետք է մեկ հստակ ուղերձ հղենք մեր բնակիչներին, քաղաքական մեծամասնությանը, բոլոր ուժերին, որ ուժի պարտադրանքին պետք է դիմակայել իրավունքի պարտադրանքով։ Քաղաքական մեծամասնությունը, երբ հրաժարվում է Արցախի հիմնախնդրից, այդ թվում՝ նաև «Հայաքվեին» դեմ քվեարկելով, ուզի թե չուզի, կարծես թե ընդունում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը»,- շեշտեց Արմեն Մանվելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում