«Ադրբեջանի նպատակը Հայաստանին էներգետիկ առումով կախվածության մեջ գցելն է. չգիտեմ՝ իշխանությունն ինչի վրա է ոգևորվել». Արմեն Մանվելյան
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ դիտարկում է՝ ինչպես Վրաստանի ու Իրանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը։ Այսօր Բիշքեկում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ խաղաղությունն ավելի կամրապնդվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների հաստատմամբ։
«Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են՝ որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ։
Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։
Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, խոսելով էներգետիկ ոլորտում Հայաստան-Ադրբեջան հնարավոր համագործակցության և դրա հետևանքների մասին, ասաց, որ զուտ տնտեսական առումով Հայաստանը կարիք չունի Ադրբեջանի հետ համագործակցության, քանի որ Հայաստանն ունի ավելցուկ։
«Հայաստանը պետք է նպատակաուղղված այս ավելցուկն արտահանի այլ երկրներ։ Ադրբեջանը ևս էլեկտրաէներգիա արտադրող է, հետևաբար՝ այս համագործակցության փոխադարձ տնտեսական շահավետություն չկա։ Այլ բան է, որ Ադրբեջանը, բացի, այսպես կոչված, էներգետիկ համագործակցությունից, Մեծամորի ատոմակայանի փակման պահանջներ է դնում, որի մասին բառացիորեն երկու շաբաթ առաջ է ասել։ Եթե այսպես լինի, բնականաբար, Հայաստանը կախվածության մեջ է հայտնվելու և ստիպված է լինելու էլեկտրաէներգիա ներկրել ինչ-որ մի երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից։
Թվում է, թե սա սովորական համագործակցություն է և լավ բան, բայց իրականության մեջ այն որոշակի սպառնալիքներ պարունակող քաղաքականություն է, քանի որ Ադրբեջանը չի թաքցնում իր պահանջը՝ փակել ատոմակայանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մանվելյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի սցենարն այն է, որ ատոմակայանը փակվի, և էներգետիկ առումով Հայաստանը կախման մեջ հայտնվի իրենից։
«Կրկնում եմ՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանին էներգետիկ առումով կախվածության մեջ գցելն է, ես չգիտեմ՝ իշխանությունն ինչի վրա է ոգևորվել։ Լսեցի, որ հայտարարել են, թե իբր Հայաստանում նոր տվյալների կենտրոններ են բացել և լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք կա. սա բացարձակապես սուտ է։ Հայաստանն ունի լրացուցիչ հզորություններ էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնելու համար. նույն Հրազդան քաղաքում այս պահին կա չգործող ջերմակայան, որը կարող են արագ գործարկել, եթե զգան՝ լրացուցիչ էներգիայի կարիք ունենք, ոչ թե ներմուծեն Ադրբեջանից կամ այլ երկրից»,- հավելեց փորձագետը։
Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ ցանկացած պնդում, թե Հայաստանում տվյալների կենտրոններ են բացվելու և դրա համար լրացուցիչ էներգիա է անհրաժեշտ, բացարձակ կեղծիք է, որովհետև Հայաստանը կարող է շատ ավելի էներգիա արտադրել, քան այսօր արտադրում է։
«Կան ջերմակայաններ, մնում է գազի հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերել, եթե, իհարկե, նորմալ բանակցողներ լինեն, այլ ոչ թե սրանք, ինչից հետո համակարգը կարող է շատ հստակ աշխատել։
Այստեղ երկու խնդիր կա՝ Ադրբեջանը Հայաստանին այս համագործակցությունը պարտադրում է, քանի որ ցանկանում է, որ Հայաստանը հայտնվի էներգետիկ կախվածության մեջ։ Երկրորդ՝ սա Հայաստանի այսօրվա ղեկավարի փիառ քաղաքականությունն է, որ այդ կախվածությունը ներկայացնի՝ որպես խաղաղության գնացող գործընթաց, ինչն այդպես չէ։
Ադրբեջանական կախվածության այդ ստի կարիքն իշխանությունն ունի. ուզում է ցույց տալ, որ դրական բան է անում՝ սկսելով մի բնագավառից, որը գոնե մինչև իրենց իշխանության գալն ամենալավ աշխատող բնագավառն էր»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։

